29 Մայիս 2013, 15:49
281 |

Չպարտադրված կարմիր խնձորները

Նրա նկարների կերպարներն ապրում են մեր կողքին, այնպիսին են, ինչպիսին ինքը` երիտասարդ նկարչուհի Աննա Մարտիրոսյանը (Ատուտա): Արվեստի մասին հետաքրքիր պատկերացումներ ունեցող, աշխարհը առավելապես դրական ընկալող, սակայն նկարներում նույն աշխարհը որպես քաոս պատկերող, քննադատ, բայց անսպառ մարդասեր նկարչուհին պատմում է իր` թվով երկրորդ «Կարմիր խնձոր» ցուցահանդես-վաճառքի մասին:

Նման վերնագրով ցուցահանդես ունենալու միտքը բողոքի՞, քննադատությա՞ն, թե՞ կարծրատիպերը կոտրելու փորձ էր:
Պարզապես կարծում եմ, որ թեման շատ արդիական է: Ես չեմ փորձել կոտրել կարծրատիպերը կամ արդարացնել այս երևույթը: Միակ ասելիքս այն է, որ «կարմիր խնձորի» գաղափարը պետք է մնա զույգի ընտանեկան խնդիրների սահմաններում և չբարձրաձայնվի: Իմ նկարներում դժվար թե հանդիպեք քննադատության:

Ինչպե՞ս ծնվեց շարքի անդրանիկ նկարը:
Առաջին նկարը ուղղակի անհատական, ինձ համար արված մի բան էր: Հետո ծնվեց միտք նկարել «կարմիր խնձորի» թեմայով շարք: Անգամ մտածել էի շարքի վերնագիրը «Կանաչ տանձ» դնել: Ու թերևս հիմնականում շարքի գրավիչ անվանումն է դրդել մարդկանց գալ և տեսնել իմ նկարները:

Իսկ քննադատություններ եղա՞ն:
Այո´, ասացին, որ հավանաբար հոգեկան խանգարումներ ունեմ, որ դեմ եմ «կարմիր խնձոր» գաղափարին: Բայց նրանք հեռու են իրականությունից: Նաև ասում էին, որ թեման ճիշտ է ընտրված, այն ակտուալ է, հետաքրքրվում էին նկարելու տեխնիկայով: Շատերն ասացին, որ թեման տեղային է, այլազգիները չեն հասկանա «Կարմիր խնձորը»: Արձագանքները տարբեր էին:

Ի՞նչ եք կարծում, ցուցահանդեսից հետո գոնե մի փոքր կփոխվի արդյոք վերաբերմունքը երևույթին:
Ինձ թվում է՝ ով արդեն այլ կարծիքի էր, ավելի կոգևորվի այս ցուցահանդեսով, սակայն կան մարդիկ, որոնց աշխարհայացքը փոխելը պարզապես անհնար է:

Կա արդյո՞ք որևէ ընդհանրություն այս և առաջին' «Անտիպորտրետ» շարքի միջև:
Առաջին շարքս քննադատական բնույթ ուներ: Ներկայացված իննը նկարներում կենդանիներ էին' հետևի ռակուրսից: Անտիպորտրետի հերոսներից են ճանճը, ընձուղտը, գետաձին, փիղը, իսկ շարքը եզրափակվում է կնոջ «անտիպորտրետով»: Կինն այն մեկն է, որ խախտել է պորտրետ ասվածը արվեստում, մեկը, որ սիրում է խախտումներ: Համոզված եմ, որ եթե կարմիր խնձորների հանդիպակաց պատին կախեի «Անտիպորտրետը», իրար հետ շատ խոսուն կլինեին այս երկու շարքերը, քանի որ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է:

Ասում են՝ նկարիչը ցուցահանդեսից ցուցահանդես է աճում:
Եթե չներկայացվի արվեստը, չեն հնչի նաև դրական կամ բացասական կարծիքներ, հետևաբար, չես աճի, չես իմանա, թե ինչն է պետք փոխել: Ինձ հաճելի է լսել առողջ քննադատություն: Բացի այդ, ցուցահանդեսներով են մարդիկ ճանաչում նկարչին:

Ու՞ր են գնում քո նկարները ցուցահանդեսից հետո:
Ուրիշ ցուցահանդեսների կամ վաճառքի: Սիրում եմ, երբ նկարներիցս որևէ մեկը հայտնվում է ուրիշի տանը:

Ե՞րբ և ինչպե՞ս հասկացար, որ նկարչուհի լինելը քո կոչումն է:
Սկսել եմ նկարել տասներեք տարեկանից: Ինձ միշտ հետաքրքրել է նկարչությունը, բայց երբ առաջին անգամ փորձեցի նկարել, չստացվեց: Նկարչական խմբում սկզբում ամենթույլն էի, հետո դարձա ամենաուժեղը: Դա առաջին հերթին պայմանավորված էր իմ մեծ ձգտումով: Մեզնից յուրաքանչյուրն ունի շնորհք, կարող է նկարել, բայց կարևոր է ունենալ նաև ասելիք: Անշնորհք մարդիկ չկան, պարզապես շատերը չեն բացահայտում իրենք իրենց: Մասնագիտությամբ ես կինոնկարիչ, բեմանկարիչ եմ, բայց առաջին հերթին ինձ համարում եմ գեղանկարիչ:

Ինչպիսի՞ բնորոշում կարելի է տալ քո ոճին:
Ավելի շատ պոստ-մոդեռնիստական, կոնցեպտուալ, որոշ չափով պոպ: Ցանկալի է, որ նկարիչը իմանա դասական դպրոցի կանոնները, բայց դա, կարծում եմ, պարտադիր չէ: Չեմ կարող հստակ բնորոշում տալ իմ ոճին, որովհետև չեմ կառչում որևէ ոճից: Ես անում եմ հակառակը. իմ նկարներն եմ ոճ դարձնում:

Կա՞ այնպիսի նկարիչ, որից ներշնչվել ես:
Հավանաբար, ոչ: Գործերս ինչ-որ մեկի գործերին չեմ էլ նմանեցնում: Սխալ է փորձել նմանվել ինչ-որ նկարչի: Իհարկե, տարիք կա, երբ ազդեցության տակ ես ընկնում: Օրինակ, ժամանակին նկարում էի Երվանդ Քոչարի ոճով, նրա արվեստով էի ոգեշնչվում: Հիմա արդեն փորձում եմ գտնել իմը, թեև չի բացառվում, որ ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չգտնեմ: Սակայն եթե կա գաղափար, կա նաև ներշնչանք: Այսինքն' չիմանալ' ինչ նկարել, սխալ է, քանի որ առաջին հերթին պետք է լինի գաղափարը, միտքը:

Նկարներումդ գերիշխողը քաո՞սն է, թե՞ ներդաշնակությունը:
Քաոսը: Իմ նկարները գեղեցիկ չեն, չեմ սիրում նկարել գեղեցիկը, որովհետև արվեստն է գեղեցիկ, ոչ թե գեղեցիկն է արվեստ: Ո՞վ է ասել, որ արվեստը պետք է գեղեցիկ լինի. չէ՞որ գեղեցկությունը հարաբերական է: Ներդաշնակություն չեմ սիրում, ինձ համար այն ձանձրալի է: Սիրում եմ «քաոսային ուրախություն»:

Երբևէ եղե՞լ է ստեղծագործական ապատիկ շրջան:
Օրինակ, հիմա ես չգիտեմ' ինչ եմ նկարելու: Բայց գիտեմ, որ պետք է մի այնպիսի բան նկարել, որ նախկին երկու շարքերից տարբերվի և ավելի լավը լինի: Հակառակ դեպքում անիմաստ է նկարել:

Աննա Հայկի Մարտիրոսյան
2009-ին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը նկարիչ Արա Հովսեփյանի խումբը:
2013-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը' գեղանկարչություն (կինոնկարչություն) բաժինը:
Մասնակցել է երիտասարդական մի շարք ցուցահանդեսների:
Ունեցել է երկու անհատական ցուցահանդես:

Այս թեմայով