20 Մայիս 2013, 16:11
4094 |

Բակային որմնանկարներ

Դրանք միայն տեղանքում կողմնորոշվելու համար չեն, և ոչ էլ փողոցից բակ տանող սովորական միջանցք են: Երևանյան շենքերի կամարները քաղաքի ճարտարապետության անբաժան ու բնորոշ գիծն են: Եվ եթե առաջ դրանց միջով անցնելիս պատերին կարելի էր տեսնել միայն «Մարիամ + Վաչո = սեր» ոճի բաներ, ապա հիմա յուրաքանչյուր կամար ինքնատիպ ու վառ պատկերասրահ է: Մի քանիսի պատերին տեսարաններ են հեռավոր քաղաքներից, օվկիանոսներ, նավեր ու նույնիսկ` կեչու պուրակներ: Բայց սրանից կամարները Երևանին օտար չեն դառնում: Պատին արված յուրաքանչյուր նկարի տակ հեղինակների՝ Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանի ուսանողների անուններն են:

Սեյրան Մեջանյան
Ամենահետաքրքիրն այս նկարում օջախի մոտ նստած մարդն է: Կոմպոզիցիան ինքն էր կանոնները թելադրում: Սկզբում անկեղծորեն կարծում էինք, որ Վիլյամ Սարոյանին ենք նկարում: Բայց արդյունքում ասես հրաշք տեղի ունեցավ, պարզվեց' Շերլոկ Հոլմսն է: Ա՛յ քեզ խորհրդավոր պատմություն:
Արմինե Նահապետյան
Մինչև կամարները մենք արդեն նկարել էինք շենքերի պատերի վրա, բայց այս ծավալի աշխատանք երբևէ չէինք ունեցել: Սա շատ նոր էր ու հետաքրքիր. չէ՞ որ պատը կտավ չէ: Այստեղ այլ կանոններ են, և պետք է անել այնպես, որ նկարները և՛ փողոցից, և՛ բակից լավ նայվեն:


Վիկտորյա Շահբազյան
Այնքան հիանալի զգացողություն եմ ունենում հիմա, երբ անցնում եմ մեր նկարազարդած կամարներով: Զգում ես, որ այս անցումը քոնն է, քանի որ անմիջականորեն կապված է հետդ: Տարիներ կանցնեն, իսկ կամարները կմնան: Նրանք երևանյան կյանքի մի մասն են, նկարողներն էլ մենք ենք:
Տարոն Շահինյան
Ամենակարևորը' մեծաթիվ ծանոթություններ ձեռք բերեցին: Որոշ երևանյան նկարիչներ նվիրում էին մեզ իրենց ալբոմները, հրավիրում արվեստանոց: Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանն էլ մեզ մի քանի կոնֆետ տվեց: Մինչև հիմա դրանք պահում ենք՝ հիշատակ է:

Դավիթ Անտոնյան
Որոշ էսքիզներ պատահաբար էին առաջանում՝ ավտոբուսների, երթուղայինների մեջ, հաստատման համար քաղաքապետարան ներկայացնելու նախորդ գիշերը: Հիմա եմ հասկանում, թե ինչու են այդ կամարները մեզ համար այդքան թանկ. դրանք պարզապես նկարներ չեն, յուրաքանչյուրի հետևում մի ամբողջ պատմություն կա :
Անի Գևորգյան
Շատ հետաքրքիր էր բակի բնակիչների արձագանքը մեր աշխատանքին: Սկզբում մի տատիկ խոստացավ ձմեռվա իր բոլոր պահածոները բերել ու փշրել պատին, որ գեղանկարները ջնջի: Բայց աշխատանքի առաջ ընթանալուն զուգահեռ մեր կողմակիցներն ավելի ու ավելի շատացան: Ոմանք մեզ նույնիսկ կերակրում էին՝ բրդուճներ, շոկոլադ, ջրով շշեր էին բերում: Ինձ թվում է՝ ամեն անգամ բակ մտնելիս մեզ են հիշում:


Նարեկ Ծերունյան
Տների բնակիչները, որոնց մոտ աշխատում էինք, շատ էին ուզում անմիջական մասնակցություն ունենալ մեր գործին: Մեկ ուզում էին, որ իրենց էլ նկարենք, մեկ ինչ-որ կոնկրետ բան խնդրում, որ պատկերենք: Մի տեղ գլխարկներ էինք նկարում: Հարևան մուտքից մի պապիկ խնդրեց, որ դրանց տակը ոմն Էլմիրայի անունը գրենք. Էլմիրան գլխարկների ահռելի հավաքածու ունեցող նրա զառամյալ հարևանուհին էր: Մենք այդպես էլ արեցինք: Այնպես որ հիմա այնտեղ, բացի մեր ստորագրություններից, նաև Էլմիրայի անունն է:
Լենա Բաղրամյան
Երևանում դեռ մնացել է մոտ քառասուն «դատարկ» կամար, բայց դրանք արդեն մենք չենք պատկերազարդի. վերջին կուրսի ուսանողներ ենք՝ աղջիկները դիպլոմայիններով են զբաղված, տղաները շուտով բանակ են գնալու: Մենք արդեն շատ բան ենք հասցրել անել, այնպես որ հերթափոխն ընդունողներին հետաքրքիր գործ բաժին կընկնի:


Նարեկ Ալեքյան
Հիմնականում հինգ հոգանոց խմբերով էինք աշխատում: Շատ մտերմացանք այդ ընթացքում: Եվ ընդհանրապես՝ լավ վարժություն էր. թիմային աշխատանք սովորեցինք: Արդյունքում սկսեցինք ստանալ մեծ քանակով պատվերներ: Ճիշտն ասած՝ կամարներից հետո դրանք բավականին հեշտ են թվում: Հոյակապ պրակտիկա ունեցանք:
Էլիզա Մալխասյան
Այդ կամարը գտնվում է Բրիտանիայի դեսպանատան մոտ, այնպես որ որոշեցինք պատերին լոնդոնյան տեսարաններ պատկերել: Երբ նկարում էինք, մեզ ասացին, որ դեսպանը գալու է մեր աշխատանքը նայելու: Դա ստիպեց մեզ կրկնապատկել ջանքերը. չի կարելի չէ՞ լոնդոնցիների առջև ամոթով մնալ: Արդյունքում կամարը բրիտանական տեսք ստացավ:

«Ереван» ամսագիր, N11(80), 2012

Այս թեմայով