19 Մայիս 2013, 21:06
501 |

Տեսար՝ ինչ եղավ

Ծրագիրը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո Երևանի 33 թանգարաններում նախատեսված բազմազան միջոցառումներից «պեղել էի» առավել հետաքրքիր տասնյակը:

Թեև Թանգարանների գիշերը սկսվում էր ժամը 18:00-ից, ինձ համար այն ավելի վաղ մեկնարկեց, չէ որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը միջոցառումներ էր նախատեսել ամբողջ օրվա համար։ Չնայած արագ կողմնորոշվելուն՝ Փոփ պաստառի ստեղծմանը մասնակցել, միևնույն է, չհասցրեցի, սփոփվեցի նույն օրը բացված «Փոփ հաղորդակցում» ցուցահանդեսին մասնակցելով: Իհարկե, իմ սիրելի Էնդի Ուորհոլի կամ Ռոյ Լիխտենշտեյնի նշանավոր կտավները կազմ-պատրաստ չէին սպասում ինձ, դա արդեն չափից ավելի մեծ նվեր կլիներ: Փոխարենը զննեցի 1970-ականների ամերիկյան ու բրիտանական հեղինակների աշխատանքներ, որոնք, ինչ խոսք, մեծապես ազդվել էին փոփ-արտի գուռուներից: Ի դեպ, առաջին հարկի ցուցասրահի նոր բնակիչները՝ Դեյլ Չիհուլիի հերթական ապակե աշխատանքները միանգամայն համահունչ էին փոփ-արտի ավանդույթին: Չմոռանամ ասել, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոն շուտ գնալու պատճառներից մեկն էլ մարդկանց անդադար հոսքից խուսափումն էր։ Ես, իհարկե, իրավացի էի․երեկոյան, ինչպես և նախորդ տարիներին, գրոհի ենթարկվեց ժամանակակից արվեստի երևանյան օրրանը:

Կասկադի հարևանությամբ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանն է, բայց ոչ այն Ջոտտոյի, ում համարում են իտալական վաղ Վերածնունդի հիմնասյուներից մեկը, և ում աշխատանքներով հետագայում ոգեշնչվելու էին Դա Վինչին, Միքելանջելոն ու Ռաֆայելը: Խոսքը թիֆլիսահայ գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի մասին է՝ նույն կեղծանվամբ: Թանգարանի առաջին հարկում պետք է բացվեր Նինա Աղավելյանի ցուցահանդեսը, ում մասին երբևէ առիթ չէի ունեցել լսելու։ Ու քանի որ ի պաշտոնե պարտավոր եմ տեղյակ լինել բոլորից-բոլորից, որոշեցի նրա ով լինելն ու Ջոտտոյի հետ կապը պարզել հենց տեղում։ Տնօրեն Մարտին Միքայելյանը պատմեց․ «Ջոտտոն քաղաքային նկարիչ է, նույն ավանդույթը ես տեսա Նինա Աղավելյանի աշխատանքներում՝ մեկ տարի առաջ Նկարիչների միությունում բացված նրա անհատական ցուցահանդեսի ժամանակ: Նինան կրթություն չի ստացել, բայց ես նրան պրոֆեսիոնալ նկարչուհի եմ համարում և նրա կտավներում շատ առնչություններ տեսնում մոդեռն ոճի նկարիչ Գյուստավ Կլիմտի աշխատանքների հետ»։ Միքայելյանը, ինչ խոսք, գովեստի խոսքեր շռայլեց, անձամբ ես նման վերամբարձ համեմատություն չէի անի: Ինչևէ, ում հետաքրքրեց հայազգի Կլիմտը, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող է այցելել Ջոտտոյի թանգարան: Անտեղյակների համար․ լավ կլիներ ծանոթանալ հենց իր՝ Ջոտտոյի կտավներին. որքան թանգարանի վայրն է թաքնված բակերի լաբիրինթոսում, այնքան էլ նրա արվեստը՝ մեզնից:

Հաջորդ «կայանը» Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն էր, որտեղ նախատեսված միջոցառումների առատության մեջ մեկը հատկապես կարևոր էր: Մարտին Մոսկվայում մասնավոր հավաքածուների նմուշներով կազմակերպվել էր հայ անվանի նկարիչների «Առասպելների երկրի վարպետները» ցուցահանդեսը, որի շրջանակում Sotheby’s աճուրդի տան գլխավորությամբ տեղի ունեցավ բարեգործական աճուրդ-վաճառք ի նպաստ Մ. Սարյանի տուն-թանգարանի: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց տուն-թանգարանին: Մայիսի 18-ին բացված ցուցահանդեսում ներկայացված էր նաև այն «Դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը», որն աճուրդի ժամանակ «Երևան» ամսագիրը նվիրեց թանգարանին: Սակայն շտապեք այցելել թանգարան դիտելու ոչ միայն այդ ցուցահանդեսը, այլև զննելու ամբողջ թանգարանը, քանի որ այն հունիսի 1-ից փակվելու է հիմնանորոգման, իսկ դա, ինքներդ եք հասկանում, առնվազն 1,5-2 տարի կտևի: Վերանորոգումից հետո թանգարանը կվերազինվի լավագույն տեխնիկայով, ցուցասրահները կթարմացվեն, իսկ ցուցադրությունը բոլորովին նոր մատուցմամբ կներկայացվի:

Սարյանի թանգարանից հետո արժեր մտնել մոտակայքում գտնվող Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, բայց տեսնելով գոյացած հերթը՝ մի տեսակ համարձակությունս չհերիքեց։ Գիտեի, որ հետաքրքիր ծրագիր էր պատրաստել նաև Հարություն Կալենցի տուն-թանգարանը՝ հանդիպում քանդակագործ Ա. Հարությունյանի հետ՝ «Երևանը և ժամանակակից քանդակագործությունը» թեմայով։ Չմասնակցեցի շատ պարզ պատճառով․ այնտեղ հասնելը ժամանակի հսկայական կորուստ կլիներ, ինչը թանգարանների գիշերը ինձ չէի կարող թույլ տալ: Ի պաշտոնե։

Այս տարի հատկապես հետաքրքիր էր այցելել ոչ միայն այն թանգարանները, որտեղ «մեռած» օրերին էլ մի 50-60 այցելու է գալիս, այլև այնտեղ, որտեղ կարծում էի, թե անգամ նման առիթով քչերը կուզենան գնալ: Իմ սպասելիքները, մեղմ ասած, չարդարացան: Սարյան փողոցի՝ դեռևս ծառապատ մայթով զբոսնելով բարձրացա Գիտությունների ակադեմիա, թիրախը՝ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան: Այցելուների քանակն իսկապես ուրախացրեց. գրեթե բոլոր ցուցափեղկերի մոտ մի քանի զույգ հետաքրքրասեր աչքեր վազվզում էին բյուրեղների, տարատեսակ քարերի, պեղածո հնությունների վրայով: Իսկ օրվա «աստղը» սառցադաշտային փիղն էր, պարզ լեզվով՝ մամոնտը, որի մնացորդները 1927-28 թթ. գտնվել են Գյումրիում՝ «Կազաչի պոստ» արվարձանի շրջակայքից: Միանգամից զգացվեց՝ թասիբով մամոնտ էր: Իմացա նաև, որ 1951-ին մերձերևանյան Էյլաս և Ավան ավազահանքերից նրա ազգակիցների մասնիկներ էլ են գտնվել՝ մի քանի սեղանատամ ու ոսկրեր։ 

Ցուցասրահի առանձին հատվածում փոքրերի համար կավով ստեղծագործելու բացառիկ հնարավորություն կար՝ ինչպես սեղանի շուրջ, տարբեր գործիքներով, այնպես էլ դուրգով: Երեխաների ոգևորությանը չափ ու սահման չկար: Նորեն հիշելով բրուտագործության դասընթացների մասին իմ անկատար երազանքը՝ շարժվեցի մյուս սենյակ, որտեղ ինձ էր սպասում Զոդիակի նշաններով կազմված գծագիրը՝ հուշող պահապան քարի մասին: Բոլոր Կշեռքներին՝ մեր քարերը մալախիտն ու ցիտրինն են:

Համաձայն ծրագրի՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ժամը 19:45-ին չինական թեյի հյուրասիրություն էր: Տեղ հասա ճիշտ այդ ժամին, բայց պարզվեց, որ 20:00-ին է սկսվելու: 15 րոպե ուշացումը վատագույնը չէր, ինչ պատահեց այդ օրը, հատկապես որ այդ 15 րոպեները ոչ թե սպասում, այլ հանգստանում էի մեծ գրողի լայնարձակ պատշգամբում՝ երևակայելով, թե քանի-քանի անվանի մարդիկ են այստեղ զրույցի բռնվել մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ, վայելել երեկոյան զովն ու պատշգամբից բացվող վարդաշատ տեսարանը: Ի դեպ՝ վարդերի մասին. ժամանակ չսպանելու համար զրուցի բռնվեցի այգում շրջող ժիր պապիկի հետ: Պարզվեց՝ 45 տարի ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող է եղել, ու արդեն 6-րդ տարին է, ինչ Իսահակյանի տուն-թանգարանի այգեպանն է: Այգեպան… կարծես մանկության գրկում մնացած բառ լինի: «Այստեղ տարբեր բույսեր եմ աճեցնում, թփեր, ծառեր, խաղողի վազեր: Բայց կարևորը բերքը չի, մարդիկ պիտի իրենց լավ զգան այստեղ», - վստահ է նա: Թեյի արարողությունը վերջապես սկսվեց, բայց հասկացա, որ մինչև հասմիկով, պուերով և ուլոնով թեյ վայելեմ, բոլոր տեղերից կուշանամ: Իրավունք չունեի։ Ի պաշտոնե։

Հատկապես, որ աջևում ինձ էր սպասում Ալ. Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաոյի հյուրասիրությունը։ Ճամփին որոշեցի ևս մեկ անգամ փորձել մուտք գործել Թումանյանի տուն-թանգարան, որտեղ «Կենցաղային էվոլյուցիա»՝ Թումանյանի սառնարանները» խորագրով անհայտ ծագման միջոցառում կար: Ինչ խոսք, մարդկանց հերթը մազ անգամ չէր պակասել, մասամբ նաև աստիճանների մեջտեղում գտնվող հարթակի վրա ծավալված արևելյան ուտեստների վաճառքի տաղավարի պատճառով: Մինչև կհասնեի տաղավարին, էլ առնելու բան չմնաց, փոխարենը հետաքրքրվեցի, թե ի՞նչ կապ ունի, օրինակ զեհթերով բլիթը Թումանյանի հետ։ Պարզվեց՝ Ամենայն Հայոց Բանաստեղծը տարված է եղել ոչ միայն արևելյան հեքիաթներով, այլև արևելյան խոհանոցով: Վերջապես ներս մտա, ավաղ, հերթական հիասթափությունն էր դարանակալել։ Միջոցառումը, որը պետք է ավարտվեր 22:00-ին, պարզվեց, արդեն վերջացել է: Տնօրեն Նարինե Խաչատուրյանը սիրով համաձայնեց պատմել: Չտեսա, բայց գոնե իմացա, որ ցուցադրվել էր Թումանյանի սառնարաններից մեկը: Հանելուկների և գլուխկոտրուկների միջոցով հանդիսատեսը պետք է կռահեր, թե ինչ է այն։ Սովորական պահարանից ոչնչով չտարբերվող, կողքերից ցանցապատ ցուցանմուշը Թումանյանի սառնարաններից միայն մեկն էր, մյուսը գտնվում էր հյուրասենյակում. դրսից՝ փայտե, սպիտակ ներկապատ, ներսից՝ ցինկապատ սառնարանում մոտ 10 օր կարելի էր զանազան մթերք պահել: Հաշվի առնելով, որ այն գտնվում էր գլխավոր հյուրասենյակում, ուղղակի վստահ եմ՝ ընտիր խմիչքը միջից անպակաս էր:

Ժամը 20:30-ից Ժամանակակից արվեստի թանգարանում պետք է ելույթ ունենար Alma Sax սաքսոֆոնահարների քառյակը, ուստի շտապեցի այնտեղ՝ հուսալով վայելել համերգի գոնե վերջին երեսուն րոպեն, բայց ապրեցի հերթական հիասթափությունը: Երաժիշտներին արտահերթ ուրիշ տեղ էին հրավիրել ելույթի, թանգարանում նրանք ծրագրվածից քիչ էին մնացել: Արդյունքում ես մի քանի րոպե դիմացա երաժշտական հատուկ դպրոցի սաների ելույթին։ Հանուն արդարության նշեմ, որ ամեն կատարումից հետո հանդիսատեսի թնդացող ծափողջույններին երևի Դոմինգոն էլ կնախանձեր։

Քայլերս ուղղեցի Երվանդ Քոչարի թանգարան, որտեղ նույնպես ունեցա տխրելու առիթ. թանգարանի հարակից տարածքում նախատեսված էր մաեստրոյի մոնումենտալ արձանների վիրտուալ տուր, բայց աշխատակիցները, մտավախություն ունենալով, թե վերջին օրերին Լոնդոն հիշեցնող Երևանում կրկին անձրև կտեղա և կփչացնի տեխնիկան, ցուցադրությունը կազմակերպել էին ցուցասրահներից մեկում: Պրոյեկտորի առջևով շարունակ անցնող այցելուների ստվերները արտապատկերվում էին նաև վիրտուալ ցուցադրության էկրանին։ Ու թեև մոտ 15 րոպե շրջում էի տարածքում, բայց այդպես էլ «Զվարթնոցի արծիվ»-ից բացի ուրիշ ոչինչ չտեսա։

21:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվելու էր «Վրացական «Իվերիա» համայնքի գործունեությունը Հայաստանում» ֆիլմ. չհետաքրքրե՞ց։ Ինձ էլ: Դրա համար էլ չգնացի:

Պրոգրեսիայով աճող հիասթափությունս մեղմելու համար շարժվեցի կազմածս ծրագրի նախավերջին՝ ԱլՍպենդիարյանի տուն-թանգարան՝ կոմպոզիտորի բաղադրատոմսով կակաո խմելու: Միջոցառումը պետք է սկսվեր 22:00-ին, տեղ հասա 22:20. կակաո, իհարկե, չէր մնացել: «7 լիտրից ավելի կաթ էինք առել, էնքա՛ն մարդ էր եկել, 5 րոպեում խմեցին»,- պատմեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ մխիթարելու համար մեկնելով զանազան թխվածքներով լի զամբյուղը: Սպենդիարյանը կակաո շատ էր սիրում և սեփական բաղադրատոմսն էր հնարել, որն էլ թանգարանի աշխատակիցները վերականգնել և արդեն մի քանի տարի կիրառում են Թանգարանների գիշերը այցելուներին հյուրասիրելու համար: Ընկճախտից խուսափելու համար փորձեցի գոնե բաղադրատոմսն ուզել, բայց, իհարկե, մերժում ստացա: Սուս-փուս կերա թխվածքը՝ հայացքս սևեռելով արդեն դատարկված բաժակներին և ատիճանաբար տրամադրվելով գնալ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Հալումաշ ոտքերս ինձ անիծեցին, բայց ես համառորեն բարձրացա Էրեբունի ամրոցի միջնաբերդը, որտեղից բացվում էր գիշերային Երևանի համայնապատկերը՝ ձախից գեղեցիկ լուսավորված Էրեբունի փողոցով, աջից՝ հեռուստատեսային գույնզգույն աշտարակով: Մի պահ նստեցի՝ շունչ քաշելու երեկոյան զովին, պարտաճանաչ «չեքինվեցի»՝ ընկերներիս հետ կիսելով պանորամայի գեղեցկությունը և ինձնից գոհ վերադարձա տուն:

Այցելած թանգարաններում կազմակերպված միջոցառումների ու ստացած տպավորությունների բազմազանությունը, մեղմ ասած, ապշեցուցիչ չէր, համենայն դեպս ինձ համար: Մուտքի հերթում իրար միս ուտող, փողոցներում գոռգոռացող, Էրեբունու միջնաբերդի աստիճաններն ի վեր կյանքի գնով հասցրած արևածաղիկը չրթող զանգվածներին ի տրիտուր՝ ես ուրախ էի, որ երևանցիները դուրս էին եկել իրենց «խցերից», հուսամ՝ մի քիչ էլ առնչվել արվեստին: Իսկ այդ չարաբաստիկ կակաոն ես, միևնույն է, կխմեմ: 

Այս թեմայով