18 Մայիս 2013, 13:52
2535 |

Չեզոք գոտու հիշողությունը

«Չեզոք գոտին» ոչ միայն պատմական փաստերի, դեպքերի ու դեմքերի գեղարվեստական էկրանավորում է, այլ նաև կոչ բոլոր հայորդիներին. մեծ զոհողությունների գնով ազատագրված Արցախը պետք է աչքի լույսի պես պահել, հավերժացնել նահատակների հիշատակը։ Հաղթելն ավելի հեշտ է, քան հաղթանակը պահպանելը։

Ղարաբաղյան հակամարտությունը եզակի անգամներ է էկրանավորվել։ Կինոյի մարդիկ սա պարադոքս են համարում, որը սկզբունքորեն պատասխան չունի, ճիշտ ինչպես «ինչո՞ւ հարուստ չէ հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցանկը» հարցը։ Մարտի դաշտում բացահայտվում են մարդկային էության գաղտնիքները, ինքնագնահատականը կարող է մեկ վայրկյանում հավասարվել զրոյի, իսկ ընկերասիրությամբ չփայլող ընկերդ կարող է հանուն քեզ կյանքն էլ զոհել։ Պատերազմի գնահատականն ամենաճշգրիտն է։

Արցախյան հերոսամարտն ունի հիշողության վավերագրեր, որոնք ոչ մի տեղ գրառված չեն, բայց նույքան արժեքավոր են, որքան պատմության ամրագրված էջերը։ Այդպիսի հուշ-վկայություններից մեկը գեղարվեստական ֆիլմ դառնալու ճանապարհին է։
«Չեզոք գոտին» ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի գեղարվեստական դեբյուտն է։ Նկարահանումները սկսվել են 2012-ի աշնանը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Այգեձոր գյուղերում։

Սցենարի հեղինակ Լուսինե Մանուկյանը մանրամասնում է. «Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Սա վիպագրություն չէ, այլ հոգեբանական իրավիճակների ընթացք, որի զարգացումը կինոդիտողին մշտապես պահում է լարված ու սպասումներով լի։ Հաճախ են ֆիլմեր նկարահանվում, որոնք առաջին պահի ազդեցությունն են միայն ապահովում, հետո հիշողությունից անհետանում են թե՛ հերոսները, թե՛ սյուժեն։ Վստահեցնում եմ' «Չեզոք գոտին» մնայուն ֆիլմ է լինելու, քանի որ ցույց է տալիս մարդկային բարձր արժեհամակարգի շերտերը, սերմանում հայրենասիրություն»։

Ֆիլմի ռեժիսորն առաջնորդվել է մարտաֆիլմ ժանրի առանձնահատկություններով, իսկ հիմքում մարդկային պատմությունն է' հարաբերությունների դրական ու բացասական դրսևորումներով։ «Պատմությունը, ճիշտ է, իրական է, բայց այս դեպքում էականը դա չէ. հորինված, թե իրական' կարևորն ասելիքն է, գաղափարը, որ կյանքի, արյան գնով է ազատագրվել հայրենի հողը, ու այդ ճանապարհին մարդկային հոգիներ են խեղվել, դավաճանություններ եղել։ Այդ համատեքստում մենք արժևորում ենք ընկերասիրությունը, ցույց տալիս, որ մարդկային այդ վեհ հատկանիշն անգին է, դրա շնորհիվ են հերոսները հերոսանում, անձնվեր քայլերի գնում։ Այս ֆիլմում ոչինչ ու ոչ ոք անձնավորված չէ»։

Շատ գաղտնի պատմություններ քողազերծվում են պատերազմից տասնամյակներ անց միայն։ Առեղծվածային դեպքերը, անշուշտ, լոկ առաջին հայացքից են առեղծվածային ։ Այդպիսին է «Չեզոք գոտի» ֆիլմի պատմությունը։ «1994-ին 4 հոգանոց հայկական ջոկատը գնում է հայ գերիներին ազատելու։ Ազատամարտիկներն ու փրկված գերիները չեզոք գոտում անհասկանալի կերպով հայտնվում են շրջափակման մեջ։ Հանդիպում են իրենց ընկերոջը, որը տարածքին լավ ծանոթ լինելով' ուղղորդում է նրանց դեպի սահման։ Կազմակերպված դավադրությունը ստիպում է ազատամարտիկներին անմարդկային դժվարությունների միջով անցնել։ Բայց դավաճանությունը վաղեմության ժամկետ չունի. դավաճանը մի օր անպայման պատժվում է»,- նկատում է ֆիլմի հեղինակ Նվեր Գալստյանը։ Այս պատմության իրական հերոսներն ապրում են մեր կողքին, բայց ֆիլմի հեղինակները նրանց անունները չեն բարձրաձայնում։ Միայն նշում են, որ իրական պատմությունը տեղի է ունեցել Արցախի Ֆիզուլու շրջանի չեզոք գոտում։

«Չեզոք գոտին» մոնտաժվում է. շնորհանդեսը նախատեսված է հունիսի 7-ին։ Մեծ էկրան բարձրանալուց հետո այն կանցնի դրամարկղային ֆիլմի ճանապարհ։ Ֆիլմի ստեղծագործական խմբում ընդգրկված են ինչպես դերասաններ, այնպես էլ «Ադրենալին» կասկադյորական միավորման անդամներ, որոնց շարքերում կան նաև արցախյան պատերազմի մասնակիցներ։ «Չեզոք գոտին» ոչ միայն պատմական փաստերի, դեպքերի ու դեմքերի գեղարվեստական էկրանավորում է, այլ նաև կոչ բոլոր հայորդիներին. մեծ զոհողությունների գնով է ազատագրված Արցախը պետք է աչքի լույսի պես պահել, հավերժացնել նահատակների հիշատակը։ Հաղթելն ավելի հեշտ է, քան հաղթանակը պահպանելը։

Հ.Գ.
1993-ին մարտական գործողությունների ժամանակ Մարտակերտի շրջանի «Եղնիկներ» զորամասից քիչ հեռու թշնամու ուղղաթիռները ռմբակոծել են ու կործանել խիտ անտառի մեջ գտնվող 17-րդ դարի Երից մանկանց վանքի գմբեթի խաչը։

Ազատամարտիկ Շահեն Մեղրյանը երդվել էր խաչը նորից կանգնեցնել իր տեղում, բայց 2 ամիս անց զոհվեց։ Նրա ընկերներից Կարեն Թանգյանը 2012-ի նոյեմբերին խաչ պատրաստել տվեց, որն «Ադրենալին» կասկադյորական միավորման ու «Չղջիկներ» ազատամարտի վետերանների միության տղաները 2013-ի մայիսի 7-ին տեղադրեցին չեզոք գոտում գտնվող Երից մանկանց վանքի գմբեթին։ Տղաները, որ նաև ֆիմի ստեղծագործական խմբի անդամներն են, 3 օր ապրել են չեզոք գոտու խիտ անտառներում' վրաններում։ Այժմ նրանք հանգիստ են. խաչը տեղադրված է, ուխտը' կատարված։

Այս թեմայով