15 Մայիս 2013, 10:53
143 |

Յոժի փշերն էլի ծակծկում են

Իշխանամետ մտավորականը չի կարող ազատ արտահայտել իր կարծիքը, չի կարող անաչառ ու կարծրատիպեր ջարդող լինել, որովհետև հենց ինքն արդեն կարծր է։

Ֆրանսահայ ռեժիսոր-դերասան Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշը» երևանյան հանդիսատեսը չհավանեց։ Բեմադրիչը նախապես էր տեղեկացրել, որ պատրաստ է սվինահարումների. ինքը չի ջանացել գոհացնել բոլորին կամ շոյել հանրության ինքնասիրությունը։ Մերոնք, սակայն, սվիններից էլ հեռու գնացին' մինչև հանրապետության նախագահ։ Մտավորականները բողոք-նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին' արգելել ավեդիքյանական «Անուշի» հայաստանյան ու արտասահմանյան ցուցադրությունները։ Ստորոգրել է 13 մտավորական, որոնք շատ են ափսոսում, որ նամակը հապճեպ է գրվել-ուղարկվել, այլապես ոչ թե 13, այլ 130 մարդ կստորագրեր։

Այլախոհությամբ ու ազատամտությամբ հանրությանը հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը' նույն ինքը' Յոժը, ներկայացումը չի տեսել, բնականաբար, չի էլ պատրաստվում գովել կամ քննադատել այն։ Բայց զավեշտ է համարում մտավորականների' հանրապետության նախագահին դիմելու նախաձեռնությունը։ «90 տարեկան պապս սովետի ժամանակ հենց ջրերը կտրում էին, գոռգոռում էր' թե «Պրավդային» նամակ եմ գրելու։ Հիմա ուզում եմ հիշեցնել մեր մտավորականներին' էս ո՞ր թիվն է, կոմունիստ, կոմսոմոլ չկա էլ։ Ամոթ չի՞ բա. չգիտեմ' Ավեդիքյանն էդ գործը լա՞վ է արել, թե վատ. խոսքը դրա մասին չէ, անգամ եթե շատ վատ է արել, ինչո՞ւ եք նախագահին խառնում էդ գործին։ Նախագահն էլ բան ու գործ չունի՞։ Վերդիի օպերաներն էլ են շատ ձևափոխվել, Շեքսպիրի գործերը միայն «Գլոբուս» թատրոնն է առանց կրճատումների բեմադրել, թե չէ ո՞ւմ դարդն է կտրվել' Շեքսպիրի 6-7 ժամանոց պիեսներն ամբողջությամբ ներկայացնի։ «Համլետի» 15 մեկնաբանություն եմ տեսել' էլ հոմոսեքսուալիստ Համլետ, էլ ազգի դավաճան Համլետ, ի՞նչ, փակե՞լ են «Գլոբուս» թատրոնը։ Իհարկե' ոչ», - ասում է Սերգեյ Դանիելյանը։ Դերասանը հայտարարում է' ինքը խաղում է ինչ ուզում է և ավելի ժողովրդական է, քան նամակը ստորագրող վաստակավոր ու ժողովրդական արտիստները, որովհետև ցանկացած հայ մարդ իրեն շատ լավ է ճանաչում։

«Ի՞նչ է նշանակում' «Անուշո՞վ» են ճանաչելու Հայաստանը, ամոթ է։ Դուք էլ գործ արեք, թող ձեզնով ճանաչեն մեր երկիրը, ինչո՞ւ չեք անում։ Անպայման պիտի «Անուշը» փափախով լինի, տրեխներով ու վրայից թրիքի հո՞տ գա։ Պիտի երկու բարդի նկարած լինի, մեկը' բոյով, մյուսը'կարճ, ու Արարատի ֆոնի՞ն. սա էլ ուրիշ մոտեցում է, չի՞ կարելի։ Որ ասում եք 130 հոգի էլ կստորագրեր էդ նամակը, հավատում եմ, 500-ն էլ կստորագրեին, սաղին մառազմը խփել ա։ Էդ նամակը մեսիջ է' ուղղված բոլոր նրանց, ովքեր արվեստը տեսնում են քառակուսի, ում բորբոքված երևակայության մեջ միտք է հղացել 21-րդ դարում նման հարցով նամակ ուղարկել հանրապետության նախագահին։ Էդ վաստակավոր-ժողովրդական կոչումները սովետի մնացորդներն են, մտածելակերպն էլ սովետից քարշ են տվել, բերել հասցրել մինչև մեր օրերը։ Էդ կոչումների համար ամսական ընդամենը 40 000 դրամ եք ստանում' դեղի փող, բողոքում եք, որ պետությունը ձեզ ուշադրություն չի դարձնում, հիմա եկել եք էդ նույն պետության ղեկավարին նամա՞կ եք գրում»,- ավելացնում է Սերգեյ Դանիելյանը։

Նրա կարծիքով' իշխանամետ մտավորականը չի կարող ազատ արտահայտել իր կարծիքը, չի կարող անաչառ ու կարծրատիպեր ջարդող լինել, որովհետև հենց ինքն արդեն կարծր է։

Այս թեմայով