07 Մայիս 2013, 13:01
3382 |

Չօգտագործված ժապավեններ. Արտավազդ Փելեշյան

Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է:

Մեծ էկրանի վարպետ, մերօրյա դասական Ալեքսանդր Սոկուրովը բծախնդիր և զգուշավոր է ոչ միայն իր արվեստում, այլև ուրիշի արվեստը գնահատելիս, ու չափազանց ժլատ՝ գովեստի պահերին: Անցյալ ամռանը Ալեքսանդր Սոկուրովը Հայաստանում էր: Նա նշեց, որ մեր երկիրն անբացատրելի ուժ ու ձգողականություն ունի և բնական է, որ հենց այստեղ է ծնվել Արտավազդ Փելեշյանը: «Փելեշյանը հանճար է. յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ այդպիսի հանճարի հայրենակիցն ու ժամանակակիցն է: Մեր բոլորի ցավն է, որ Փելեշյանը ֆիլմ չի նկարում արդեն մոտ 20 տարի: Կասկածից վեր է՝ եթե նկարեր, հերթական գլուխգործոցը կլիներ ու մեծ պարգև՝ համաշխարհային կինոյին»,- ասաց Ալեքսանդր Սոկուրովը:

Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է: 2012-ը վարպետի, նաև մեզ համար հոբելյանական է. 75 տարեկան: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը «Արտավազդ Փելեշյանի կինոդարը» խորագրով երեկո անցկացրեց, որի ընթացքում ցուցադրվեցին ռեժիսորի «Մենք» և «Տարվա եղանակները» ֆիլմերը: Հայկական կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը հանդիսատեսին ծանոթացրեց Փելեշյանի արվեստին ու փորձեց վավերագարական կինոյում նրա նորարարությունները հնարավորինս մատչելի մեկնաբանել: Իտալացի կինոռեժիսոր Պեդրո Մարչելոն վերջերս «Փելեշյանի լռությունը» վերնագրով ֆիլմ է նկարահանել: Լռություն… Հայերս հայտնի ենք մեր տաքարյուն, կրքոտ խառնվածքով, զգացմունքայնությամբ: Բայց արվեստում հաճախ տուրք ենք տալիս անբարբառ, անխոս հոգեվիճակներին: Լռությունն է պատմում Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» , լռությունն է վրձնում Սարյանի հայրենի լեռնաշխարհը, լռությունն է աղոթում Նարեկացու «Մատյանում», լռությունն է երգում Կոմիտասի «Կռունկում», լռություն է քանդակված մեր խաչքարերի նախշերում: Լռության ֆենոմենն առհասարակ մեր մշակույթում հաճախ է մեկնաբանվել ու վերծանվել: Զարմանալի է, որ օտարներն էլ են նկատել լռության ներկայությունը, ու իտալացի կինոռեժիսորն իր ֆիլմում շեշտադրել է հենց այդ ներկայությունը:

Դավիթ Մուրադյանը մեկնաբանում է փելեշյանական լռությունը. «Փելեշյանը կինոն բերեց իր նախաստեղծ վիճակին, վերադարձրեց կինոն իր ակունքներին, երբ այն նախ և առաջ պատկեր էր, երբ էկրանն ինքնին տեքստ էր, խոսք՝ ավելի խոսուն, քան խոսքը»: Փելեշյանի ֆիլմերում հատուկենտ խոսքերն ասվում են տիտրերի միջոցով: Устал, ու վերջ: Կիոռեժիսորը մի առիթով մեկնաբանեց իր լռության ու մի հատիկ բառի նշանակությունը. «Ո՞վ է հոգնել. ոչ ոք չգիտե: Ես, դու, նա, բոլորս էլ ինչ-որ բանից հոգնում ենք: Ի՞նչ է տալիս այս տիտրը ֆիլմին: Օրինակ, հրթիռն անցնում է առաջին, երկրորդ, երրորդ աստիճանները, հետո տիեզերք է բարձրանում: Այս տիտրերն այդ նույն աստիճաններն են, ֆիլմի ուղեծիրն անընդհատ փոխվում է, հետո տիտրն արագ անհետանում է, մահանում՝ լիցք տալով հրթիռին: Մահացած տիտրն այլևս պետք չէ, ավելորդ է: Նա իր գործն արել, թողել-հեռացել է»:

Փելեշյանի ֆիլմերում լռությունը ներկա է, ինչպես ներկա են նրա բացակա կադրերը: Տարածական մոնտաժի հեղինակն ու գյուտարարը համաշխարհային կինոյում ուղղակի հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը, ցույց տալով մոնտաժի գեղագիտական արժեքը: Կադրերի տրամաբանական ու տեսողական շղթայի օղակները հանելով՝ Փելեշյանն այդ օղակներով միացնում ու միաժամանակ անջատում է պատկերների շարունակականությունը: «Ինձ ոչ թե հետաքրքրում է կադրերը միացնելը, այլ անջատելը, միմյանցից բաժանելը, դրանք որոշակի հեռավորության վրա դնելն ու արանքում ուրիշ պատկեր տեղադրելը: Իմ կարծիքով՝ հեռավորության վրա գտնվող լիցքավորված պատկերները ոչ միայն իրար հետ են ավելի լավ խոսում, այլ նաև իրենց մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ: Պատկերի բացակա ներկայությունը միշտ ներկա է»,- բացատրում է Փելեշյանը:

Վավերագրական կինոյում չկա սյուժե, գործողություն, չկան հերոսներ, բայց այն պատմություն է: Հազվադեպ է լինում, երբ վավերագրական կինոյում զգում ես ռեժիսորի ներկայությունը: Դարձյալ նույն իրողությանն ենք առնչվում, այս անգամ՝ ռեժիսորի լուռ ներկայությանն իր իսկ ֆիլմում: Սովորաբար կինոդիտողը լավագույն դեպքում կարող է զգալ օպերատորի ներկայությունը՝ կախված կինոխցիկի շարժումների, տատանումների, սեփական շնչառության հևքի հետ: Սակայն Փելեշյանի ֆիլմերում ռեժիսորը ներկա է: Փելեշյանն էլ է խոստովանում, որ այդպես է և հումորով նկատում է.«Օպերատորը կինոխցիկն է բռնում, ես՝ օպերատորին»:
Որքան խոսուն է փելեշյանական լռությունը, նույնքան ազդեցիկ է նրա ֆիլմերի երաժշտությունը: Այն օրգանական ամբողջություն է ֆիլմի հետ: Պատկերի ու երաժշտության ներդաշնակությունը կատարյալ է դառնում՝ դարձյալ շնորհիվ մոնտաժի: «Ես չեմ մոնտաժում պատկերը երաժշտության հետ, -ընդգծում է ռեժիսորը,- ես մոնտաժում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ»:

Տիգրան Մանսուրյանը, որ Արտավազդ Փելեշյանի մտերիմն ու նրա արվեստի երկրպագուն է, առիթը բաց չի թողնում՝ հազարերորդ անգամ իր հիցմունքն արտահայտելու կինոռեժիսորի երաժշտական կատարյալ ճաշակի ու նրբազգացության վերաբերյալ: «Պատկեր, երաժշտություն, ձայն, ֆոնային աղմուկ. ինչպե՞ս է համադրում, ներդաշնակեցնում այս բոլորն Արտավազդը. շշմեցուցիչ է: 7 րոպեանոց ֆիլմում նա ցույց է տալիս ծննդաբերող կնոջը: Պատկերներ են, երաժշտություն ու սրտի բաբախյուն: Պատկերները վերջանում են, երաժշտությունը՝ նույնպես, տիտրերն են սկսվում, իսկ սիրտը դեռ բաբախում է: Այ սա իսկանա վարպետի գործ է, կատարելություն»,- դիտարկում է Մանսուրյանը:

1960-ականներին եկավ մի սերունդ, որը ստալինյան բռնատիրությունից ազատագրված թարմ շնչով ու առողջ գիտակցությամբ մոտեցավ արվեստին: Եթե մինչ այդ նկարհանվում էին վավերագրական ֆիլմեր, ապա դրանք ցույց էին տալիս սովետական քաղաքացու գունեղ, աշխույժ, խանդավառ կյանքը: Հատուկ քարոզչություն՝ կինոյի միջոցով՝ ի հեճուկս սովետական կայսրության «թշնամիների» և ի հավաստում՝ սոցիալիզմի վերելքի:

Փելեշյանը կինովավերագրությունն ազատեցկարծրատիպերից, ցույց տվեց մարդու ուժը, նրա մտքի թռիչքը, բազկի զորությունը, բայց ոչ թե որովհետև նա սովետական քաղաքացի էր, այլ որ 20-րդ դարի ծնունդն էր ու առաքելություն ուներ՝ ոչ մի հարց մութ չթողնել, արարել, զգալ հողի ուժը և անգամ տիեզերքը նվաճել: Այս համատեքստում Փելեշյանը ցույց տվեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, հայ մարդու ինքնության, մշակույթի կերպարը: Համահարթեցման ժամանակներում նա ասաց՝ մենք, ու իր ֆիլմը հենց այդպես էլ վերնագրեց՝ «Мы»՝ «Մենք»: Սա մարտահրավեր էր, համարձակ ու ինքնաբավ դրսևորում, որի գերակայությանն աշխարհը համաձայնության խոստովանություն արեց: Արտավազդ Փելեշյանը վավերագրական կինոյում հիմք դրեց նոր կինոմտածողության, նոր կինոլեզվի, արտահայտչամիջոցների և վավերագրական կինոյին հաղորդեց նոր նշանակություն՝ գեղարվեստակն ֆիլմի ժանրային հատկանիշներ:

«Սկիզբը», «Կյանք», «Մեր դարը», «Տարվա եղանակները», «Մարդկանց երկիր», «Բնակիչները». 1994-ին Փելեշյանը նկարահանեց իր «Վերջը»: Խորհրդանշական վերնագրով ֆիլմն առայժմ կինոռեժիսորի վերջին ֆիլմն է: Արդեն 19 տարի Արտավազդ Փելեշյանը չի կանգնել նկարահանման հրապարակում՝ կինոօպերատորի կողքին, թեև սցենարների մի ամբողջ տրցակ ունի: Նրա կինոն մասնագետները բոլոր արվեստների համադրություն են համարում, իսկ ինքը՝ Փելեշյանը, վստահ է, որ կինոն ինքնուրույն արվեստ է: Իր կինոյի մասին բարձրագոչ բաներ չի ասում. «Պարզապես ուզում եմ կիսել, պայմանականորեն ասած, իմ տպավորություններն ու հայտնագործությունները»:

1968-ից նրա Homo Sapiens սցենարը պատրաստ է ֆիլմ դառնալ, այն էլ ՝ խաղարկային, բայց այդպես էլ մեզ բախտ չվիճակվեց տեսնել Փելեշյանի գլուխգործոցը: Իր բոլոր չնկարահանված սցենարների մասին ասում է. «Ես էդ բոլոր ֆիլմերը տեսել եմ, դուք մտածեք»:Homo Sapiens-ը Փելեշյանը կադր առ կադր, ֆիլմի ժապավենի նման տպագրել է իր «Իմ կինոն» գրքում՝ այդպիսով հագուրդ տալով կինո նկարելու ցանկությանը, ցույց տալով ու բացատրելով կինոհնարքի իր հերթական նորարարությունները: Նրա մյուս կինոցանկությունը Հայաստանի մասին լիամետրաժ ֆիլմ նկարահանելն է: Շշուկներ կան, որ միգուցե այս նախագիծը կյանքի կոչվի: Վարպետն առայժմ ոչ մի նորություն այս մասին չի հաղորդում:

Արտավազդ Փելեշյանի «Իմ կինոն» ու «Տարածական մոնտաժ» գրքերը տեսական գիտելիքների՝ գործնական կիրառության քննություն անցած շտեմարաններ են: Դրանք դասագրքերի արժեք ունեն ու կրթական հեղինակավոր հաստատությունների գրադարաններում են:

Սերգեյ Գերասիմովի, Ձիգա Վերտովի, Սերգեյ Էյզենշտեյնի աշակերտն իր վարպետներին գերազանցեց կինոմտածողության ու կինոզգացողության ճշգրիտ հաշվարկներով: Կինո, որը գեղանկարչական կտավի, սիմֆոնիայի, ճարտարապետության, քանդակի, պոեզիայի արտահայտչամիջոցների ու նրբերանգների համադրություն է: Նրա ֆիլմերն այդպիսին են, որովհետև մինչև մեզ հասնելը ցուցադրվում են հեղինակի մտքում ու հոգում, հեղինակի համար, որովհետև փելեշյանական կինոն ծնվելու իր անխախտ հաջորդականությունն ունի. «Մինչև չիմանամ, որ ֆիլմը պատրաստ է, սցենարը ոչ թե չեմ նկարի, այլ' չեմ գրի»: Նա մեզնից երջանիկ է, որովհոտև իր բոլոր չնկարահանված ֆիլմերը տեսել է և ոչ մեկ անգամ:

 

Այս թեմայով