06 Մայիս 2013, 17:41
2231 |

Մանսուրյանի հնչած ու չհնչած մեղեդիները

Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին հանրությունը ճանաչում է հենց ֆիլմերի համար գրված երաժշտություններով, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի վերջին մենահամերգը Երևանում տեղի է ունեցել դեռ մի քանի տարի առաջ, կոմպոզիտորի ստեղծագործություններն էլ հայաստանյան բեմերում հնչում են հիմնականում հատուկ առիթներով: Բայց մայիսի 7-ին մասեստրոն ուշադրության պակաս չի ունենա՝ «Մեցցո» ջազ-ակումբում տեղի կունենա նրա հեղինակային երեկոն: Երեկոյի ընթացքում հնչող երաժշտության ցանկը կոմպոզիտորն ինքն է ընտրել, դրանք բոլորին հայտնի ֆիլմերի երաժշտություններն են:

Այն, որ Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին հանրությունը ճանաչում է հենց ֆիլմերի համար գրված երաժշտություններով, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ինքը կոմպոզիտորն էլ է դա լավ հասկանում: «Գրեթե 30 տարի է անցել այն պահից, երբ ես վերջին անգամ ֆիլմի համար երաժշտություն գրեցի, բայց հենց դրանք են դեռևս իմ այցեքարտերը: Ես դա հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ տխրում, քանի որ շատ եմ ուզում, որ մարդիկ իմ դասական աշխատանքներն էլ ճանաչեն: Չնայած վերջին տարիներին իրավիճակը սկսվում է փոխվել, ինչի համար սրտանց ուրախ եմ», - անկեղծանում է Մանսուրյանը:

«Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք», «Նռան գույնը» ու դեռ շատ ֆիլմեր կարելի է թվել, որոնք իր ստեղծած երաժշտությամբ ավելի հիշվող ու հուզիչ դարձրեց Տիգրան Մանսուրյանը: Բայց որքան էլ տարօրինակ ու պարադոքսալ հնչի, այսօր մաեստրոն նոր առաջարկներ չի ստանում: Ճիշտ է հայկական կինեմատոգրաֆը նույնքան ակտիվ կյանքով չի ապրում, որքան հեռավոր 70-ականներին, բայց ֆիլմեր նկարահանվում են, պարզապես լուսագրերում Մանսուրյան ազգանունը այլևս չի հայտնվում: Այս թեմայի մասին խոսելիս Մասեստրոն փորձում հնարավորինս հանգիստ լինել ու ոչ ոքի չնեղացնել: «Եթե ժամանակին քո մեջ քաջություն չգտնես կինոն լքելու համար, այն քեզ կկլանի: Ես ֆիլմերի համար երաժշտություն հիմա չեմ գրում նախ որովհետև ինձ ոչ ոք չի առաջարկում, բացի այդ, հիմա կան այդ գործը հիանալի անող կոմպոզիտորներ», - ասում է Տիգրան Մանսուրյանը:

Վերջերս մաեստրոն հայ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված Ռեքվիեմը: Այն ընդունվեց հոտնկայս: Ստեղծագործությունը բեմելին պատրաստ էր դեռ մեկ տարի առաջ, բայց դա տեղի ունեցավ ոչ թե Հայաստանում, այլ Գերմանիայում: Ինչպես եղավ, որ հայ ազգին նվիրված ստեղծագործությունը մեկ տարուց ավելի հնչեց օտար բեմերից, մաեստրոն որոշեց մանրամասնել: Պարզապես մեկ տարի առաջ պայմանագիր կնքել էր գերմանացիների հետ, քանի որ հենց նրանց առաջարկով էր գրել Ռեքվիեմը, ուղղակի ստեղծագործ մարդուն բնորոշ ձևով չէր էլ ուսումնասիրել, թե ինչ փաստաթղթի տակ է ստորագրում: Արդյունքում հայ հանդիսատեսը այդպես էլ հնարավորություն չունեցավ առաջինը ուկնդրել կոմպոզիտորի գործը: «Ուշացումով իմ մենեջերը բացատրեց, որ ամեն փաստաթղթի տակ չի կարելի միանգամից ստորագրել», - պատմում է Մանսուրյանը: Փաստաթղթային խնդիրների պատճառով Ռեքվիեմի պաշտոնական ձայնագրությունը մինչև օրս ոչ մի տեղ գտնել հնարավոր չէ, դա մի ստեղծագործություն է, որը հանդիսատեսը կարող է լսել միայն կենդանի կատարմամբ:

Մայիսի 7-ին կայանալիք հեղինակային երեկոյի ընթացքում Ռեքվիեմից հատված չի հնչելու, բայց կոմպոզիտորը համոզված է, եթե հանդիսատեսը ստեղծագործության պահանջը ունենա, այն անպայման կհայտնվի բեմում: Փոխարենը մայիսի 7-ին ներկաները կկարողանան վայելել որակյալ ու սիրված երաժշտություն մտերմիկ մթնոլորտում:

Այս թեմայով