03 Մայիս 2013, 15:21
2443 |

Թատրոն X-ի օդանցքները. մաս առաջին

Արվեստում մեծի, մեծամեծիկոչման ձգտումը, որպես կանոն, առաջացնում է խորը պատռվածքներ, որոնք երկար ժամանակ չեն վերականգնվում: Լոկալ տարածքներում խոսքի առկայությունն ինձ առավելապես հոգեհարազատ է սոսկ այն պատճառով, որ միտքն ինտիմ արտահայտություն է:

Արվեստը փայլատ է, հիմնականում՝ կամերային, և իր մաշկի մեջ գաղտնիք ունի: Արվեստի շուրջ բանավեճերը, եթե արվեստ չեն դառնում, միանգամից հայտնվում են բառամթերքի հոսպիտալում, որտեղ ոչ թե կարծիքը կամ այդ կարծիքն արտահայտող մարդն է որպես հաշմանդամ ներկայանում, այլ՝ մթնոլորտը, որը կաղ, անլեզու, իմպոտենտ տեսակետերով հաշմվում և տարբեր, նաև՝ սեռական բնույթի, վարակիչ հիվնդություններով սպառնում է աղտոտել շրջակա միջավայրը:

Եվ այսպես, վեցամյա «Թատրոն X» թատերական փառատոն, որը կարելի է կոչել նաև «բանավեճի փառատոն»: Ես, իհարկե, չեմ ասի' Թատրոն X-ը երբ սկսվեց, երբ ավարտվեց, քանի որ այս ոլորտում սկզբի ու վերջի մասին պատկերացումները ևս խիստ հարաբերական են: Պարզապես կնշեմ, որ Թատրոն X-ն ինձ գրավում է իր ոչ գիգանտոման ուղղվածությամբ: Արվեստում մեծի, մեծամեծի կոչման ձգտումը, որպես կանոն, առաջացնում է խորը պատռվածքներ, որոնք երկար ժամանակ չեն վերականգնվում: Լոկալ տարածքներում խոսքի առկայությունն ինձ առավելապես հոգեհարազատ է սոսկ այն պատճառով, որ միտքն ինտիմ արտահայտություն է:

Լուիս Քերոլ, « Ալիսան հրաշքների աշխարհում», Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոն,  բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Սամսոն Մովսեսյանի:
Ալիսայի չվերծանվող անտրամաբանությունը

Այս ներկայացումը մանկության հեռացող արձագանքն է: Բեմադրիչը փորձել է (ոչ ուղղակիորեն, իհարկե) հիշել իր մանկական զգացողությունները՝ առանց ուշադրություն դարձնելու նիշերին: Տիկնիկային տարածքի կիսամարդ-կիսատիկնիկ խառնուրդն այս ներկայացման կարևոր ձեռքբերումն է: Այո՛, XXI դարում արվեստը, փառք Աստծո, զրկվում է միանշանակ կերպարավորումներից ու Աստծո ամենատես աչքից: Ժամանակակից արվեստում Կատուն կարող է մարդուց ավելի մարդ լինել:
Մանկության պատկերը հաճախ կառուցվում է փոքր տարիքում ապրած ու անհասկանալի ձևով վերհիշվող զգացողությունների վրա: Բայց մանկությունը բաղկացած է նիշերից, որոնք անհնար է վերծանել մեծահասակ ուղեղի պայծառությամբ: Արտաքուստ անտրամաբանական նիշերը բացվում են, երբ դրանց նայում ես միայն իրենց հատուկ տրամաբանությամբ: Մովսեսյանի բեմադրության մեջ մանկության նիշերը հիմնականում երևում են հասուն մարդու աչքով և մեծի դիտակետից են ցուցադրում մանուկ աշխարհը...

Անկախ թատերախումբ, L'Ultima Cena (Ըստ Լեոնարդո դա Վինչիի « Խորհրդավոր ընթրիք» նկարի), բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Աիդա Սիմոն
Խորհրդավոր ընթրիքի հավակնոտ ամոթխածությունը

Արվեստը հաճախ սեռ չունի, բայց միշտ ունի «ես», որը եսակենտրոնության թիվ մեկ թշնամին է: L'Ultima Cena բեմադրությունը « որոնում» բեմադրություն է, ընդ որում, սա ոչ թե ձևի, տեսակի, թեմայից ելնելով՝ Աստծո, դասական գործի նորովի մատուցման, այլ մեկ անձի մեջ տարբեր անձերի որոնումն է: Ներկայացման անունը թակարդ է, որից ձեռբազատվելու դեպքում է միայն վարագույրը բացվում: Այս բեմադրության կարևոր արժանիքը, անսամբլայնությունից զատ, ըստ իս, բեռի թոթափումն է: L'Ultima Cena-ն հասկանալու համար դատարկ թուղթ հիշեցնող ուղեղ է պետք՝ առանց պատմական ակնարկների ու հիշողության: Թեև երաժշտական ձևավորման և պատկերային որոշ տարրերի օգտագործման իմաստով, այնուամենայնիվ, բեմադրիչն ինքն էլ չի կարողացել իր գիտելիքների բեռը թոթափել: Արդյունքնում ստեղծվել է զգայական, գաղափարական մի բեմապատկեր, որը, հանդիսատեսի շրջանում բուռն հակասությունների տեղիք է տալիս: Ըստ իս, արվեստում հակասությունը գործի հաջողվածության բարոմետն է: Ստեղծագործությունը կարող է լինել հաջողված, անհաջող, բայց ոչ՝ միանշանակ... Այսպիսով՝ L'Ultima Cena-ն փայլատ, տեղ-տեղ ամոթխած զգացողություններով ամբողջական բեմադրություն է, որի հիմանական շարժիչ ուժը իր տեսակի նկատմամբ հավակնոտությունն է:

«Արտիստ» թատրոն-ստուդիա, Ֆ. Դոստոևսկի «Գրառումներ՝ ընդհատակից», բեմադրիչ՝ Գոշ Սարգսյան
Մենաներկայացում՝ առանց շրջապատի

Բեմադրության հիմնական առանցքը ներքին մենախոսությունն է: Դոստոևսկու տեքստը մարդու արժևորման կարևորությունը շեշտելու փորձ է: Արժևորում, որը հղի է անհատին հասարակությունից դուրս մղելու վտանգով: Սա է նաև պատճառը, որ Սարգսյանն ընտրել է մենաներկայացման տարածքը: Սակայն մոնոդրամայի հիմնական ծանրությունն այս պարագայում դերասանի (Արթուր Բաբայան) վրա է՝ անտեսելով շրջապատի նույնիսկ առարկայական ներկայությունը: Բեմադրիչը կարողացել է երիտասարդ դերասանի ներքին մեխանիզմն «աշխատեցնել»' մոռանալովտեքստային ժամանակի և «աշխատող» անտուրաժի մասին: Այս պարագայում Դոստոևսկու «Չհամարձակվեք ասել՝ մենք բոլորս» արտահայտությունը ասես նույնանում է բեմադրության հիմնական կերպարի հետ: Դերասանի խաղն առանձին է, իսկ ձևավորումը, բեմադրիչի աշխատանքը և ներկայացման մթնոլորտը հաճախ մնում են առկախված: Փաստորեն, «Գրառումներ՝ ընդհատակից» բեմադրությունը մի քանիինքնուրույն, հատվող կամ չհատվող, երբեմն էլ՝ առկախված գծերի տարածք է, որտեղ յուրաքանչյուրը խոսում է կամ չի խոսում ինքն իր հետ:

Պետական կամերային երաժշտական թատրոն, «Կրքոտ հաշվետվություն», բեմադրությունը, երաժշտությունը և նկարչական ձևավորումը՝ Արթուր Սարիբեկյանի
Ստերիլ հաշվետվության

Մարդու մեջ ամեն ինչ պետք է մաքուր լինի... Բայց երևի ոչ ստերիլ: Ստերիլիզացումը հիմնականում ստեղծագործությունից դուրս է մղում բեմական միջավայրի կենդանությունն ապահովելուն կոչված խթանները: «Կրքոտ հաշվետվությունը» երիտասարդական արյուն ունի իր մեջ, բայց այդ արյունը, տարբերի խմբերի լինելով, տեղ-տեղ խախտում է ներկայացման բնական տրամաբանությունը: Այս բեմադրության մասին խոսելիս՝ չեմ կարող չնշել Վահագն Սիմոնյանի կիսով գրոտեսակին, բայց աննկարագրելի օրգանիկ դերակատարումը: Դերասանը քայլում է կեղծիքի ու ճշմարտության շեղբի վրայով ու չի սայթաքում: Արմեն Մարգարյանի համոզիչ զգացմունքայնությունը ևս շարժում, հետաքրքիր է դարձնում բեմադրության գունադիտակը: Տաթևիկ Միրզոյանի դերակատարումը պիեսի ստերիլիզացման արդյունքում, թերևս, ամենաշատն է տուժել: Սարիբեկյանը ստեղծել է մի ինքնատիպ միջավայր, որի «պոչերը» սակայն միանգամայն այլ օպերայից են: Բեմադրության' բնօրինակին համահունչ հատվածները հագեցած են կյանքով , հոսանքները հսկայական «կալորիֆերների» ( ալեգորիկ, այլ պիեսներից, ասել է թե՝ աշխարհներից ներմուծած անունները, ռոմանտիզմի մշտական, չպատճառաբանված ձգտում, փոքր խնդրին համամարդկային փայլի հաղորդում) չորացնում են միջավայրը: Բեմադրիչը, հեղինակելով այս բավականին հայտնի ստեղծագործությունը, տարօրինակ կերպով ստերիլիզացրել է նրանում առկա ողբերգությունը, հարաբերությունների խոցերը, միջավայրի աղտոտվածությունը, որի արդյուքնում վերնագիր սպրդած «Կրքոտ» բառը ռոմանտիկանալով մաքրվել, իսկ «հաշվետվությունը» դարձել է light...

Երևանի Խամաճիկների պետական թատրոն, Գրիմ Եղբայրներ, «Հենզելն ու Գրետելը», բեմականացումն ու բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի
Թատրոնի խիստ պատուհանը

Եկել, նստել էի թատրոնի դիմացինստարանին, մեն-մենակ, երբ տոմսարկղի պատուհանը խիստ հայացքով չափչփեց ինձ: Ուզում էի վեր կենալ, երբ գետինը դեղին կոշիկներով չափչփող մի հանդիսատես մոտեցավ ու պատուհանի խիստ հայացքը բռնացնելով՝ բացականչեց.
-Վայ... Փաստորեն էս թատրոնը ժամը յոթին չէր սկսվում...

Այս թեմայով