28 Մարտ 2013, 10:16
1744 |

Վարդուհի Վարդերեսյան. հըբը իմ կյանքը ինչի՞ անցավ

Նրա բնակարանում բազմաթիվ ծաղկեփնջեր են դրված. ծննդյան տարեդարձն են շնորհավորել: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը 85 տարեկան է: Ապրում է առօրյա կյանքով, հյուր գնում, հյուր ընդունում, անցնող օրերից մայր թատրոնն անբաժան է:

- Սուրճ ուզո՞ւմ եք:

Ոչ, շնորհակալ եմ:

- Ոչ, սուրճ չե՞մ ուզում, թե՞՝ ոչ, չեմ ուզում, որ նեղություն կրեք:

Ոչ, սուրճ չեմ ուզում:

- Այ դա արդեն հասկանալի է: Միշտ այսպես ուղիղ հարցնում եմ հյուրերիս, բայց հայկական բնավորություն է, սուրճ ուզում են, ասում են՝ չեմ ուզում՝ նեղություն չտալու համար: Առանց բարդույթների լինելս Ռումինիայից եմ բերել, եվրոպական մշակույթ է, ուզո՞ւմ ես, ասա՝ ուզում եմ, և վերջ:

Տիկին Վարդուհի, շարունակո՞ւմ եք խաղալ Սունդուկյանի բեմում:

- Անցյալ տարի «Ծեր տիկնոջ այցը» պիեսում էի խաղում, փորձի ժամանակ վատ զգացի, ասացի՝ էլ չեմ կարող խաղալ: Պարզվեց՝ երկու ողերս ճաքել են, երկար բուժվեցի, շատ տանջալից էր, բայց, գիտե՞ք, կամքիս ուժը հաղթեց: Ոտքի կանգնեցի ու անգամ ձեռնափայտը դեն նետեցի: Ես միշտ կենսախինդ եմ եղել, ու դա ինձ օգնել է: Ամեն օր ես առույգ և ուրախ եմ արթնանում: Չեմ հիշում մի առավոտ, երբ կոտրտված, անտրամադիր արթնացած լինեմ: Ամեն օր՝ նոր կյանք սկսելու տրամադրվածությամբ:

Բայց դժվարություններ, այնուամենայնիվ, կան, եղել են, դրանք անխուսափելի են:

- Անշուշտ, ես միշտ հիշում եմ Վահրամ Փափազյանի խոսքերը. «Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է»: Դա շատ դժվար է, փորձե՞լ եք ինքներդ ձեզ հաղթել:

Իմ կյանքում նման պահեր շատ են եղել: Բայց ասեմ նաև, որ կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Ես դժգոհելու պատճառ չունեմ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում:

Կարծեմ թե երջանիկ պատահականությամբ Ռումինիայից ներգաղթեցիք Հայաստան, նաև 1947-ին խուսափեցիք աքսորից, այդպե՞ս է:

- Նման պատահականություններին եմ պարտական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյան լինելու համար: Բեմական կյանքս սկսել եմ Գյումրու թատրոնում, այնտեղ 10 տարի խաղալուց հետո եկել եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու արդեն 55 տարի այնտեղ եմ: Այդպիսին եմ, եթե նվիրվում եմ, ուրեմն՝ անմնացորդ: Քանի-քանի դերասաններ թողեցին թատրոնը՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան. ես մնացի: Նվիրվածությունն իմ արյան մեջ է: Երբ թատրոն ընդունվեցի, դերասան Գևորգ Աբաջյանը կարճ ժամանակ հետո ինձ ամուսնության առաջարկություն արեց. մերժեցի: Իմ պատկերացմամբ տղամարդը պետք է լիներ բարձրահասակ, գեղեցիկ, մի խոսքով՝ Ապոլոն: 5 տարի հետո նոր խելքի եկա ու համաձայնությունս տվեցի: Իսկ այդ ընթացքում նշանված էի մի տղայի հետ: Բայց շուտով նրան աքսորեցին, ու մենք չամուսնացանք: Ես ինձ լավ գիտեմ. եթե արդեն ամուսնացած լինեինք, ես նրա հետ գնալու էի Սիբիր: Տեսեք, էլի պատահական դիպվածով ինձ համար ճակատագիրն այլ ճանապարհ էր ընտրել:

Ձեր դերերով ապրե՞լ եք, դերի ազդեցությունը նաև առօրյայում կրել ե՞ք:

- Չեմ կարող հստակ ասել, գուցե և որոշ դերեր ազդել են, բայց չեմ նկատել: Մեր բեմի մեծերը, որոնց հետ աշխատել եմ, որոնցով շրջապատված եմ եղել՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, ձևավորել են ինձ, ստեղծել այնպիսին, ինչպիսին կամ: Ես մի կարգին դպրոց էլ չեմ ավարտել, միայն Ռումինիայի հայկական վարժարանը, բարձրագույն կրթություն չունեմ, թատերական կուրսեր եմ ավարտել միայն, բայց շատ եմ կարդացել, անընդհատ, որովհետև իմ շրջապատում իսկական արվեստագետներ են եղել՝ կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ, ինչպե՞ս կարելի էր լինել նրանց կողքին ու չկրթվել: Այսօրվա երիտասարդները մեղք չունեն, որ անգրագետ ու անճաշակ են. արվեստի մթնոլորտ չկա, որ նրանց դաստիարակի ու ձևավորի: Իսկ դերերս… բեմական կյանքս այնքան երկար է, որ մեկ-մեկ կասկածում եմ՝ արդյո՞ք ես եմ խաղացել Մարգարիտ, Ջոնի, Սաթեն, Նուարդ, Նաստասիա Ֆիլիպովնա, Յոթծովիմերան, էլ ո՞րն ասեմ: Ես նրանց բոլորին պատմության գրկում եմ թողել, որովհետև անցյալով չեմ ապրում, միշտ առաջ եմ նայում: Դրանք հեռացել են ինձնից: Իմ մեջ են, բայց իմը չեն արդեն: Թատրոնում մնայուն դերեր թողել եմ, թեև, անկեղծ ասած, ինքս հո լավ գիտեմ, դրանցից որոնք են բարձրարժեք, որոնք՝ ոչ: Արվեստագետը՝ լինի նկարիչ, դերասան, քանդակագործ, լավ գիտե՝ իր գործերից մեկ-երկուսը, լավագույն դեպքում՝ երեք-չորսն են արժեքավոր, ոչ ավելին. այդպես էլ՝ ես:

Կասե՞ք՝ Ձեր որ դերերն եք հավանում:

- Չէ, չեմ ասի: Դրանք իմն են, իմ դատողությունները, իմ գաղտնիքները, իմ աշխարհն են:

Իսկ ո՞ր դերերն եք սիրում:

- Այ դա ուրիշ բան: Սիրում եմ բոլորին: Մայրն ինչպե՞ս է սիրում իր բոլոր զավակներին: Հավասարապես, չէ՞: Բայց գիտե՝ զավակներից որն է գեղեցիկ, որը՝ հիվանդ, որը՝ թույլ: Եվ մայրն առավել շատ սիրում է տկարին, տգեղին: Այդպես էլ ես. մի տեսակ խղճում եմ թույլ դերերս. մեղքս գալիս են: Ինքս ինձ նկատողություն եմ անում, որ կարող էի ավելի լավ խաղալ, ու նրանք թույլ չէին ծնվի: Բայց ունեմ կատարյալ դերեր՝ և՛առողջ, և՛ գեղեցիկ, և՛ խելացի: Կրկնում եմ, դրանք շատ քիչ են, ինչպես որ ամեն լավ բան է քիչ լինում:

Ասում եք՝ Ձեր դերերը պատմության գրկում եք թողել, բայց ինչպե՞ս կարող է նրանց ներկայությունը գոնե մեկ-մեկ չզգաք, թեկուզ՝ էկրանից:

- Հիմա ի՞նչ են ցույց տալիս որ: Որոշեցին իմ հոբելյանի առիթով հեռուստաթատրոնի ներկայացումները ցուցադրել: Մի անգամ «Թաղականին կնիկը» ցույց տվեցին, այն էլ գիշերվա 3-ին, ու վերջ: Ասացին՝ արգելել են այդ ներկայացումները, էլ ցույց չեն տալու: Է՛, ջահելները որտեղի՞ց իմանան, որ Վարդուհի Վարդերեսյան դերասանուհի կա, որ բազմաթիվ դերեր ունի: Ամբողջ կյանքս եմ նվիրել բեմին, հապա ասեք՝ 65 տարի: Ու ստացվում է, որ այսօր այդ բոլորը ջո՞ւրն ընկավ: Այսօր բոլորը դերասան են, գալիս են, տեղում ծանոթանում դերին, խաղում-գնում: Ես տառապել եմ ամեն դերիս համար, հասկանո՞ւմ եք, տառապել: Երկու դեր եմ ունեցել, որոնք ամեն անգամ խաղալուց առաջ տնեցիներին հրաժեշտ եմ տվել, ասել, որ միգուցե էլ տուն չգամ ու չլինեմ այլևս: Մեկը՝ Նաստասիա Ֆիլիպովնան է՝ Դոստոևսկու «Ապուշը» պիեսում: Հերոսուհին կրակն է նետում 100.000 ռուբլին: Դերը շատ ծանր է, հոգեկան բարդ, տանջալի ապրումներով, ուղղակի սպառվում էի, մինչև վերջ այրվում այդ կերպարում: Պատկերացրեք, շատ հնարավոր է, որ դերասանուհու սիրտը հենց բեմի վրա պայթի այդ ապրումներից ու հույզերից: Մյուսը «Ելենա Սերգեևնա» պիեսում ուսուցչուհու՝ Ելենա Սերգեևնայի դերն է, էլի սարսափելի դժվար կերպար:

Իսկ Ջոնին՝ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում, Մարգարիտը՝ «Պատվի համարում»:

- Ջոնի, իմ խեղճ Ջոնի, մեկ-մեկ հեռուստացույցով պատառիկներ են ցույց տալիս ներկայացումից՝ անորակ, մեղքդ գալիս է: Իսկ ո՞վ է հիշում իմ Ջոնիին, այն 15-ամյա իմաստուն մանչուկին, որին մարմանվորելու համար Վարդան Աճեմյանը մեկ ու կես տարի սպասեց, որ տղաս ծնվի, մի քիչ էլ մեծացնեմ, նոր Ջոնիիս բեմ բարձրացնեմ: Զարմանալի չէ՞՝ հասուն կինը խաղում է 15-ամյա տղայի դերը, գլուխկոնծի տալիս, չարաճճիություններ անում: 17 տարի խաղացի այդ դերը, ինձնով սկսվեց, ինձնով էլ ավարտվեց իմ Ջոնին: Իսկ Մարգարիտին նաև կինոյում եմ մարմնավորել. էլի շատ պատահական: Գյումրու թատրոնում էի աշխատում, հրավիրեցին՝ Մարգարիտ խաղալու, շատերին էին փորձել, բայց ինձ ընտրեցին, ռեժիսորն աչքերս էր հավանել, սարսափ, վիրավորանք, ըմբոստություն, սեր արտահայտող աչքերս: Մարգարիտ բեմում էլ եմ խաղացել, բայց շատ վաղուց: Բեմն ուրիշ է, բեմը կինո չէ, այդտեղ պետք է անընդհատ աշխատել: Երբեք նույն դերը երկրորդ անգամ նույն ձևով չեմ խաղացել: Իսկ կինոն մի անգամ նկարվում է ու անփոփոխ մնում, այդպես էլ պահպանվում ու հանձնվում պատմությանը: Բայցևայնպես, կինոն մնայուն է: Բեմում խաղացած իմ հարյուրավոր դերերից ո՞րն է պահպանվել, գրեթե ոչ մեկը, ո՞վ է դրանք հիշում: Իսկ այսօր խաղում են, նկարվում ու մեկ օրում դառնում հայտնի դերասաններ: Այս պահին հիշեցի «Հեղնար աղբյուր» ֆիլմի Երանոսին, որ ասում էր ՝ հըբը իմ կյանքը ինչի՞ անցավ: Հիմա ես եմ ասում Երանոսի նման՝ հըբը իմ կյանքը ինչի՞ անցավ:

Ինքներդ եք ասում, որ կենսախինդ եք, լավատես, ուրեմն և այս ամենն անցողի՞կ է՝ կասեք:

- Անշուշտ, ժամանակները փոխվելու են, դրա հետ էլ՝ մթնոլորտն է մաքրվելու. ջուրը մինչև չպղտորվի, չի պարզելու: Ինչ էլ լինի, այնուամենայնիվ պե՛տք է ապրել ու արժե՛ ապրել: Ես հաճախ եմ ինքս ինձ հետ երկխոսության մեջ մտնում: Մի լավ բան անում եմ, բարձրաձայն ասում եմ՝ բրավո, ապրես, դու ուժեղ ես: Եթե չի ստացվել, ուրեմն պետք է ավելի շատ աշխատել: Գիտե՞ք ինչն է պակասում մեր կյանքում՝չափանիշը: Երբ չկա չափանիշ, չկա նաև ձգտում, ինչ էլ անես, միևնույն է, կանցնի, կընդունվի: Ոչ ոք չի ասի՝ էս ինչ ես արել, ո՞րն է սրա արժեքը: Եթե կան շնորհքով երիտասարդներ, իսկ ես վստահ եմ, որ կան, առաջ չեն կարող գնալ, որովհետև չափանիշն է բացակայում ամեն տեղ: Եթե լինի բարձր նշաձող, կձևավորվի նաև դրան հասնելու կամք ու ձգտում: Ոչ ոք չի ցանկանում բարձրանալ, որովհետև դրա կարիքը չկա: Բայց ոչինչ, հիմա ամենուր է անկում տիրում, կանցնի: Հիմա՞ էլ չեք սուրճ ուզում, տեսեք, ես նորից եմ առաջարկում:

Ոչ, սուրճ չեմ ուզում, միայն թե մի առաջարկ էլ ես ունեմ. Ձեր լուսանկարներից ինձ տրամադրեք մեկը, որը երբեք չի հրապարակվել՝ հոդվածիս կցելու համար:

- Եթե այդպես է պետք, ուրեմն այդպես էլ կլինի … Այ, այս մեկը՝ գլխարկով, դեռ ոչ ոք չի տեսել: Համ էլ էստեղ ոչ երիտասարդ եմ, ոչ էլ ծեր… լավ է:

Այս թեմայով