15 Հոկտեմբեր 2018, 17:45
11990 |

#Երևանընվագումէ. «Փուշ» նախագիծ

Եթե քաղաքի կենտրոնով զբոսնելիս հանդիպեք տեխնիկապես զինված և հետաքրքիր ձևավորմամբ դաշնամուրների, չզարմանա՛ք: «Փուշ» նախագծի շրջանակներում քաղաքում արդեն իսկ տեղադրվել են 2 դաշնամուրներ, որոնք ոչ միայն անցորդներին հնարավորություն են տալիս նվագել, այլև, օգտվելով դաշնամուրին կցված լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով, տեսագրությունը բեռնել սոց. ցանցերում:

Համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ «Փուշ» նախագիծը իր առաջին դաշնամուրը տեղադրեց Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, որի բացման արարողության հյուրերի շարքում էին նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով էլ նվագեց առաջին նոտան և այգին լցրեց մանսուրյանական երաժշտությամբ: 

 

Այնուհետև հերթական դաշնամուրը տեղադրվեց քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Հյուսիսային պողոտայում: Այս անգամ առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Ի դեպ նախագիծը ստեղծվել է դեռևս մեկ տարի առաջ, որի հեղինակներն են ԱՅԲ դպրոցի շրջանավարտներ Արթուր Եփրեմյանը և Բագրատ Սարգսյանը:

Ըստ իրենց նախագծի միտքը առաջացել է այն բանից հետո, երբ նկատել են, որ Հայաստանում շատ դաշնամուրների վրա տեղադրված է «ձեռք չտալ» արգելանշանը: 

 

Ինչու՞ հենց «Փուշ»


Առաջին հերթին «Փուշ» անվանումը գալիս է միջնադարից, այն երաժշության գրության նշաններից՝ խազերից մեկի անվանումն է:

Բացի այդ, այն ասոցացվում է նաև անգլերեն «push» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է «սեղմել»: Այս պարագայում հեղինակները նկատի են ունեցել սեղմել դաշնամուրի ստեղնը: Եթե անգլերենից թարգմանելով վերցնենք «հրել» իմաստը, ապա կարող ենք նաև ասել, որ այս նախագիծը մարդկանց հրում է դեպի արվեստը:

«Փուշ»-ը երևանյան փողոցները լցնում է մշակութային տեխնոլոգիաներով, այդպիսով իսկ անցորդներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվել ինչպես մշակույթին, այնպես էլ նոր տեխնոլոգիաներին:

Անցորդները նվագում են, լիցքավորում իրենց հեռախոսները և օգտվում wi-fi-ից՝ չմոռանալով սոց. ցանցերում տեղադրել տեսագրությունը: 

Ի դեպ, «Փուշ»-ն ունի իր պաշտոնական հեշթեգները՝ #playwithus, #createwithus և #Երևանընվագումէ: Այնպես որ հրապարակումներ անելիս չմոռանաք դրանց մասին ;)

Նախագծի շրջանակներում նախատեսում են տեղադրել ևս վեց դաշնամուր, բայց հաջորդը կտեղադրվի արդեն մյուս տարի: 

Ինչ վերաբերում է քաղաքացիներին ամենաշատը հուզող հարցին, ապա հեղինակները նշում են, որ դաշնամուրները պատված են հատուկ նյութով և պաշտպանված են ամեն տեսակի խոնավացումից: 

 

Այս թեմայով