06 Հունիս 2017, 23:12
5173 |

Ջավախքում պահվող ձեռագիր մատյանները

Նախաբան կամ անցյալի վավերագրում

1830- ական թվականներին Էրզրումի վիլայեթի Բրդոնք գյուղից տեղահանված հայերին գաղթի ճանապարհը հասցրել է Ջավախք և մինչև օրս նրանց սերունդները ապրում են իրենց պապերի հիմնած Ագանա գյուղում:  Օնես Մարգարյանի հայրը էրզրումից գաղթած ունևոր հայերից էր, որդին ծնվել էր նոր հիմնած բնակավայրում և ծնողները որոշել են տղային կրթության տալ, ինչի հետևանքով Օնեսը՝ պապիկիս պապը դարձել է տիրացու (հոգևորականի ցածր աստիճան է) և երբ կրթություն ստացել ու վերադրաձել է հայրենի գյուղ, արդեն մահացած էր եղել գյուղի քահանան և հոգևորականի հիմնական գործունեությունը նա է կատարել: Պապիկիս մայրը՝ Օնեսի միակ դուստրը՝ Վարսենիկը,  շատ է պատմել տիրացու  հոր մասին: Օնես պապի մասին ինքս պապիցս և նրա քույրերից եմ լսել: Ասում էին, նա գյուղի հիվանդների համար բուժիչ աղոթքներ է  կարդացել,  մեծ հարգանք ու պատիվ վայելել, բայց պապիս պատմածների մեջ շատ մեծ ափսոսանք կար։ Նա միշտ ափսոսում էր այդպես էլ չժառանգած հարստության համար, որն է բազում գրքեր, մատյաններ, ձեռագիր ավետարաններ, տոհմական հմայիլներ եւ շատ այլ իրեր, որոնց մի մասը գողացել են, մի մասը կուլ գնացել ժամանակի թելադրանքին, իսկ մյուս մասը հանգուցյալ պապիկի հետ հողին են հանձնել։ Պապս պատմում էր, որ փոքր տարիքում քրոջ հետ, տան ձեռագիր մատյաններից մեկը, որ մոտ 7-8 կգ կկշռեր, տարել թողել  են կողքի գյուղի եկեղեցի, իսկ երբ հասուն տարիքում գիրքը վերադարձնելու փորձ է արել, անգամ հետքը չի գտել։ Գուցե հոգեւորական պապի ժառանգությունը չէր հասել նրան, բայց գրքերի հանդեպ սերը ու ազնվությունը պապիկս ժառանգել էր, եւ գուցե այդ էր նաեւ պատճառը, որ ինքս սկսեցի հետաքրքրվել ձեռագրերով։ Չգիտեմ՝ ենթագիտացորեն պապիս ժառանգությո՞ւնն էի որոնում, ձեռագրերի գեղագիտությո՞ւնն էր ինձ գրավում, թե՞ խղճի ինչ-որ թելադրանքով սկսեցի հետաքրքրվել Ջավախքում պահվող ձեռագրերով։

Արդյունքի մասին

 Ջավախքի բնակիչների նախնիները Արևմատյան Հայաստանից գաղթելով իրենց հետ բերել ու սերունդների միջոցով մինչ օրս պահպանել են հին հայկական ձեռագիր մատյաններ, որոնց մի մասը տոհմական մատյաններ են, իսկ մյուս մասերը ձեռագիր ավետարաններ՝ հայտնի և անհայտ ծաղկողների ու գրիչների գործեր:  Ջավախքի գրեթե յուրաքանչյուր գյուղում պահպանված են նման մատյաններ, սակայն շատերը պարզապես թաքցնում են տանը ձեռագիր ունենալու փաստը: Այն մարդիկ, ովքեր պահում են գրքերը, այլ հավատամքով են վերաբերվում, նարնց մեծ մասը չգիտի, թե իր տանն ինչ ձեռագիր է պահվում, միայն գիտեն, որ այդ իրենց ժառանգությունն է, համարում են սրբություն բառի բուն իմաստով: Նրանք նույնիսկ եկեղեցական հատուկ օրերին այդ ձեռագրերի մոտ մոմ են վառում և աղոթք հղում առ Աստված: Ձեռագրերը պահում են տներում` հատուկ անկյուններում, այդ անկյունները անվանում են սուրբ: Այստեղ բացի ձեռագիր-մատյաններից հանդիպում ենք նաև շատ այլ հոգևոր բովանդակությամբ գրքերի, ինչպես նաև Աստվածաշունչ, Նարեկ, աղոթագրքեր և շատ քանակությամբ սրբապատկերներ են հավքում: Տպավորություն է, որ յուրաքանչյուր ընտանիքի ներսում մի փոքրիկ եկեղեցի կա և բնակիչները հավատում են ձեռագրերի սուրբ զորությանը: Երբ զրուցում ենք այն մարդկանց հետ, ովքեր մատայանները պահում են, սկզբից խուսափում են պատասխանել, քանի որ վախ ունեն, որ մի օր սուրբ հարստությունը կտանեն իրենցից, երբ փոքր-ինչ վստահություն ենք ներշնչում պատմում են գրքի միջոցով կատարված առեղծվածային պատմություններ:

 «Ձեռագրերը չեն այրվում»  բուլգակովյան այս միտքը ոչ միայն գեղարվեստորեն պետք է  իսկություն դառնար, այլ նաև շրջանցեր ժամանկն ու գրականությունը և հայտնվեր մեր առօրյայում: Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում պահված ձեռագիր մատայանները, ըստ տերերի, կոմունիստական ժամանակաշրջանում բոլոր գրքերի հետ միասին թոնիր են գցել և այրել, բոլոր գրքերն այրվել են, սակայն ձեռագիրը չի այրվել, միայն թերթերի ծայրերին է կարողացել կրակը հասնել, որտեղ ոչինչ չի եղել գրված: Բեժանցիների նախնիները Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Ջինիս, Երկան Մասուր գյուղերից են գաղթել:

Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղի տեղացիների մի մասի նախնիները ևս արմատներ ունեն Էրզրումի վիլայեթի վերոնշյալ գյուղերից: Եվ այստեղ ևս մինչև մեր օրերը  պահպանվող ձեռագիր մատյան  կա:  Մատյանը մասնագիտական հետազոտության չի ենթարկվել: Գրքի տերը ֆալչի (բախտագուշակ) է եղել, գրքի միջոցով աղոթքներ և բուժումներ է արել շրջանի տարբեր գյուղերից եկած այցելուների համար:  Հոր մահվանից հետո գիրքը որդին է պահում:

Հետաքրքիր է նաև Ախալցիխեի շրջանի Ծուղրութի արդեն հանրահայտ ավետարանի պատմությունը և գյուղն իր պահպանողական ու մշակութային արմատներով: Այս փոքր գյուղում չորս ձեռագիր հիշատակարաններ են պահվում:

Նոր Կտակարանի չորս Ավետարաններն է պարունակում մագաղաթյա ձեռագիրը «Ծուղրութի ավետարան» անունով հայտնի:  Ընդօրինակվել է 974 թ-ին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։  «Ծուղրութի Ավետարանը» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով։ Հիսուսի կյանքը պատկերող թեմատիկ մանրանկարաշարը հետաքրքրական է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով։ Ոճական առումով հայկական մանրանկարչության այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղության»-ը հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, նույնիսկ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է։

 Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի նախքին գրախանութի աշխատակից Գրիգորի, տանն է պահվում տատից ժառանգած ձեռագիր մատյանը: Գրիգորը ձեռագրի մասին շատ բան չգիտի միայն նա պատմում է, որ տատը գրպանում է պահել մինչև վերջին շունչ, իսկ ձեռագրի ապագան տեսնում է, որ ինչպես ինքն է պահպանել, այդպես էլ թոռներն են պահպանելու ժառանգաբար:

«Մատյանն այնքանով է առանձնահատուկ, որ 17-րդ դարում մագաղաթյա ավետարաններ, այն էլ ձեռագրեր չենք հանդիպում, ձեռագիր ծաղկող գրիչը հայտնի Սահակ Բաղիշեցին է, ով եղել է արևմտյան Բաղեշ քաղաքի քահանան, ձեռագրի պատվիրատուն տեղի առաջնորդ Մեսրոպ Եպիսկոպոս Բաղիշեցին է եղել: Հիշատակարանից պարզ է դառնում, որ սա Սահակ Բաղիշեցու ծաղկած վերջին ավետարանն է: Ձեռագիրն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանդիպում ենք տերունական բոլոր մանրանկարներին»,- նկատում է ձեռագրագետ Էլյա Սարիբեկյանը:

Այս շարքը համալրել կարելի է շատ  այլ ձեռագիր մատյաններով, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Սակայն մեզ անհրաժեշտ է խոսել նաև խնդրի մասին: Ձեռագրերը ազգային մշակույթի հարստության մաս են կազմում, իհարկե ոչ բոլոր հանդիպածներն է, որ բացառիկ արժեք են ներկայացնում, սակայն նյութը ուսումնասիրելով վստահ ենք այդպիսիք կպատահեն: Այս պահին ձեռագրերը պահվում են տնային պայմաններում և փորձ անել գնել  ցանկացած բարձր գնով կամ տեղափոխել տարածքից անիմաստ է, որովհետև ինչպես գյուղացիներից մեկն ասաց՝ Մատենադարաններում ձեռագրերին վերաբերվում են որպես հին ու կարևոր գրքի, բայց մեզ համար միայն գիրք չէ, առաջին հերթին սուրբ է: Հետևապես անհրաժեշտ են ձեռնարկել պահպանողական միջոցներ: Ողջունելի է, այն փաստը, որ վերջերս Մատենադարանից մասնագետներ  ժամանելով Ծուղրութ տեղում մագաղաթյա ավետարանի համար անհրաժեշտ վերականգման և մշակաման աշխատանքներ են իրականացրել: Որպես խնդիր ներկայացնենք նաև այն փաստը, որ ձեռագրերը տերերը վախենում են հասցնել Երևան, որպեսզի լաբարատոր վերամշակում կամ անհրաժեշտ միջոցներ կիրառվի, քանի որ վրաց-հայկական պետական սահմանը վրացական կողմից մուտք անել ցանկացած իր խնդիր չէ, սակայն Հայաստանից ձեռագիրը ետ վերադրաձնել գրեթե անհնար  է՝ եթե հատուկ թույլտվություն չկա: Իսկ նման հարցերով սովորական գյուղացին չի կարող զբաղվել, մանավանդ  երբ նա հավատում է, որ  բազում փորձություններ հաղթահարած մատյանները կդիմանան նաև ժամանակի փորձություններին, քանի որ սուրբ գրքեր են:

 

Լուսյի մասին կամ վերջաբան

Ասում են արև պահողն ու տվողը մարդու մեջ աչքերն են, լույսն աչքերի մեջ է երևում: Մարմնում լույսն ապրում է, իսկ լույսի խոշոր պաշարը մարդու ձեռքերում է թաքնված: Երբ հարկ է լինում ջերմություն չափել ձեռքն են բռնում, սրտով ու մտքով աղոթում, բայց ձեքերով են խաչակնքվում, նորածնին ձեռքերով են գուրգուրում, ցավող տեղը ձեռքով են սեղմում, օգնության ձեռք են մեկնում, ձեռքերով են գրում. միտքը ձեռքերից ծորացնում:

...Մեր նախնիների հոգու լույսը մեզ հասած ձեռագրերի մեջ է: 

Այս թեմայով