26 Նոյեմբեր 2016, 10:00
7194 |

Հայաստանում կանցկացվի «Երևան» լուսանկարչության առաջին փառատոնը:

2017 թ.-ի սեպտեմբերի 12-16-ը Հայաստանում կանցկացվի «Երևան» լուսանկարչության առաջին փառատոնը: Ամբողջ տարվա ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն լուսանկարչական տարաբնույթ ծրագրեր: Հրավիած ասուլիսին փառատոնի նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել հայ լուսանկարչական մշակույթը: Նշենք, որ միջազգային փառատոնը լինելու է ամենամյա։ Այն կստեղծի մի հարթակ, որտեղ կհանդիպեն պրոֆեսիոնալ ու սկսնակ լուսանկարիչները, միջազգային հայտնի մասնագետներն ու պարզապես լուսանկարչությամբ հետաքրքրվողները:

«Երևան» լուսանկարչական փառատոնի առանձնահատկություններից է այն, որ ներգրավված են լինելու ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի բոլոր մարզերը, Արցախն ու Ջավախքը: Փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Արվեստանոց» հիմնադրամը:

«Ժամանակին չենք էլ մտածել ֆոտոցուցահանդեսների և ֆոտոֆեսթերի մասին, դրա անհրաժեշտությունն առաջացավ տարիների ընթացքում: Հիմնադրամն արդեն երկու խոշոր լուսանկարչական ծրագրեր է կազմակերպել, որի շարունակությունը դարձավ այս ծրագիրը: Անհրաժեշտություն առաջացավ ունենալ համապատասխան կայքէջ, որը հարթակ կդառնա այն լուսանկարիչների համար, որոնք ուզում են իրենց աշխատանքները ներկայացնել ու, ինչու ոչ, դրանից նաև եկամուտ ստանալ: Մենք կունենանք բազում նոր դեմքեր»,- ասում է ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:

Արդեն գործարկվել է կայքը, որի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտարածվեն փառատոնի մասին: Կայքը նաև հարթակ է, որտեղ լուսանկարիչները կունենան անհատական էջեր, կվերբեռնեն իրենց լուսանկարները՝ այդպիսով հասանելի դառնալով հանրությանը: Ստեղծվելու է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության համակարգ:

«Մեր խնդիրն է լինելու երիտասարդներին սովորեցնել մտածել, տեսնել կադրը, քանի որ մեր օրերում պահանջվում է, որ մարդիկ տիրապետեն լուսանկարչական արվեստին»,-ասում է Ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան: ժյուրիի մեկ այլ անդամ Վահագն Տեր-Հակոբյանի կարծիքով էլ՝ փառատոնը կխթանի նոր, երիտասարդ լուսանկարիչների հայտնաբերմանը, լուսանկարչությունն ավելի բարձր հարթություն տեղափոխելուն:

Տեղեկացնենք, որ 2017-ի սկզբից կիրականացվեն հայտնի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Կիրականացվեն նաև վարպետության դասեր սկսնակ լուսանկարիչների համար: Դեկտեմբերի 1-ից մինչև տարեվերջ հայտարարվի մասնակցության հայտերի ընդունումը: Այնուհետև ժյուրին կընտրի վարպետության դասերի մասնակիցներին: 

Այս թեմայով