04 Հոկտեմբեր 2016, 23:23
792 |

«ՌեԱնիմանիա»

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարել, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

Առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։

Երկրորդ կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. մայիս և հունիս ամսիներին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը այստեղ։

Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ՝ միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցները պետք է ունենան իրենց անձնական համակարգիչները, իսկ դասընթացի համար անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը։

Դիմումները կընդունվեն Սեպտեմբերի 28-ից Հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Կրթաթոշակներին դիմած երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։

Այս թեմայով