31 Մայիս 2016, 11:19
2971 |

Մարկ Հիլդրյու. «Խաչատրյանի անվան մրցույթը երաժշտական աշխարհի մասն է»

«Խաչատրյանի անվան մրցույթը երաժշտական աշխարհի մասն է։ Այն երիտասարդ դիրիժորներին պրոֆեսիոնալ նվագախմբի հետ և բազմազան երգացանկով աշխատելու շատ կարևոր հնարավորություն է ընձեռում»,- նշում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, արվեստի կառավարումն իրականացնող համաշխարհային առաջատար գործակալություններից մեկի՝ «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն։ Վերջինս նաև Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Տուգան Սոխիևի, Յունդի Լիի և Սերգեյ Խաչատրյանի անձնական մենեջերն է։

Մարկ Հիլդրյուն հունիսի 6-14-ն անցկացվելիք խաչատրյանական մրցույթում ակնկալում է լսել երաժշտություն արարող տաղանդավոր երիտասարդ արտիստների և շփվել նրանց երաժշտական գաղափարների հետ։ 

Այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կայանում է դիրիժորություն մասնագիտությամբ։ Տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 55 թեկնածուներից ընտրվել են 14 երիտասարդ դիրիժորներ, ովքեր հեղինակավոր ժյուրիի առջև կներկայացնեն իրենց մասնագիտական որակները։

Մարկ Հիլդրյուն նկատում է, որ հատկապես սպասում է մրցույթի երկրորդ փուլին՝ տեսնելու, թե արտիստները հատկապես որ սիմֆոնիկ ստեղծագործությունն են ընտրելու կատարման համար և ինչպես են ներկայացնելու այդ խոշորագույն գործերը. «Հետաքրքիր է տեսնել ոչ միայն տեխնիկապես ուժեղ դիրիժորի, այլև մի արտիստի, որն ունի երաժշտության ինքնատիպ մեկնաբանություն և կարողանում է մատուցել յուրաքանչյուր գործ հատուկ հնչողությամբ և ունկնդրին նվիրել զգացմունքային պահեր»։

Խոսելով Արամ Խաչատրյան կոմպոզիտորի մասին՝ Մարկ Հիլդրյուն ընդգծում է, որ Խաչատրյանը հայտնի է որպես իրապես ինքնատիպ մի կոմպոզիտոր, ում երաժշտությունը դիպչում է հոգիներին, ինչպես նաև միաձուլում է ավանդական հայկական երաժշտական ժառանգությունը եզակի գործիքային նրբերանգների և ներդաշնակ ու ռիթմիկ տարրերի հետ։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Ամենամյան մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

 

 

 

Այս թեմայով