30 Ապրիլ 2016, 22:33
5173 |

Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը

Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար:Երևանի Վերնիսաժը շուտով կբարեկարգվի և կդառնա առավել հարմարավետ ու ժամանակակից:

Վերակառուցման 1-ին փուլով նախատեսված շինհրապարակի կազմակերպման և սահմանազատման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Տարածքի արդիականացման համար կազմվել է էսքիզային 4 նախագիծ, իսկ բարեկարգման բուն աշխատանքները կմեկնարկեն միայն նախագծի վերջնական տարբերակը հանրությանը ներկայացնելուց հետո:

Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից հայտնել են, որ քաղաքապետարանում ավարտվել են Գլխավոր պողոտայի Վերնիսաժի հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծային առաջարկների հանրային քննարկումները:

Ծրագրի նպատակն է ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչև Խանջյան փողոց՝ չխաթարելով Վերնիսաժի աշխատանքը: Խնդիրը Վերնիսաժը ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է` տնտեսվարողների գործունեության կանոնակարգմամբ և զբոսաշրջության, հանգստի ու ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ սահմանելով:

Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է Երևանի կենտրոնում` Բյուզանդ-Խանջյան փողոցների հատման հատվածում։ Վերնիսաժ են անվանում արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը, որի ժամանակ սովորաբար ներկա են լինում ստեղծագործող արվեստագետները, նրանց քննադատներն ու հատուկ հյուրեր։ Անվանումն առաջացել է ֆրանսերեն vernis (լաք) բառից, քանի որ նախկինում նկարիչները նման ցուցահանդեսների ժամանակ լաք էին քսում իրենց նկարների վրա։ Երբեմն վերնիսաժ են կոչվում սովորական կիրակնօրյա տոնավաճառները, որտեղ վաճառվում են հուշանվերներ, գորգեր, զարդեր, նկարներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ և այլն:

Այժմ ամփոփվում են լսումների ժամանակ ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, ինչից հետո Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերությանը կտրվի աշխատանքային նախագծերի կատարման առաջադրանք: Ի դեպ, Գլխավոր պողոտայի, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջանկյալ պուրակի բարեկարգման ու վերակառուցման նախագիծը ևս մշակվել է այս ընկերության կողմից:

«Չնայած ներկայացված նախագծերը վերջնական չեն, սակայն դրանցում հաշվի են առնվել մի քանի կարևոր սկզբունքներ. առավել հարմարավետ պայմաններ ստեղծել առևտրային գործունեության համար՝ զուգահեռ ապահովելով տարածքի՝ որպես հանգստի գոտու ձևավորումը: Չգործող շատրվանները կփոխարինվեն ավելի փոքրերով, որոնք հնարավորություն կտան տարածքն առավել արդյունավետ օգտագործելու, կտեղադրվեն նստարաններ, ցայտաղբյուրներ: Տարածքը կունենա գիշերային լուսավորություն»,-նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Արդիականացման շնորհիվ Վերնիսաժը կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կսալապատվի:

Որքան կարժենա նախագիծը` դեռ հստակ չէ. քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը հնարավոր կլինի ճշտել միայն նախագծա-նախահաշվային աշխատանքների ավարտից հետո: Սակայն արդեն իսկ հայտնի է, որ Վերնիսաժի բարեկարգման և արդիականացման ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է տարածքի վարձակալի կողմից:

1980-ականների կեսերին Երևանում` ներկայիս Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, բաց երկնքի տակ ցուցահանդես բացվեց: Հիմնականում նկարներ էին ցուցադրվում և վաճառվում: Այն ստացավ «Վերնիսաժ» անվանումը, որ մատնացույց էր անում վերնիսաժային մշակույթի ձևավորումը Երևանում, հետագայում` ամբողջ Հայաստանում: Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվեց 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար էլ տեղ հատկացվեց Հանրապետության հրապարակին կից այգում:

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտյա, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիներից մնացած հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

Աղբյուրը՝  http://panarmenian.net/

 

Այս թեմայով