20 Ապրիլ 2016, 12:14
3510 |

Մանուկ Նիգոյան. «Մեզ համար ամեն մի ընթերցողը հաղթանակ է»

Մեկնարկում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի չորրորդ փուլը, և այդ կապակցությամբ առիթ ունեցանք զրուցլու նախագծի հեղինակ, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանի հետ: «Խորհուրդ են տալիս հայտնիները» գրքի ու գրականության գովազդով զբաղվող բացառիկ նախաձեռնություն է, որի շուրջ համախմբվել են ընթերցողներն ու երկրի ամենահայտնի մարդիկ:

-Ասում են, հարցազրույցները պետք է սկսել ամենաանսպասելի հարցից, այնպես որ հարց. չե՞ք հոգնել այս նախագծից, որ արդեն երեք եթերաշրջան է ունեցել ու հիմա չորրորդը պիտի սկսվի, ու չե՞ք վախենում, որ այս ֆորմատով կհոգնեցնեք ընթերցողներին:

-Անկեղծ ասած, նախագծի տարբեր փուլերին հյուրերը տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, այնպես որ չենք կարող ձանձրանալ, չնայած երբեմն նյարդային ջղաձգումներ լինում են՝ կազմակերպչական հարցերի հետ կապված: Բայց երբ հասկանում ես՝ ինչ օգտակար նախագիծ ես անում, էդ բոլորը արդեն կարևոր չի:

-Ի՞նչ է մեզ սպասում այս օգտակար նախագծի չորրորդ փուլում:

-Չորրորդ փուլում սպասում են մարզաշխարհի ներկայացուցիչներ, ովքեր լինելով գրականությունից ամենահեռու բնագավառի ներկայացուցիչները, կփորձեն գրականությանը մոտ լինելու տպավորություն ստեղծել:

-Բայց ո՞վ է ասել, որ սպորտը ամենահեռու բնագավառն է գրականությունից:

-Ինչ որ ես ասում եմ, ասում եմ հայաստանյան իրականությունից ելնելով, իսկ Հայաստանում գոնե մարզաշխարհը գիրք կարդալ սիրող ամենաքիչ մասնակիցներ տված բնագավառն է: Այսինքն, գիրք սիրող և ինտելեկտուալ շատ դերասաններ ունենք, շատ քանդակագործներ, ճարտարապետներ, բժիշկներ և այլն, բայց ոչ ֆուտբոլիստ, ոչ բռնցքամարտիկ, ոչ ծանրամարտիկ:

-Տպավորություն ստեղծելու մասին: Շատերից եմ լսում, որ նախագիծը անհաջող է նրանով, որ կարծես թե ընթերցանության տարածման պրոպոգանդա, գովազդ չլինի, այլ հայտնիներին գովազդի, այսինքն՝ հայտնիներ են, ովքեր փորձում են խաբել մեզ, տպավորություն ստեղծել, որ կարդացող են, շատ ինտելեկտուալ են և այլն: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Շատ լավ, թող էդպես լինի: Հայաստանի Հանրապետության իշխանությունները արդեն երկար ժամանակ է փորձում են ցույց տալ, թե իրենք ժողովրդավար են: Բայց իրենք երբեք ժողովրդավար չեն եղել: Ի՞նչ ենք մենք անում: Մենք ասում ենք. քավ լիցի, մենք ամենաշատն ենք ուզում, որ դուք ճիշտ դուրս գաք, և հայ ժողովուրդը, որ հույսը ամենաշատ սիրող ժողովուրդն է, անդադար հնարավորություն է տալիս էս մարդկանց, որ ապացուցեն, որ իրենք ժողովրդավար են: Հիմա էս նախագիծը հնարավորություն է ստեղծում էդ հայտնի մարդու համար, որ ապացուցի, որ ինքը այնպիսին չի, ինչպիսին իր մասին մտածում են: Եվ հետո, էդ մարդը գուցե իրոք կյանքում ոչ մի գիրք չի կարդացել: Այդ դեպքում նախագիծը մի կրակոցով երկու նապաստակ է սպանում՝ և՛ չկարդացող հայտնի մարդուն, և՛ չկարդացող հայտնի մարդու չկարդացող երկրպագուին ստիպում է կարդալ:

-Ձեզ մոտ ինչպիսի՞ տպավորություն է ստեղծվել նախորդ երեք փուլերից: Ավելի շատ քննարկումներին գալիս են իրո՞ք չկարդացող երկրպագուները, թե՞, հակառակը, գալիս են հենց ընթերցողները՝ անկախ նրանից, թե ովքեր են հյուրերը՝ քաղաքական գործիչներ, երգիչներ, թե սպորտսմեններ:

-Միանշանակ մեծամասնությունը մարդիկ են, ովքեր չեն կարդացել գիրքը, չհաշված որոշ բացառություններ, իհարկե: Բայց ես դրան էլ դեմ չեմ, որովհետև եթե նախագծի քննարկումներին գալիս են, դիցուք, հիսուն հոգի, ու նրանցից քսանը գիրքը կարդացել են, երեսունը՝ չէ, ես վստահ եմ, որ այդ երեսունից քսանը հետո գիրքը կկարդան: Ու դա արդեն նախագծի նպատակի իրականցում է: Ու նույնիսկ եթե էդ երեսունից մեկն է գնում-կարդում, դա էլ է լավ ցուցանիշ: Ուզում եմ, որ քանակի հետ կապված հասկանանք, որ հիմա մենք այնպիսի վատ վիճակում ենք, որ մեզ համար ամեն մի ընթերցողը հաղթանակ է:

-«Խորհուրդ են տալիս հայտնիները» բնորոշվում է՝ որպես «բացառիկ» նախագիծ գրքի պրոպոգանդման գործում: Բացառիկ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

-Իսկ դուք տեսե՞լ եք նման նախագիծ: Հայկական իրականության մեջ: Որովհետև եթե նույնիսկ մենք ոչ մի տեղ չենք կարող գտնել նման նախագիծ, հաստատ կա մեկը, ով, ասենք, Մագադանի արվարձաններում անում է նման գործ: Պետք է տեղայնացնել:  Յյուրաքանչյուր բան քո երկրի սպառողի համար պիտի ստեղծես: Ու դրա գովազդը պիտի բխի քո երկրի սպառողների ընկալողականությունից ու պահանջներից:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հենց այս փուլից:

-Գիտեք, դժվար է լինել նախագծի կազմակերպիչ ու անկնկալիքներ ունենալ, որովհետև էս պարագայում բոլորի ակնկալիքներին ականջալուր լինողը դու ես: Իսկ սեփական ակնկալիքները սկսվում ու վերջանում են հետևյալով. որ էս նախագծի հանդեպ հետաքրքրությունը չի մարի ու գնալով ավելի կաճի: Ես արդեն զգում եմ աճի տենդենցը՝ եդիայում և հաացանցում: Որովհետև հեռուստաընկերությունները մեզ արդեն խանդի դրսևորումներով ու իրար հերթ չտալով են կանչում հարցազրույցների, իսկ մի ժամանակ խնդիր ունեինք լուսաբանման հետ կապված: Ու, բնականաբար, մեծագույն ակնկալիքս այն է, որ նախագիծը հասնի նպատակին, ու Հայաստանում մարդիկ սկսեն շատ գիրք կարդալ:

-Հենց այս ուրախ նոտայի ներքո տամ վերջին հարցը: Եթե ձեզ հրավիրեին այս նախագծին, ո՞ր գիրքը խորհուրդ կտայիք:

-Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը և քաղաքացու՝ իշխանություններին ընկալելու և իշխանությունների սխալները նրբորեն զգալու պակասը, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ կարդանք Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» և «1984»-ը: Այնպիսի տպավորություն է, որ Օրուելը գրել է Հայտանի մասին՝ 2016 թվականին: Նաև վերջերս Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդն» եմ կարդացել: (Ի դեպ ասեմ, որ նախագծի շրջանակում Հայաստան է գալու Դաթո Տուրաշվիլին:) Այդ գիրքն էլ անպայման խորհուրդ կտամ կարդալ:

 

Այս թեմայով