13 Ապրիլ 2016, 18:58
1799 |

Ջազը կրկին ջնջում է սահմանները

Արվեստում չկան սահմաններ, առավել ևս` երաժշտության մեջ: Այս օրերին դա ևս մեկ անգամ ապացուցեցին մի խումբ տաղանդաշատ ջազմեննր, ովքեր իրենց կատարմամբ ցուցադրեցին, որ երաժշտությունը ոչ միայն սփոփանք է, այլև հաղորդակցվելու ամենամարկային լեզուներից մեկն է: Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում ջազի վիրտուոզները միավորվել էին մեկ՝ «Արվեստը սահմաններ չի ճանաչում» գաղափարի ներքո: Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստանից), Վահագն Հայրապետյանը (Հայաստանից) Լորեն Ռոբինը (Ֆրանսիայից) և Մատիաս Ալամանեն (Ֆրանսիայից):

«Երաժշտությունն ապրում է ինձ հետ, ես ապրում եմ երաժշտությամբ», - ահա այսպես սկսեց իր խոսքը երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, ով այս տարի առաջին անգամ էր այցելում Հայաստան:

Իր կարծիքով հայ ժողովուրդն ունի հարուստ և ուրույն երաժշտական մշակույթ, և այն հայը, ով երաժշտական կրթություն  անգամ չունի, միևնույն է համարվում է լավ ունկնդիր: Այն հարցին, թե ինչ է լինելու երգացանկում, Սերգեյ Մանուկյանը պարզապես նշեց, որ  ջազը խիստ կանոններ չի սիրում. «Ջազմենները  հեքիաթներ են պատմում, մեր աշխարհը հորինված է, այն ինչ ուրիշները դժվարությամբ են ասում , մենք դա փոխանցում ենք  ջազի միջոցով»,- նշեց երաժիշտը:

Վահագն Հայրապետյանն էլ  վստահեցնում է, որ հայկական ջազն ամենուր էլ ընկալվում է  որպես հայկական ջազ, քանի որ այն ունի հստակ ձեռագիր: «Ջազը դա իմպրովիզացիա է, կյանքը նույնպես»,- վստահ է Վահագն Հայրապետյանը:

 

Լորեն Ռոբինը և Մատիաս Ալամանեն Ֆրանսիայից հատուկ նպատակով են եկել Հայաստան, առաջիկայում իրենց դեբյուտային ալբոմը պետք է ձայնագրեն Վահագն  Հայրապետյանի հետ: Այս մասին տեղեկացրեց Վահագն Հայրապետյանը` նշելով, որ իր համար մեծ զարմանք ու հպարտություն էր,  որ Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող թմբկահարն ինքն  է նման ցանկությամբ հանդես եկել:

Արդեն ապրիլի 13-ին  հայկական ջազի սիրահարներին հագեցած համերգ է  սպասվում  նաև Մեցցո ակումբում, իսկ ապրիլի 17-ին` Գյումրիում, որտեղ երաժշտական այս հանրահայտ  ուղղության  երկրպագուներին  սպասվում է ջազային համերգ-տոն, որի շրջանակներում կրկին մեկ բեմում կմիավորվեն ջազի վիրտուոզները և կրկին կջնջեն բոլոր սահամնները...

 

Այս թեմայով