07 Ապրիլ 2016, 13:18
3368 |

Պայքարել զենքով և արվեստով...

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և ոգեկոչման» համերգաշարերի համատեքստում իսկապես հարիր չէր տոնել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 15-ամյակը։ Մոռացության մատնելն էլ արդարացի չէր լինի, քանի որ հայաստանյան ամենաթանկարժեք այս երաժշտահանդեսի շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ հյուրընկալել աշխարհահռչակ մի շարք երաժշտախմբերի, անհատ կատարողների և կոմպոզիտորների, այլև հուսալի կամուրջ կապել Արցախյան ազատամարտով, տևական շրջափակմամբ ու բազմաբարդ տասնամյակներով արտաքին աշխարհից կտրված Հայաստանի Հանրապետության ու արտերկրի մշակութային ներկայիս կարևոր հանգրվանների միջև։

  Դժվարին գոյամարտում տարած հաղթանակով ձեռք բերած քիչ թե շատ կայուն խաղաղությամբ, երբ կարելի եղավ մեր փոքրիկ հայրենիքում    աստիճանաբար վերականգնել  կյանքի  անհամեմատ կանոնավոր ռիթմը, հոգևոր-մշակութային բարձրարժեք ներարկումներով գոտեպնդվելու  հանրային պապակը առաջնահերթ գոհացման պահանջ հարուցեց։ Այս տեսակետից  անուրանալի է «Երևանյան հեռանկարների» որոշակի դերակատարությունը, որը տարեցտարի առավել ծանրակշիռ դարձավ։  Ուստի ողջունելի է, որ ս.թ. ապրիլի 26-ին,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք  հոբելյանական համերգով, վերջապես տոնական շուքով կնշանավորվի այդ  հիշարժան տարեդարձը։

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»- ի  «ԿՐՏՍԵՐ ԶԱՎԱԿԸ»

 Ովքեր անցյալ գարնանը ներկա էին գտնվել  «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնարկեքի հանդիսանքին, դժվարությամբ, բայց հոժարակամ ուղևորվեցին  «Երևանյան հեռանկարների» հիմնադիր գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի կառուցած գողտրիկ «մշակութային դղյակում» կազմակերպված միջոցառմանը։ Պատեհ առիթ էր տեղում համոզվելու, թե որքանով է ծառայում իր հռչակած համազգային կոչումին «Բյուրականը»՝ «Երևանյան հեռանկարների» «կրտսեր զավակը»։

-  Շարունակում ենք հյուրընկալել լուրջ արվեստների տարածման ու զարգացման տեսակետից կարևոր անհատների, - հանդիպման հենց սկզբից արժևորեց այս ակադեմիայի մեկամյա գործունեությունը Ստեփան Ռոստոմյանը։-  Որևէ բացթողում չենք ունեցել։ Փորձել ենք  պահպանել  բարձր նշաձողը. հաղորդակցվել  արվեստի գագաթներին, համագործակցության եզրեր գտնել հեղինակավոր միջազգային կառույցների հետ։  Այս օրն  ինձ համար  իրոք նվիրական է, քանի որ ակադեմիայի ծննդյան առաջին տարեդարձը նշում ենք  արվեստի լուրջ գիտակներից ևս մեկի՝ Պոլ Դյուժաղդենի, հետ։ Համաշխարհային ճանաչում ունեցող  ևս մեկ բարեկամ  ձեռք բերեցինք։ Մեր մեծագույն հարստությունը հենց նշանավոր անհատներն են, որոնց համագործակցությամբ կարողանում ենք  ճանաչելի դարձնել, ապրեցնել ազգային երաժշտարվեստը  ամբողջ աշխարհում։ Այսօր նաև իմ ծննդյան օրն է։ Ռեալ փաստը 60 տարին է...

    Կարծես կարդալով ուխտադրուժ ազերիների արյունռուշտ նկրտումների աննախադեպ մահավեր պոռթկումից ընկճվածներիս չբարձրաձայնած մտահոգությունները՝ սրտաբաց տանտերն այնուհետև  կտրուկ անցում արեց իրեն խորապես խոցած օրվա հրամայականով.

-Պիտի որ շատ ուրախ լինեի։ Բայց, լինելով իմ ժողովրդի մի մասնիկը, չեմ կարող չմտահոգվել Արցախի ճակատագրով, չմտահոգվել այն իրողությամբ, որ այդպես էլ մեզ չհաջողվեց մարդկային լեզվով հաշտության եզրեր գտնել և ստիպված ենք  զենքով  պաշտպանել ազատության մեր իրավունքը։ Մեր ազգին բնավ հարիր չէ, բայց մեզ ամեն անգամ ստիպում են, որ դրան դիմենք։ Կրոնների խառնարանում գոյատևելով՝ միշտ ստիպված ենք եղել մահու-կենաց պայքար մղել։ Հաղթել ենք, քանի որ մենք մեր հողերի, մեր երկրի տերն ենք, բարձր արժեքներ ենք դավանում,  քրիստոնյա շինարար ազգ ենք, ոչ՝ թալանչի։ Եվ Աստված մեզ զորավիգ է լինում։ Պետք է շարունակենք պայքարել  ինչպես զենքով, այնպես էլ արվեստով, մեր ստեղծած նոր արժեքներով։ Ոչ մի ոլորտ չպետք է աչքաթող անել։ Ուստի այսօր պետք է բարձր արվեստի տոնը նաև միասին նշենք։ Ասում են՝ ուրախությունը ուրախություն է բերում։ Մենք մի խնդիր ունենք՝ Բարի՜ն տարածել, փրկել մարդ արարածին գազանացումից։ Այդ առումով մի կարևոր պակաս ունենք՝ խոշոր անհատների. արվեստագետների,  քաղաքագետների, գիտնականների... Մոլորակի վրա ցավոք այդ անհատներն են պակասել, մինչդեռ  մի անհատը կարող է  մարդկության կյանքը թե դրախտ դարձնել, թե դժոխք։ Մենք այս առումով որոշակի տեղաշարժ ի զորու եղանք անել՝ փոքր Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձրեցինք որպես մշակութային երկիր։ Դա մեր շնորհը չէր, Հայաստանն արդեն այդպիսին էր, բայց մենք արդի երաժշտարվեստի հանրահռչակմամբ վերահաստատեցինք։ Եթե յուրաքանչյուրն իր ոլորտում համարժեք ջանքեր գործադրի, իսկ ես կարծում եմ, որ այստեղ հավաքված մտավորականների մեջ լուրջ անհատներ կան, մեր փոքր ազգը համակողմանի  պատշաճ ճանաչում կգտնի ներկայիս աշխարհում։ 

     Հոգով և մարմնով չծերացող հոբելյարի անկեղծությունը ասես  ժամանակավոր սպեղանի դարձավ հավաքվածներիս համար և շուտով ներգրավվեցինք նախաձեռնված երկխոսության տիրույթում՝ բարեկրթորեն հարգելով նաև  մեզ իր ներկայությամբ պատված հրավիրյալ հանրահայտ խոսնակի ազնիվ նպատակը։

ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԴԵՍՊԱՆԸ

   «Բյուրական» արվեստի ակադեմիայի 2016-ի առաջին պատվավոր հյուրը 21-րդ դարի ամենաճանաչված եվրոպական մշակութային հաստատություններից մեկի՝ «BOZAR» (թարգմ.՝ «Գեղեցիկ արվեստներ») համերգասրահի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդենն է։ 2002-ից զարգացնելով  «BOZAR»-ի գործունեությունը ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ունակ իր տեսլականով՝  նա կյանքի է կոչել մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ կարողացել է մի հարթության վրա մեկտեղել  երաժիշտներին ու նկարիչներին, գիտնականներին ու քաղաքագետներին։ Միայն անցյալ տարի իրականացրել է 450  մասշտաբային համերգային ծրագրեր։ Համադրելով դրանք կերպարվեստի ցուցահանդեսների կազմակերպմանը՝ էապես հաջողել է  շեշտադրել օրախնդիր  տարբեր թեմաներ՝ եվրոպական քաղաքացիություն,  ներգաղթ,  մշակույթ, կրթություն և  այլն։  Դյուժաղդենը  համառորեն  ջանում է ընդարձակել իր մարդասիրական նկրտումների   կարևորման տիրույթը՝ 131 լեզվով խոսող Բելգիայում ձևավորված բազմազան միջազգային համայնքների  միավորումից անցնելով Եվրոպայի տարածաշրջաններին, Ռուսաստանի Դաշնությանը, ասիական ու լատինաամերիկյան երկրներին։ «BOZAR»-ի նախաձեռնությունների հնարամիտ բազմերանգացմամբ, օրինակ, Բախի համատեքստում կենտրոնացվել են 68 երգչախմբեր, որոնք ի զորու են եղել մեկտեղել հարյուր հազարավոր մարդկանց նաև համայնքի հոգսերը կիսելու գործուն պատրաստակամությամբ։  Գլխավորելով «Եվրոպայի մշակութային կոմիտեն»՝ նախագահներ Բարոզոյի և Թուսկի, վարչապետ Մերկելի, Պլասիդո Դոմինգոյի, Անդրուլա Վասիլիուի, Վալերի Ժիսկար դ’Էստենի և բազմաթիվ ուրիշ մշակութային ու քաղաքական հեղինակավոր անհատների մասնակցությամբ   Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից Ասպետի կոչման արժանացած Դյուժաղդենը փորձում է կերտել Եվրոպայի նոր պատմությունը մշակույթի և գիտության միջոցով։

     2013-ից զբաղեցնելով  աշխարհի 150 տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային երաժշտական կազմակերպություններ և ցանցեր միավորող «Միջազգային երաժշտական կոմիտեի» նախագահի պաշտոնը՝ բավականաչափ իրազեկված էր Հայաստանի պատմամշակութային տարեգրությանը։ Բելգիայի հայկական փոքրաթիվ համայնքն էլ ակտիվորեն ներգրավված է «BOZAR»-ի ծրագրերում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք  միջոցառումներ են անցկացվել, որոնցից  ամենավարկանիշայինը Բալկաններինն էր։ Չմոռանանք, որ «Երևանյան հեռանկարների» գործուն մասնակցությամբ արտերկրում իրականացված  «Քեզ հետ, Հայաստան»  համերգաշարերով հատու շեշտադրություն ստացավ այլազգի և հայարմատ նշանավոր երաժիշտների կողմից մեր պատմական ողբերգության 100-րդ տարելիցը։ Ուստի ամենևին զարմանալի չէր, որ առաջին անգամ ոտք դնելով մեր մայր հողի վրա, Դյուժաղդենն իրատեսական հենքի վրա էր կառուցել իր  «Հայաստանը և երկխոսությունը Եվրոպական միության արևելյան գործընկերության միջոցով. մշակույթի դերը» թեմայով զեկուցումը։  

     Մինչ հրավիրյալ խոսնակը  «Բյուրական» ակադեմիայում հավաքված հայաստանցի արվեստագետներին ու մտավորականներին կմանրամասներ իր  ստանձնած առաքելությունը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ու նրա հիմնադիր գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի  առաջին միաձույլ հոբելյանակատարությանն իրենց    երաժշտական  ընծան են  մատուցում  «Հովեր»  սեպտետը՝ Կոմիտասի Պատարագից «Գոհանամք» հատվածը Լիպարիտ Ավետիսյանի մենակատարությամբ և պետական կամերային երգչախումբը՝ Մալերի «Ես հեռանում եմ այս աշխարհից»  ու Կոմիտասի «Հովն անուշ» խմբերգերով։

«ԵՐԵՎԱՆՅԱՆ  ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ»  ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ  «ՀՈՎԵՐԸ»

     Կազմավորման պահից այս երաժշտախումբը Սոնա Հովհաննիսյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մասն է կազմել՝ մասնակցելով նրա բազմաթիվ համերգային նախագծերին, ինչպես նաև «Բյուրական» արվեստի ակադեմիայում մշակութային միջավայր ստեղծելու առաքելության իրագործմանը։ Եվ հենց «Երևանյան հեռանկարների» շնորհիվ «Հովերը»  Պենդերեցկու՝ հատուկ իր համար գրված  երաժշտակտավի պրեմիերայով հանդես եկավ Կարնեգի հոլլում։ Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հավաստմամբ,  ազգային սնապարծություն ներշնչող՝ «հրաշալի կատարում, չտեսնված երգչախումբ» գնահատանքին արժանացավ մեր «Հովերը» Միացյալ Նահանգներում։ Պակաս նշանակալից չէ նաև մյուս Սոնա Հովհաննիսյանի՝ միջազգային փառատոնացանցում գրանցված միակ հայաստանյան փառատոնի տնօրենի ներդրումը եվրոպական բարձր ատյաններում մեր երկիրը արժանապատվորեն ներկայացնելու տեսակետից։ Հենց նրա բանիմաց բարեկրթությամբ է  Հայաստանի Հանրապետությունը  հավասարի իրավունքով մասնակցում հեղինակավոր մի շարք համաժողովների։ Սա այն պարագայում, երբ պաշտոնապես Եվրամիությանը չի անդամակցում։

-15 տարի առաջ, երբ «Հովերը» դեռևս պետական կարգավիճակ չուներ, ինձ մոտ եկան Ստեփան  Ռոստոմյանն ու Էդուարդ Թոփչյանը և առաջարկեցին կարճ ժամանակում պատրաստել բարդագույն մի ծրագիր ու հանդես գալ  երաժշտական այնպիսի հսկաների առջև, ինչպիսիք են Գուբայդուլինան, Շչեդրինը, Պենդերեցկին և ուրիշներ,- ասում է «Հովերի» գեղարվեստական առաջնորդը։- Ամեն կերպ փորձեցի պատասխանատվությունից խուսափել, բայց ինձ սաստեցին՝ ինչպե՞ս կարող ես երկմտել, վախենալ, երբ սա մե՜ր փառատոնն է, քո՜ փառատոնը... Առաջինը Բրիտենն էր, որ պիտի կատարեինք Ռոբերտ Մլքեյանի գլխավորած կամերային երգչախմբի հետ համատեղ։ Չէինք հասցնում նույնիսկ ուշքի գալ։  2 շաբաթում 2 մեծ վոկալ սիմֆոնիկ գործ պատրաստեցինք. Գուբայդուլինայի «Կրկին հավերժ ձմեռ է» և «Ձոն արևին», Շչեդրինի «Պատարագը», Կուտավիչուսի  «Երուսաղեմի դարպասները»... Բոլորն ասում են, թե ինչ է տալիս մեզ այս փառատոնը, չէ՞ որ հսկայական միջոցներ են ծախսվում։ Ես ասում եմ, երբ մենք վաղը մտաբերենք այս տարիները, պիտի հպարտանանք, որ պատերազմական բարդագույն շրջանում Հայաստան էր եկել Դանիել Բարենբոյմը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը... Վստահաբար ասում եմ, որ Բարենբոյմի կարգի  անհատների  համերգից առաջ և հետո  ունկնդիրը նույն մարդը չի մնում, որովհետև այդպիսի երաժիշտը որակ է փոխում՝ հասկանան, թե ոչ նրա մատուցած երաժշտությունը։ Հենց այս մարդկային  որակական փոփոխության վրա չպետք է ափսոսել գումար ծախսել։ Այս առումով «Երևանյան հեռանկարները» ինձ համար կարևորագույն փառատոն է, որովհետև որակի փառատոն է, հայացքն ուղղված է դեպի 21-րդ դարի հեռուները։ Հիմնարար նշանակություն ունեցավ նաև «Հովերի» կյանքում։ Եվ այսօր մենք փաստում ենք այնպիսի համերգներ և Հայաստանում, և արտերկրում, որ միայն «Հովերի» հաջողությունը չեն։ Երբ հանրահայտ մի երաժիշտ կատարող կամ հեղինակ ասում է, որ «Հովերը» բարձրակարգ երգչախումբ է, միջազգային վարկանիշն է ամրագրվում «Հովերի»։ Այս կարգավիճակն է մեզ համար շատ կարևոր, և կարևոր է այն, որ այս ամենը շարունակվում է, կայուն ընթացք ունի։

     «Հովերյան» բարձրարվեստ կատարումներից փայլելով՝ Պոլ Դյուժաղդենը հակիրճ պատկերավորությամբ ներկայացնում է «BOZAR»-ի  գործունեության տարեգրությանն իր գլխավորությամբ հավելված մնայուն էջերից մի քանիսը։ Խուսափում է մանրամասնելուց։ Մի պարզ պատճառով։ Ռոստոմյանին ընծայած   «BOZAR»  ստվարածավալ գրքին ցանկացողները կարող են  անմիջականորեն հաղորդակցվել։ Ինչպես նաև  նկարիչ-կոմպոզիտոր Վատտոյի շքեղ գիրք-ալբոմին, որը հայտնություն է դառնում ներկաներից շատերի համար։  Հայտնություն էր նաև առաջին անգամ Հայաստան այցելած Դյուժաղդենի  համամարդկային մտածողության հարազատությունը ներկա հայաստանցիներին։ Աշխարհում ամենուր է ժամանցայինը խոշոր եկամուտներ ապահովում, բայց հանրության միտքն ու հոգին բարեկրթվում է միմիայն մշակութային բարձր արժեքներով:

-Հայաստանի հետ համագործակցությունը առանձնակի կարևորում եմ,- եզրափակում է  իր խոսքը Պոլ Դյուժաղդենը,- քանի որ մենք կենտրոնական և արևելյան Եվրոպայի այբուբենն ենք։ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելը և Հայաստանը կոսմոպոլիտ մոտեցում ունեն։ Երկուստեք փորձում են վերահսկել, թե որ արվեստագետը որտեղ է գտնվում։ Եվրոպայի շենգեն կարգավիճակն է  հարկադրում համակարգել  թափառականության ահագնացումը, Հայաստանի՝ պատմականորեն ձևավորված Սփյուռքը։ Մենք պետք է բաց լինենք Սփյուռքի համայնքների համար, քաղաքական գործիչներն էլ իրենց հերթին պիտի  քայլեր ձեռնարկեն Հայոց պետությունն ու Սփյուռքի համայնքները միավորելու։

«BOZAR»- Ը  ՀՄԱՅԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ  ԵՐԱԺՇՏԱԽՈՒՄԲԸ  

     Դյուժաղդենի ակնկալած մշակութային բազմերանգության բարձրարվեստ դրսևորման նոր արտահայտություն դարձան  2008-ին Լևոն Իսկենյանի հիմնած Գյուրջիևի անվան  ժողովրդական նվագարանների  համույթի  նրա զեկուցմանը հաջորդած  ելույթները։

- Չափազանց հետաքրքրասեր գյումրեցի  Գեորգի Գյուրջիևը գրքերում չգտածը  փորձել է հասկանալ  20 տարի շարունակ ճամփորդելով, - Գյուրջիևի «Երգ Սուրբ գրքից» և Կոմիտասի «Լոռվա գութաներգի» կատարումներից առաջ հակիրճ պարզաբանում է Լևոն Իսկենյանը։ - Պարսկաստան, արաբական երկրներ, Հնդկաստան, Տիբեթ... Ապրել է տարբեր կրոնական համալիրներում՝ բուդդայական, իսլամական, քրիստոնեական... Իր համար բացահայտելով տարբեր փիլիսոփայությունների էությունը՝ ստեղծել է մարդու հարմոնիկ զարգացման դպրոցը  Ֆրանսիայում, որտեղից էլ նրա ուսմունքը և ժողոված երաժշտության մշակումները  տարածվել են  ամբողջ աշխարհում։  

Լիովին չվերծանված Կոմիտասն է համույթի երկրորդ  խոշոր նախագիծը, որում շեշտը դրված է 7 պարերի վրա։ Հայտնի է, որ Կոմիտասն իր դաշնամուրային գործերում նշել է, թե  ժողովրդական որ գործիքների հնչողությունը պետք է կատարողն ապահովի։ Ուսումնասիրելով  Կոմիտասի պահանջները՝ Լևոն Իսկենյանը  դաշնամուրային գործերը  խնամքով փոխադրել է  այն լարայինների կատարման համար, որոնք  Վարդապետն է նշել։ Եվ կոմիտասյան նրանց կատարումը սրում է ներկաների հետաքրքրությունը նոր ձայներիզի հանդեպ, որի շնորհանդեսը «գյուրջիևցիները» դեռ  չեն արել։ Հետաքրքրված է  նաև Պոլ Դյուժաղդենը, ով հիացմունքով է հետևում  Գյուրջիևի անվան համույթի ամեն մի նվագարանի հնչողությանը, տեսագրում։ Ասես նորովի է հայտնագործել  այս երաժշտախմբի անշփոթելի գրավչությունը ։

 

     -Եթե հիշում եք, 2011-ին «Գյուրջիևի երաժշտությունը» ձայնասկավառակը ճանաչվեց լավագույնը և մեծ ճանաչում բերեց  մեզ։ «Էդիսոն» մրցանակը  2012-ին շահելուց հետո «BOZAR»-ը  ցանկացավ  2 համերգ ունենալ և  2014-ի փետրվարին կազմակերպեց կովկասյան օլիմպիական խաղեր՝ շեշտը դնելով «Գյուրջիև» համույթի վրա։  Հետաքրքրությունը շատ մեծ էր, մարդիկ նույնիսկ չէին կարողացել տոմս գտնել։ 2015-ին էլ Հոլանդիայի փառատոնից հետո գնացինք  Բրյուսել և Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործություններով մասնակցեցինք Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին։ «BOZAR»-ը  շատ լայն գործունեություն է ծավալում։ Կենտրոնի աշխատանքը կառուցողական է և ընդօրինակելի, որովհետև արվեստի միջոցով ինքը շատ  համընդհանուր հարցեր է փորձում արծարծել։ Եվրոպայի այն եզակի բաց կառույցներից է, որ այլազան ծրագրեր է համադրում։ Դասականի կողքին մատուցում է ռոք կամ պոպ երաժշտություն, նկարչությունն ու պարարվեստն է նաև ընդգրկում, անցկացնում է թեմատիկ համաժողովներ, որոնց մասնակցելու համար մարդիկ հատուկ Բրյուսել են գալիս։  Մեր «Երևանյան հեռանկարներն»  էլ Եվրոպայի կարևորագույն փառատոններից է։ Վստահաբա՜ր կարող եմ պնդել, քանի որ շատ եմ շփվում եվրոպական փառատոնների հետ։

    Վահագն Հայրապետյանի խմբի ջազային  կենսախինդ կատարումներով դեպի մայրամուտ թեքվեց արվեստով և կառուցողական քննարկումներով հագեցած  օրը։ «Բյուրական» արվեստի ակադեմիայում փաստորեն կազմավորման 15-ամյակի հանդիսության նախաշեմին ազդարարվեց փառատոնի 16-րդ մեկնարկը։ Ապրիլյան համերգից հետո իր որդեգրած գաղափարախոսությանը համարժեք նոր  համերգային ու կրթական ծրագրեր է նախաձեռնել «Երևանյան հեռանկարները»։ Ամբողջ  տարվա կտրվածքով։ Մայիսի 10-ին կհյուրընկալի Միխայիլ Պլետնյովին, ապա Էստոնիայի տղամարդկանց երգչախմբին,  «Հագեն» լարային քառյակին, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին, բազմաթիվ վարպետության դասեր կանցկացվեն հայտնի երաժիշտների կողմից։ Երաժշտական հրավառության բարձրակետն ակնկալվում է աշնանամուտին, ի նշանավորումն ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի։

Այս թեմայով