11 Մարտ 2016, 12:45
2562 |

Երևանյան թանգարանների կենտրոնում

Երևանում տասնյակ թանգարաններ կան, յուրաքանչյուրում` հարյուրավոր ցուցանմուշներ: Սակայն յուրաքանչյուր թանգարանի ցուցարդություն ունի իր անվիճելի «մեխը»:

Երվանդ Քոչարի թանգարան. «Պատերազմի արհավիրք» նկարը (1962թ., կտավ, յուղաներկ) հանճարեղ արվեստագետի բողոքն է ընդդեմ պատերազմի, բռնության, ցեղասպանության: Նկարը ստեղծվել է «սառը պատերազմի» տարիներին, երբ աշխարհին սպառնում էր ատոմային արհավիրքը, սակայն այս ստեղծագործության հիմքում որևէ պատմական փաստ, ժամանակաշրջանը բնորոշող որևէ ատրիբուտ չկա: Հեղինակը խուսափել է կոնկրետացումից և դրանից ստեղծագործության ներգործուն ուժն ավելի է մեծացել: Այսօր էլ` նկարի ստեղծումից 50 տարի անց, դրանում արծարծվան խնդիրն օրհասական է:

 

Հովհաննես Թումանյանի թանգարան. Ամենայն հայոց բանաստեղծի երևանյան թանգարանում հատկապես տպավորիչ է Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թվում է, թե ուր որ է Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն մեր մեծ մտավորականները` Աղայանը, Շանթը, Դեմիրճյանը, Կոմիտասը, Իսահակյանը… Իսկ գիտեի՞ք, որ 20-րդ դարասկզբին Թումանյանը սառնարան է ունեցել:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. Այստեղ ցուցադրված ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը երգահանի դաշնամուրն է, որը 1907-ին Կոմիտասին է նվիրել Ալեքսանդր Մանթաշյանը: Նախքան այդ Կոմիտասը ստեղծագործել է մեկ այլ փոքրիկ գործիքով` ֆիզհարմոնով, որն ավելի սահմանափակ հնարավորություններ ուներ:  Հետագայում գրված անձնական նամակներից մեկում Կոմիտասը հայտնում է իր ուրախությունն ու հուզմունքը՝ ասելով. «Վերջապես ես էլ մարդահաշիվ եմ դառնում, հարմարություն  ունեմ աշխատելու, էլի աշխատելու»:  

 

Ավետիք Իսահակյանի թանգարան. Ցարական գաղտնի ոստիկանության կողմից հետապնդվելով` Իսահակյանը մեկնել է արտասահման: Նա բավական երկար է ապրել արտերկրում` լինելով նաև Փարիզում, որտեղ էլ ծանոթացել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևային: Տարագիր, հայրենիքից հեռու` այս երկուսը կարծես ձգել են մեկմեկու: Փոխադարձ  ակնածանքի  ու հիացմունքի արդյունքում էլ հանդիպումներից մեկի ժամանակ Մարինա Ցվետաևան Իսահակյանին է նվիրել ռուսական մի սրբապատկեր, որը տարիներ անց  խնամքով պահվում է գրողի տուն-թանգարանում:

 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան. Դեմիրճյանը գրականությունից շատ մեկ էլ իր ջութակն է սիրել: Տուն-թանգարանում գրողի անձնական իրերի շարքում ներկայացված գործիքը ստրադիվարուսյան դպրոցի հազվագյուտ օրինակ է («Կրեմոնա», 1797թ.): Դերենիկ Դեմիրճյանն այն ձեռք է բերել Ժնևի համալսարանում ուսանելու տարիներին և երբեք դրանից չի բաժանվել:

 

Այս թեմայով