19 Դեկտեմբեր 2015, 12:42
5412 |

2016-ը՝ քաղաքացու տարի

Մինչ 2016 թվականի սիմվոլը, կապիկն արդեն հասցրել է պատկերվել քարից փափուկ ցանկացած մակերեսի վրա, «Անտարես» հրատարակչությունը որոշել է ընկերության կորպորատիվ օրացույցի վրա պատկերել «Էլեկտրիկ Երևանի» ամենահայտնի ֆոտոն: Եվ սա մարքեթինգային ծուղակ չէ, այլ…

Կար Ղուկասյան, «Էլեկտրի Երևանի» լուսանկարի հերոսը
Կար Ղուկասյան, «Էլեկտրիկ Երևան» հայտնի  լուսանկարի հերոսը

Հունիսի 23-ին մտա համացանց և այդ նկարը տեսա: Ամեն տեղ այդ նկարն էր: Սկզբում չիմացա՝ ով է: Հետո, երբ մտա իմ անձնական էջը, տեսա, որ մարդիկ ինձ էին նշել նկարի վրա: Նայեցի, տեսա, որ ես եմ: Իմ նկարն էր: 

Առաջին անգամ եմ կյանքումս ջրցան տեսել, ջրցանի տակ մնացել: Մինչ այդ չգիտեինք՝ դա ցավոտ է, հաճելի է: Անկեղծ ասած՝ շատ ցավոտ երևույթ էր: Անգամ բջջային հեռախոսս կոտրվեց ջրցանից: Զուտ էմոցիա, էմոցիայի արտահայտում կոնկրետ վերաբերմունքի համար: Ոչ թե կոնկրետ  ոստիկաններին եմ դա ցույց տվել, այլ իրենց վերաբերմունքին: Ես կյանքում ամեն օր եմ այդպիսին:

Քանի որ իմ ֆոտոն է, չեմ կարողանում կողմնակի մարդու աչքերով նայել այդ նկարին և բնութագրում տալ: Կարծում եմ՝ հպարտանում ես այդ նկարին նայելիս,  երբ տեսնում ես երիտասարդները ոնց են պայքարում: 

Այնպիսի զգացողություն ունեմ,  որ այդ ֆոտոն միշտ ակտուալ է լինելու: Դա իմ ֆոտոն չէ (ճիշտ է, ես եմ պատկերված ֆոտոյում), այդ ֆոտոն պատկանում է Հայաստանին: Շատ եվրոպական երկրներ, որոնք անգամ չգիտեին Հայաստանի տեղը, այս ֆոտոյի միջոցով իմացան, որ հայ կա, Հայաստան աշխարհ կա, և մարդիկ կան, որոնք պայքարում են իրենց արդարության համար: 

Որ ասեմ նկարվելու հետ սեր ունեմ՝ սուտ կլինի: Ես ոնց կայի, նույնը մնացել եմ. այս ֆոտոյից առաջ և հետո չեմ փոխվել:

Ինչ նկարը ստեղծվել է, իմ ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարն է դարձել: Հուսով եմ՝ այդպես էլ կմնա դեռ երկար ժամանակ:

Մեկնաբանությունները շատ էին և հիմնականում բարեմաղթանքների տեսքով, բայց շատերը նաև անհանգստացած էին:

«Էլեկտրիկ Երևանից» առաջ և հետո էլ ես միշտ շարունակելու եմ պայքարել,  մինչև մենք չունենանք մեր երազած հայրենիքը, մեր երազած Հայաստանը՝ ամուր հիմքերի վրա կառուցած պետականությունը: Որտեղ պայքար, այնտեղ՝ ԵՍ: Այնտեղ՝ ՄԵՆՔ: 

Արմեն Մարտիրոսյան, Անտարես հրատարակչության նախագահ

Տեսա, որ կապիկները շատ են, ամենուր են. կարիք չկա ևս մեկին կամ մի քանիսին պատկերել: Այս ֆոտոյի ռեյտինգը  (այն տարվա 100 լավագույն լուսանկարներից մեկ է ճանաչվել) և այն մեր ընկերության օրացույցի վրա պատկերելու որոշումը զուգահեռ էին և իրար հետ կապ չունեին: Ավելին, դեռևս կար խնդիր, որ միգուցե մեր չկարողանայինք  լուսանկարը գնել և օգտագործել, բայց ֆոտոյի հեղինակը (Ֆոտոլուր, Վահրամ Բաղդասարյան) շատ պարկեշտ մարդ էր և սիրով համաձայնեց տրամադրել մեզ իր լուսանկարը՝ համաձայն հեղինակային իրավունքի պահանջների:  

Ինձ միշտ հուզել է այն հարցը, թե ով է այդ հայտնի նկարի տղան: Այսօր շատ-շատերը քաղաքի, անգամ  մայրաքաղաքի տղա են, բայց քաղաքացի չեն, քանի որ քաղաքացի բառը ես citizen, гражданин մաստով եմ հասկանում, այլ ոչ թե քաղաքում ծնված կամ մեծացածի: Մենք այսօր խնդիր ունենք, որ տան տղան լինի քաղաքացի, պետական մտածելակերպ ունենա: Մենք այսօր զրուցում ենք imyerevan.com կայքի և  «Երևան» ամսագրի խմբագրությունում,   և ես կարծում եմ ՝ աշխարհի կենտրոնը հենց այս շենքի միջով է անցնում: Ես համոզված եմ, որ դա այդպես է:

Պայքար է: Պատերազմի ժամանակ պատերազմի կանոններն են,  պայքարի ժամանակ` պայքարի կանոններ: Այդ սիմվոլը՝ մատները տնկած, հատկապես երկու ձեռքով… ես չէ, որ պետք է որոշեմ.  դա արդեն դարձել է պայքարի սիմվոլ: Պետք է լինի ոչ թե պայքար ինչ-որ բանի դեմ, այլ լինի պայքար հանուն ինչ-որ բանի… Մենք պետք է պայքարենք անկրթության դեմ: 

Հիշում եք Զորավար Անդրանիկի  հայտնի խոսքերը. «Երբ գիշերը գլուխդ դնես բարձին…»: Հիմա,   կարծում եմ, սա էլ հակառակն է. երբ գալիս ես աշխատանքի կամ երբ արթնանում ես և աչքիդ առաջ այս լուսանկարով օրացույցն է, պետք է հիշես, որ դու ունես պայքար, որ դու գործ ունես անելու, որ դու չպետք է ընկճվես, չպետք է հարմարվես, այլ պետք է քո ճիշտը և այն, ինչը համընկնում է քո պետության ճշտի հետ, տանես առաջ:

 

Այս թեմայով