26 Նոյեմբեր 2015, 17:28
1647 |

Էլլեն Ֆրանկի Խաղաղության քաղաքները

Աշխարհահռչակ նկարչուհի Էլլեն Ֆրանկը և Հայ –Ռուսական (Սլավոնական) Համալսարանը համատեղ ձեռնարկել են բացառիկ արտ-նախագիծ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Imyerevan.com-ը զրուցեց նախագծի հեղինակի հետ:

- Բարի օր, Էլեն Ֆրանկ: Դուք չափազանց հետաքրքիր մի արտ-նախագիծ եք ձեռնարկել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին: Երբ ես ծանոթացա այդ նախագծին, բավականին տպավորված էի:

- «Խաղաղության քաղաքներ» արտ-նախագիծը նկարների հավաքածու է: Այդ նկարները նվիրված են աշխարհի այն քաղաքներին, որոնք վերապրել են պատերազմ կամ ցանկացած այլ տեսակի ցնցում: Այդ կտավները նկարելու գործընթացում մենք տրանսֆորմացնում են անցյալի վատ հուշերը, ցավը արվեստի: Մի արվեստի, որի հիմքում հույսն է և հավատը: Գովերգելով ողբերգություն վերապրած քաղաքների գեղեցկությունը՝ ես հույս ունեմ, որ աշխարհն ավելի լավ կճանաչի այդ երկիրը, այդ քաղաքը, կճանաչի դրա մշակույթը, մարդկանց և կփորձի ավելին անել խաղաղության համար:

- Ո՞ր քաղաքներ են ընդգրկված «Խաղաղության քաղաքներ» արտ-նախագծում:

- Ես նկարել եմ Բաղդադը, Պեկինը, Հիրոսիման, Յերուսաղեմը, Քաբուլը Լհասան, Մոնրովիան, Նյու Յորքը Սարաևոն, և տասներորդը իմ հավաքածուում կլինի Երևանը:

Ինչո՞ւ որոշեցիք ընդգրկել նաև Երևանը:

Երևանը գուցե և ուղղակիորեն չի վերապրել ողբերգություն՝ այն չեն ռմբակոծել, չեն ավերել, բայց Երևանը աղջ հայության կենտրոնն է: Այն մագնիսը, որ կապում է աշխարհասփյուռ բոլոր հայերին իրենց հայրենիքի հետ: Այն մարդկանց, ովքեր Եղեռնի տարիներին ողբերգություն են ապրել, որոնք այսօր կորցրել են իրենց պատմական հայրենիքը և սփռված են ողջ աշխարհով: Իմ կտավն ավելի շատ ազգի մասին է, քան քաղաքի, քանի որ Երևանը կենդանի մնացած և փրկված հայության կենտրոնն է: Բայց պետք է նշեմ, որ հենց ինքը քաղաքը բազմաշերտ է և շատ հարուստ մշակությաին և պատմական առումներով: Յուրաքանչյուր քաղաքի վերաբերյալ կտավ պատրաստելիս ես նախնական աշխատանք եմ տանում. ուսումնասիրում եմ այդ քաղաքի պատմությունը, մշակույթը, հուշարձանները և այլն: Այդ առումով Երևանը բացառիկ քաղաք է: Այստեղ բազմաթիվ նյութեր կան, որոնց հետ կարելի է աշխատել: Երևանում է գտնվում Մատենադարանը, Եղեռնի թանգարանը, Երեբունի ամրոցը, որտեղից ես կարող եմ հսկայական ինֆորմացիա քաղել Երևանին նվիրված իմ մասշտաբային կտավի համար:

- Դուք նախնական հսկայական աշխատանք եք կատարում տվյալ ազգիպատմության, մշակույթ,ի հավատի սիմվոլները գտնելու և նկարում կիրառելու համար: Երևանի պարագայում, ո՞ր աղբյուրներից եք օգտվել:

- Ուզում եմ նշել, որ իմ բախտը շատ բերել է այստեղի կազմակերպիչների և հրավիրող կողմի հետ: Ինձ այստեղ հրավիրել են Հայ –Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և նախագծի համակարգող Դալիա Լեյնը: Նրանք կազմել են մշակութային բացառիկ ծրագիր՝ Հայաստանը և հայերին ավելի լավ ճանաչելու համար: Դալիա Լեյնի և նրա թիմի հետ մենք այցելեցինք շատ հետաքրքիր վայրեր, եղանք տարբեր վանքերում, եկեղեցիներում: Ես հանդիպեցի տարբեր գիտնականների, պատմագետների, նկարիչների, մանրանկարիչների, գեղագիրների հետ: Մի խոսքով՝ տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ, ովքեր օգնեցին ինձ զգալ, ճանաչել Հայաստանը և անհրաժեշտ ինֆորմացի ստանալ կտավի էսքիզները պատրաստելու համար:  

Դուք արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում եք: Ի՞նչը դուր եկավ և ինչը դուր չեկավ Ձեզ այս քաղաքում:

- Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ շատ եմ հավանել Երևանը: Չկա մի բան, որն ինձ դուր չեկավ: Այնպես որ ավելի լավ է խոսեմ նրանից, թե ինչը դուր եկավ ինձ: Ես հավանեցի բոլոր այն վայրերը, որոնք այցելեցի: Բոլոր վանքերը, եկեղեցիները և թանգարանները չափազանց տպավորիչ էին: Բայց ուզում եմ առանձնացնել Մատենադարանը, որը ես սիրեցի ողջ սրտով: Սիրեցի այնտեղ պահվող հիասքանչ, ֆանտաստիկ մագաղաթները, որոնք արված են լուսազարդարման բացառիկ տեխնիկայով: Մեծ ներշնչանք եմ քաղել նաև Էրեբունի ամրոցից՝ իր ցնցող ոսկեգույն, երկնագույն և դեղին որմնանկարներով, հինավուրց սեպագիր արձանագրություններով ու հնամենի պատմությամբ: Մենք եղանք նաև Գեղարդում Գառնիում, Զվարթնոցում, Նորավանքում: Խոսքեր չունեմ… ֆանտաստիկ հոգևոր աուրա,  հայկական ճարտարապետության ինտելեկտուալ մոտեցումներ, ինքնատիպությունն: Դրանք հայական ինտելեկտի, մտքի, իմաստության և հոգևոր արժեքների բացառիկ նմուշներ են: Չափազանց տպավորված եմ:

Դուք օգտագործում եմ տարբեր սիմվոլներ: Ո՞րն եք համարում մեզ՝ հայերիս, լավագույնը բնութագրող սիմվոլը:

Հայոց այբուբենը… Ես սիրահարվեցի ձեր այբուբենին՝ Մեսրոպ Մաշտոցի այդ գյուտին: Այբուբենն այն հրաշքն էր, որը փրկեց հայությանն էթնոցիդից և ուծացումից: Շատ եմ հավանել Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ես իմացա, որ Հայոց այբուբենում որոշ տառեր սուրբ են համարվում և ես համաձայն եմ դրա հետ: Ես երկար մտածում էի, թե ինչ տեքստ պետք է օգտագործեմ Երևանին նվիրված իմ կտավի վրա: Քննարկում էինք տարբեր պոեմներ, հայտնի թագավորների ցիտատներ, բայց վերջում կանգ առանք  մեսրոպատառ հայերենով թարգմանված հենց այդ առաջին նախադասության վրա:  Ես ծնցված եմ, թե ինչ պայմաններում է Մաշտոցը ստեղծել հայերեն այբուբենը և ինչ կերպարներ է դրանց տվել: Հայերեն տառերին Մաշտոցը տվել է թևեր: Այստեղ խոր փիլիսոփայություն և ալեգորիա կա՝ տառերը ունեն թևեր, որոնք կօգնեն հայ ազգին հաղթահարել բարդությունները, թռչել երկինք: Այդ թևերը կտեղափոխեն հայ ազգին ապագա:

- Ե՞րբ պատրաստ կլինի կտավը:  

- Արդեն ավարտական փուլում ենք: «Երևան. ՀԱյաստան. 100 տարի անց» կտավի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Ազգային պատկերասրահում: 

Այս թեմայով