04 Սեպտեմբեր 2015, 14:52
2009 |

Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը Հայաստանում

Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնն այս տարի նշում է իր 20 ամյակը: Այդ կապակցությամբ թատրոնը հյուրախաղեր է սկսել, որոնց  շրջանակներում նախատեսվում է այցելել  Հայաստան, այնուհետև` Ֆրանսիա: Սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևանցիները բացառիկ հնարավորություն կունենան դիտելու Մոսկվայի` Ս. Փարաջանովի անվան թատրոնի երկու ներկայացում, որոնցից մեկն առանձնահատուկ ուշադրության է արժանի: Սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հայոց  ցեղասպանության 100-ամյակին նիրված «ARMENIADA». Հայաստանի երազների ալքիմիա խոհափիլիսոփայական  բեմադրությունը, որը կազմված է արվեստի տարբեր ժանրերի` կինոյի, պոեզիայի, թատրոնի և կերպարվեստի  համադրությունից: «ARMENIADA» ներկայացման պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայի միջազգային  երաժշտության տան  Սվետլանովյան դահլիճում: Բեմադրության սյուժետային  հիմքը գլխավոր գործող  անձանց՝  «Ժամանակի» և  «Ջանի» (հայկական հոգու) հանդիպումն է:

Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, նախագծի  հեղինակ  և  բեմադրող  ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն պարզաբանում է, թե ինչ  սպասելիքներ կարող է  ունենալ հայ հանդիսատեսը  «ARMENIADA» ներկայացումից: Վլադիմիր Գաբբեի խոքերով, բեմադրությունն իր դրամատուրգիական խորությամբ և պատկերավորման երևակայական  գծերով հիշեցնում է  Փարաջանովի այլաբանական  պոետիկայի, Սևակի շիկացած խոսքի, Հայաստանի հին արքետիպերի  բազմաչափ միահյուսման,  Նարեկացու աշխարհի,  մեծ ազգի հավիտենական իմաստության  և անըմբռնելի  Երազի   խաչմերուկը: Թատրոնն առաջարկում է հանդիսատեսին երկխոսության բռնվել բեմադրության մեջ ներկայացված հավաքական կերպարների հետ,  բեմական խոսքի մեջ գտնել սեփական   «Ես» -ը և ստանալ  հայկականությանն ու հայությանը վերաբերող հարատև հնչող հարցերի պատասխաններ:

- «ARMENIADA» -ն Հայաստանի երազների ալքիմիան է:  Այն ներկայացնում է  բացառիկ բեմական  լուծում` կինո-թատրոնային տարածության համադրություն, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս երևակայական  ուխտագնացություն կատարելու մեր նախնիների  երկիր, նրանց հետ մասնակցելու ընդմիշտ  մահացած մեծ Երազի տոնին:  «ARMENIADA»-ն կիրք է՝  հնազանդված ոգուն, տարօրինակ,  տարաշխարհիկ,  այլալեզու հնչյուններ, գույնի  և  հնչյունի  կախարդանք, Փարաջանովի  թատրոնի  առասպելական աշխարհ, երևակայության, անուրջների, երազների աշխարհ: Ի՞նչ է սա` առասպել, հեքիաթ,  երևակայական արարողություն: Երևի թե`բոլորը միասին:

Էկրանի և բեմի՝  միմյանց մեջ սերտաճած բեմահարթակները թատրոնին օժտում են կինեմատոգրաֆի հրաշքով՝ իր հմայքի կախարդանքով հանդերձ, ժամանակի և տարածության կերպափոխություններով՝ դրանց  կենսաթրթիռ ներկայության էֆեկտով: Բեմի  կամ դահլիճի շրջանակներով չսահմանափակված թատրոնը, որ գոյություն ունի այլ, ավելի ճիշտ՝ սեփական կանոններով և ավանդույթներով, իր աուրան տարածում է յուրաքանչյուր հյուրի վրա, ոչ թե հանդիսատեսի, այլ՝ հենց հյուրի, յուրաքանչյուրիս ներգրավելով դեպի մեր ներաշխարհ տանող  գլխապտույտ ճամփորդության մեջ:

Այս թեմայով