20 Մայիս 2015, 18:55
1518 |

Երկրի տնտեսությունը` ընթերցանության մակարդակի հայելի

-Նորավանքի տերտերներից մեկը մի անգամ հարցրեց՝ Արմեն, դու գիտե՞ս՝ ինչ է էլիտան: Ասեցի՝ դե, երևի գիտեմ, տեր հայր: Ասաց՝ չէ, չգիտես: Էլիտան այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ պետությունը իրենց էլի տա, էլի տա ու էլի տա:

Ի՞նչն է միավորում «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին, Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանին և երգչուհի Սոնա Ռուբենյանին: 

Պարզապես մեկնարկում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլը: Այս անգամ կարդալու կոչ են անում հայտնի երգիչները: Հիշեցնենք, որ նախագծի շրջանակում հայ «հայտնիները» հանդիպում են ընթերցողների հետ ու միասին քննարկում մի գիրք, որը խորհուրդ են տալիս կարդալ:

Նախագծի մասնակից Սոնա Ռուբենյանը խոստովանեց, որ սոցիալական կայքերից արեն ծանոթ էր այս նախագծին ու մեծ սիրով ընդունեց մասնակցության հրավերը: «Լավ գրականության և լավ երաժշտության մեջ կա սահման, դրանք զուգակցվում են: Որվհետև լավ գիրք կարդացողը լավ երաժշտություն կլսի», - ասաց Սոնան:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախագծի մեկնարկից հետո դժգոհություններ առաջացան: Որոշ մարդիկ պնդում էին, որ եթե «երգչուհին պիտի գիրք գովազդի, իրենք չեն կարդա»:

«Ի՞նչ տարբերություն՝ ով է գովազդում գիրքը: Գիրք կարդալը հիվանդություն է: Ու եթե դու սիրում ես կարդալ, մեր կամ Հայաստանի ժամանակակից արվեստների միության ոչ մի ակցիա չի կարող խանգարել քեզ»:

Նախագծի գերխնդիրն է մարդկանց վարակել գիրք կարդալու հիվանդությամբ: Իսկ Հայաստանում դրա կարիքը կա, որովհետև, ըստ պարոն Մարտիրոսյանի, մեր երկրում ընթերցանության մակարդակը ցածր է: Սա թերևս միակ հարցն է, որի շուրջ «երկրի գլխավոր ընթերցող» Մանուկ Նիգոյանը և հանրապետության խոշոր գրահրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը համաձայնության չեն գալիս:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում ընթերցանության մակարդակը ցածր է, - նշեց Մանուկը: - Երբ հրապարակեցի Սիլվա Հակոբյանի նկարը ֆեյսբուքում (առաջին քննարկումը իրենն է, դրա համար եմ նրա նկարը առաջինը հրապարակել), միանգամից հայտնվեցին մեկնաբանություններ՝ վերջապես մեր սիրելի նախագիծը նորից մեկնարկում է, երկար էինք սպասում: Ես կարծում եմ, որ եթե այս նախագծին սպասում է մեկ կամ երկու հոգի, սա արդեն հաղթանակ է:

«Մենք անընդհատ տեղեկանում ենք Ազգային գրադարանից ու Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանից, որ իրենց ընթերցասրահները լեփ-լեցուն են, - հակադարձեց պարոն Մարտիրոսյանը: - Բայց խոսքն ընդամենը երկու հարյուր մարդու մասին: Դա մի քիչ քիչ չի՞ Հայաստանի համար: Ես գիտեմ, որ Ռուսաստանում բնակչության ութսուներկու տոկոսը սառնարանների ու լվացքի մեքենաների ուղեցույցներից բացի ոչինչ չի կարդում: Հայաստանում նման վիճակ է: Երբ ես ասում եմ, որ ընթերցանության մակարդակը ցածր է, ցածր է ո՞ւմ համեմատությամբ: Հարևան Վրաստանում տասնինը անգամ շատ են կարդում մեզնից: Եվ գիտե՞եք՝ ինչու: Որովհետև այնտեղ գիտեն, որ այլ կերպ հաջողության հասնել հնարավոր չէ: Իսկ Հայաստանում ծաղկում է ֆեոդալական համակարգը:

Չինաստանը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրքեր թարգմանելու համար: Գերմանիան, որ այսօր առաջատար երկիր է, այդպիսին դարձավ, որովհետև 1959 թվին առաջինը ընթերցանության մրցույթ անցկացրեց դպրոցականների միջև: Իսկ Հայաստանում նանոտեխնոլոգիաներին նվիրված հայերեն գիրք չկա:

Երկրի տնտեսությունը հայելին է ընթերցանության մակարդակի: Ու այստեղ, ցավոք, մեկ պրոեկտով հարցը չես լուծի»:

 

Այս թեմայով