07 Ապրիլ 2015, 14:27
8719 |

Երևան Սքեթչբուք. գեղարվեստական իմպրովիզ երևանյան թեմաներով

Տաղանդավոր երկու երևանցի նկարիչների՝ Զաք Դեմիրճյանի և Արարատ Մինասյանի հեղինակած երևանյան սքեթչների գիրք-պատկերազարդումը լույս կտեսնի մինչև ամառ։

Շուտով լույս կտեսնի տաղանդավոր երկու երևանցի նկարիչների՝ Զաք Դեմիրճյանի և Արարատ Մինասյանի հեղինակած երևանյան սքեթչների գիրք-պատկերազարդումը։ Այս գաղափարը ծագել է գրեթե պատահաբար։ Մի գրքի շնորհանդեսի ժամանակ նկարիչներին մոտեցել է «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Էմին Մկրտչյանն ու պարզապես ասել-խոսելու համար առաջարկել հետաքրքիր միտքը։ «Սքեթչբուք» բառն ինքնին նշանակում է նկարչի գրպանի գիրք՝ նրա կատարած էսքիզներով, ուրվագծերով, սքեթչերով։ Զաք Դեմիրճյանն ասում է, որ նման ֆորմատը հետաքրքրեց իրենց հենց այդ հետաքրքիր հնարավորության շնորհիվ, այն է՝ նվազագույն ջանքերով փոխանցել կարևոր դետալները, ներկայացնել մի այնպիսի նկար, որը դիտողը կամբողջացնի իր երևակայությամբ. «Նման գեղարվեստական մոտեցումը հաճախ ավելի լավ է ազդում մարդկանց զգացմունքների վրա, քանի որ իր մեջ իմպրովիզ է պարունակում»։ Անցյալ տարվա աշնանը սկսվեցին սքեթչբուքի ստեղծման աշխատանքները։

Ըստ Արարատի՝ գրքի ֆորմատն առավելագույնս արտացոլում է ստեղծագործական ընթացքը. չէ՞ որ այն քաղաքը, որը նրանք են նկարում, նույնպես մշտապես գտնվում է ստեղծագործական ընթացքի մեջ։ Քաղաքը փոխվում է ամեն ժամ, քաղաքի պատկերը կախված է եղանակից, մարդկանցից։ «Այս տեսանկյունից գիրքը կիսով չափ վավերագրական է ստացվել, կիսով չափ էլ՝ գեղարվեստական։ Մենք չենք ֆիքսում միայն քաղաքի լանդշաֆտը, այլև ներառում ենք նաև երևանյան կոլորիտի մեր ընկալումը»։

Շեշտը դրված է Երևանի բազմաշերտության՝ նրա բնակիչների, ճարտարապետության և անգամ կենդանիների վրա։ Սակայն նկարիչների մեխը միայն իմպրովիզացիան չէ, բոլոր սքեթչների հիմքում ընկած է հիմնական գաղափարը՝ ցույց տալ Երևանի այն կողմերը, որոնք առօրյա վազքի մեջ մենք բաց ենք թողնում։ «Օրինակ, քչերի մտքով է անցել, որ երևանյան տաքսիները շատ են տարբերվում աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընդունված տաքսիներից։ Մեկ փողոցում կարելի է միանգամից ութ տաքսի տեսնել՝ իրարից տարբեր ոչ միայն տաքսի սերվիսի անվամբ, այլև մեքենայի տեսակով», - ասում է Զաքը։ Նույնը կարելի է ասել փողոցում հանդիպող գովազդային պաստառների մասին։ Այնուամենայնիվ, գրքի նպատակը երևանյան խնդիրները ներկայացնելը չէ։ Yerevan Sketchbook-ը կարելի է անվանել Երևանի խորհրդանիշների, քաղաքի յուրօրինակ մանրուքների հավաքածու։

Գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են Երևանը, ուզում են սիրել այն, ովքեր Երևանում են ապրել իրենց ամբողջ կյանքի ընթացքում, և ովքեր երբեք այստեղ չեն եղել։ Մի խոսքով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են քաղաքով։

 

Նկարիչները միմյանց միջև հավասարապես բաժանել են գրքի վրա կատարված աշխատանքները։ Արվեստի մարդկանց՝ հատկապես նկարիչների համար, դա բավականին բարդ մարտահրավեր է, սակայն հենց դրա շնորհիվ է գիրքը ստացվել բազմագույն և վառ։ «Մեր երկուսի ոճական տարբերությունները չեն ազդել գրքի ընդհանուր գաղափարախոսության վրա, - համոզված է Արարատը, - Այդ տարբերությունները ստեղծել են երկու նկարիչների միջև թաքնված երկխոսություն։ Ես համոզված եմ, որ մեզ հաջողվել է ներդաշնակությամբ համատեղել մեր սքեթչները»։

Ամեն էսքիզ ուղեկցվում է մի փոքր տեքստով, որում, բացի տեղեկատվությունից, խոսվում է նաև այն մասին, թե ինչու է նկարիչն ընտրել հենց այդ դետալը։ Գրքի առաջին հրատարակությունը լույս կտեսնի մայիսի վերջին անգլերենով, իսկ մոտ ապագայում արդեն կհրապարակվեն հայերեն և ռուսերեն տարբերակները։ Գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել երևանյան գրախանութներում։

Այս թեմայով