Պոչավոր ու պոզավոր, գզգզված մազերով ու տարօրինակ, երբեմն կենդանական, երբեմն էլ բացակայող վերջույթներով, անորեքսիկ կամ չափից ավելի գեր, սուիցիդալ հակումներով ու ագրեսիվ, անմեղ ու սենտիմենտալ. բոլորը մենք ենք:
Մի պահ փորձեք ձեզ կողքից նայել ու վերանալով իրականությունից՝ պատկերացնել ուրիշի աչքերով: Պատկերացնել բոլոր թերություններով ու առավելություններով, զարկ տալ երևակայությանն ու խոստովանել, թե ինչ տարօրինակ կերպար կարելի էր ստանալ: Իսկ եթե չի ստացվում, կա այլընտրանք՝ գնալ Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան ու աչքի անցկացնել Քրիստինա Հայրապետյանի նկարաշարը:
Հեղինակի այլընտրանքային իրականությունում բոլորս շատ ավելի տարբեր ենք, քան մեզ կարող է թվալ՝ պոչավոր ու պոզավոր, գզգզված մազերով ու տարօրինակ, երբեմն կենդանական, երբեմն էլ բացակայող վերջույթներով, անորեքսիկ կամ չափից ավելի գեր, սուիցիդալ հակումներով ու ագրեսիվ, անմեղ ու սենտիմենտալ: Մեր վախերով ու թուլություններով, կամքի ուժով ու թաքնված տաղանդներով՝ մենք տարբեր ենք, մի քիչ ծիծաղելի, մի քիչ էլ սարսափելի:
Ապրիլի 1-ը ծիծաղի օրն է, և եթե կերպարներից մեկում հանկարծ ձեզ բացահայտեք, անսովոր զգացողությանը հաստատ հաջորդելու է լիաթոք ծիծաղը: Չէ՞ որ ինքդ քեզ հումորով վերաբերվելն է միայն, որ թույլ է տալիս մեզ ու մեր շրջապատին ընդունել այնպիսին, ինչպիսին կանք: Գտե՛ք ձեզ այս ցուցահանդեսում: