21 Մարտ 2015, 13:24
1040 |

Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը MIDEM փառատոնից

60 երկրներից 6.500-ից ավելի հյուրեր են ժամանելու, 185 լրատվամիջոցներ են լուսաբանելու փառատոնը։ Հայաստանի համար նախատեսված հատուկ տաղավարները համընդհանուր ուշադրության կենտրոնում կլինեն։

1966-ից Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող MIDEM երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնին Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի։ Ավելին՝ մենք պատվավոր հյուրի կարգավիճակ ենք ունենալու։ Ամեն տարի պատվավոր երկիր է ճանաչվում որևէ պետություն՝ կախված նրանից, թե այդ տարին ինչով է արժեվորվել նրա համար։ Անցյալ տարի, օրինակ, Բրազիլիան է եղել MIDEM-ի պատվավոր հյուրը, որովհետև 2014-ին այնտեղ է անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Հայաստանը ֆրանսիական փառատոնին առանցքային դեր է ունենալու, որովհետև 2015-ը մեզ համար նշանավորվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով։  MIDEM-ը նախատեսված է հունիսի 5-8-ը.  փառատոնին Հայաստանի խորհրդանիշը նուռն է՝ ներկված 4 գույնով։ Կապույտը ջուրն է, երկնագույնը՝ օդը, կարմիրը՝ կրակը, շագանակագույնը՝ հողը։

MIDEM երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայանալու է բազմաժանր ու բազմաշերտ արվեստով՝ հոգևոր, դասական, ազգային, ռոք, ջազ երաժշտություն, պարարվեստ, գեղարվեստ, տարազներ, խոհանոց։ Առանցքային դերում Կոմիտասն է լինելու։

MIDEM ընկերության միջոցառումների կազմակերպման գծով տնօրեն Ան-Մանուել Հեբերտը պատմեց, որ  փառատոնը հարթակ է նոր համագործակցությունների ու հրավերների համար։ 60 երկրներից 6.500-ից ավելի հյուրեր են ժամանելու, 185 լրատվամիջոցներ են լուսաբանելու փառատոնը։ Հայաստանի համար նախատեսված հատուկ տաղավարները համընդհանուր ուշադրության կենտրոնում կլինեն։

MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը ներկայացրեց ծրագիրը. առաջին օրը՝ հունիսի 5-ին, նախատեսված է բացման կոկտեյլը։ Հյուրերը հայկական տաղավարում կհամտեսեն հայկական կերակուրներ ու խմիչքներ։ Երկրորդ օրը VIP ընթրիք կլինի ծովափնյա «Կարլտոն» հյուրանոցում, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտաս Վարդապետի հիշատակին։ Փառատոնի հաջորդ օրերին հայաստանյան մշակույթը կներկայանա տարբեր բեմերում, կներկայացվեն հայկական նվագարաններ, էթնիկ երաժշտական ելույթներ։

Տիգրան Ձիթողցյանը երկու կտավ է նկարելու MIDEM-ի համար։ Հյուրերը կդիտեն դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած հագուստների նոր հավաքածուն։ Նախատեսված է պաշտոնական կոկտեյլ, որին հրավիրված կլինի 4 000 մարդ։ Երկու տարբեր բեմերից հնչելու է հայկական ջազ ու ռոք։ Ելույթ կունենան «Կատուներ», «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդերը, ինչպես նաև «Դորիանսը», «Ամբասադորը»։ Շաբաթ օրը կունկնդրեն «Հովեր» կամերային երգչախմբին, որը կկատարի Կոմիտասի և մյուս հայ կոմպոզիտորների գործերից։ Իսկ կիրակի փառատոնը կեզրափակվի դասական համերգով՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով։

Այս թեմայով