28 Փետրվար 2015, 17:40
1246 |

Չտեսնված Մհերը

Ճանաչված դերասան Մհեր Մկրտչանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, ներկայացրեց ամուսնու մասին պատմող «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրքը:

Օրերս ԳՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում տեղի ունեցավ «Չտեսնված Մհերը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը լեգենդար Մհեր Մկրտչյանի այրին է՝ դերասանուհի եւ ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը: Հենց նա էլ ներկայացրեց հանճարեղ դերասանի մասին նոր աշխատությունը: 

«
Գրքում ներկայացրել եմ այն Մհերին, որին մարդիկ չգիտեն, որի մասին շատ քիչ բան են լսել: Գրքում նա այնպիսին է, ինչպիսին կար իրական կյանքում: Նրան ներկայացրել եմ այնպես, ինչպես մնացել է իմ սրտում ու հիշողություններում: Շատ անկեղծ գիրք է»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Թամար Հովհաննիսյանը:

Թամար Հովհաննիսյանի խոսքով՝ Ֆրունզիկի կերպարը տարիների ընթացքում աղճատվել է. «Նրան պատկերացնում են որպես տանջված, տխուր եւ մելանխոլիկ մարդ: Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն էր: Ինձ համար միշտ գաղտնիք էր՝ ինչու են մարդիկ սիրում նրան հենց այդ կերպարներով»: Դերասանի այրու կարծիքով՝ ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքում եղել են դեպրեսիվ շրջաններ: Բայց դրանց հիման վրա դատողություններ անելի ճիշտ չէ:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց, որ երբ տեսել է գրքի ձեռագիր տարբերակը, մտածել է, որ այնտեղ լուսանկարների զետեղելու կարիք չկա: Գիրքը բավական ցայտուն եւ անմիջական ձևով ներկայացրել է դերասանի կերպարը: Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ «Չտեսնված Մհերը» հետաքրքիր է նրանով, որ պատմում է առավելապես Մհեր Մկրտչյան մարդու, քան դերասանի մասին:

Գրքի գլխավոր խմբագիր Զավեն Բոյաջյանը գրքի արժանիքներից մեկը նրա արժանահատություն է համարում: «Մհեր Մկրտչյանի մասին բազմաթիվ գրքերի շարքում Թամար Հովհաննիսյանը կարողացել է ամբողջական եւ գրավիչ այլընտրանք ստեղծել»,-ասաց Զավեն Բոյաջյանը: Նա նաեւ ընդգծեց, որ Մհեր Մկրտչյանի տաղանդը, նրա կերպարի ամբողջական նկարագիրը ըստ արժանվույն չի գնահատվել հայ թատերագետների կողմից: «Չտեսնված Մհերը» գրքում փորձ է արվել ներկայացնել Մհեր Մկրտչյանին որպես արտիստ: Այստեղ առաջին անգամ ներկայացված են նրա դերասանական գործունեության բացառիկ լուսանկարներ եւ տեղեկություններ: Դրանք թույլ կտան ճանաչել դերասանին առանց գրիմի, հավելյալ պաթոսի եւ  առեղծածների:

«Չտեսնված Մհերը» գրքում ներկայացված է Ֆրունզի կյանքի եւ բեմական գործունեության 260 լուսանկար: Դրանք Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից են՝ հավաստի եւ անկեղծ մեկնաբանություններով: Գիրքը կազմած է ալբոմի ձեւաչափով, տեքստային մասը գրված է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
















Այս թեմայով