19 Փետրվար 2015, 13:04
2213 |

Գողությո՜ւն եմ արել, գողությո՜ւն

Ով գիրք չի գողացել, թող ձեռք բարձրացնի: Բայց չխաբեք, ստուգելու ենք, հաաաա: Իսկ մինչև այդ կարդացեք մի գրքագողի անկեղծ խոստովանությունը:

2013-ի հունվարն էր, Նիկոլայ Ծատուրյանի հետ հարցազրույց պետք է անեի, պայմանավորվել էինք հանդիպել Թատերական ինստիտուտում:
- Գալիս եմ, գալիս, մի տասը րոպեից կլինեմ, դու պարապ մի կանգնիր, ներս մտիր, էդտեղ լիքը սիրուն տղաներ կան' շփվիր, - ասաց Ծատուրյանը:
Դե, հիմա արի վարպետին ասա, որ Համազգային թատրոնի ֆոեում ի՜նչ տղա, երբ դիմացս մի ամբողջ պատ գրքեր էին: Աչքս ընկավ մեկին' Սոս Սարգսյանի նկարներն էին վրան, գրքի շապիկն էլ, գրողը տանի, տհաճ վարդագույն էր: Վերցնելու համար երկար ջանքեր պահանջվեցին' բոյս չէր հասնում: Վերցրեցի, ուզում էի թերթել, հետևիցս լսվեց Ծատուրյանի ձայնը.
- Չասացի՞' տղաների հետ կշփվես:
Մի խոսքով, աչքս մնաց գրքի մեջ: Նորից թռա աթոռի վրա, տեղը դրեցի գիրքn ու վազեցի հարցազրույցի:

***
Մի քանի օր հետո Աննա Հեքեքյանի հետ էի հարցազրույցի, էլի' թատերականում: Ասացի' մի քիչ շուտ գնամ' պապի մասին գիրքը թերթեմ: Հասա տեղ, բարձրացա աթոռին, Հեքեքյանը զանգեց: Հասցրի միայն գրքի վերնագիրը կարդամ' «Վարագույրից այս կողմ»:

***
Մյուս օրն ուղղակի գնացի թատերական, մոտեցա աշխատակիցներից մեկին ու խնդրեցի՝ գիրքը կամ տան կարդամ, կամ էլ' գնեմ: Աշխատակիցն ասաց' չեն վաճառում, իսկ տանել կարդալ կարող են միայն ինստիտուտի ուսանողները: Խոստացա հետ վերադարձնել, անձնագրի պատճեն թողնել, մեկ ուրիշ գիրք բերել ժամանակավոր, մինչև սա կվերադարձնեմ, անգամ շոկոլադ խոստացա տալ. չհամոզեցի: Պա՜հ:

***
Հաջորդ օրը Երևանի բոլոր գրախանութներում հարցում արեցի' այդ գիրքը չունեին ու չունեին: Պա՜հ:

***
Զանգում եմ Սոս Սարգսյանին:
- Ալո, պապ, բարի օր: Ո՞նց ես:
- Բարև, բարև: Էդ ո՞վ ա:
- Չես հիշի, անունս Կարինե ա: Ասում եմ' ո՞նց ես:
- /հազի ու ծիծաղի մեջ խեղդվելով/ Հիշեցի՜: Լավ եմ, լավ, խաշած կարտոֆիլ եմ ուտում /սիրում էր/, արի:
- Անուշ արա: Պապ, լսիր, թատերականում, ավելի ճիշտ' Համազգայինի ֆոեում մի գրապահարան կա, է: Էդտեղ մի գիրք կա' ձեր մասին' «Վարագույրից այս կողմ»: Էդ գրքից ունե՞ք:
- Չեմ հիշում, երևի վաղուցվա բան է: Հմմ: Ինչի՞դ է պետք:
- Իյա, ոնց թե ինչի՞դ է պետք: Ուզում եմ կարդալ' չեն տալիս: Աչքիս' գնամ գողանամ, բայց ոնց որ էնտեղ տեսախցիկներ կան:
- Գնա ու վերցրու, որ տեսնեն, ասա' ես եմ ասել: Մեկ է' մնալու է' փոշու մեջ կորի: Որ նեղն ընկնես, զանգիր:

***
Էդ շրջանում բոլոր հարցազրույցներս կազմակերպում էի թատերականում: Բախտս բերեց' Արմեն Մազմանյանի հետ պետք է հարցազրույցի գնամ: Վազում եմ ֆոե: Մտածում եմ' անհարմար է' գողանամ, բռնեն ու զանգեմ պապին… Էնպես կգողանամ, որ պապին չզանգեն: Տեղի տեխնիկական աշխատակցին խնդրում եմ, որ ֆոեի բոլոր լույսերը միացնի' հարցազրույցի համար: Միացնում է ու ես էլ սկսում եմ ուսումնասիրել, որն է էլեկտրական լամպ, որը' տեսախցիկ: Գլուխ չեմ հանում: Հետո աշխատակցին ասում եմ, որ Մազմանյանը կանչեց իր սենյակ հարցազրույցի համար, կարող են անջատել լույսերը, ու գնում Մազմանյանի մոտ: Հարցազրույցի վերջում Մազմանյանին ասում եմ, որ էնտեղ մի գիրք կա, եղածն ինչ է' չեմ կարողանում գողանալ: Զարմացած նայում է ու թե. «Է, տար, որ դեպքի վայրում բռնեն, ասա' ես տեղյակ եմ»:

***
Չե՛ն բռնելու, ոչ մեկին էլ օգնության չե՛մ կանչելու, էդ գիրքն իմն է' համոզում եմ ինձ ու օրեր անց գնում թատերական: Ներս մտնելիս հսկիչներին չեմ բարևում, որ ուշադրություն չգրավեմ, գնում եմ Համազգայինի ֆոե, աթոռը քարշ տալիս պահարանի մոտ, գրադարակներից մեկում եղած թերթը փռում աթոռի ներքնակին' ոչ թե չկեղտոտելու, այլ' ոտնահետքերս չթողնելու համար, վերցնում գիրքը: Հետո հանկարծ նկատում եմ, որ պայուսակս չեմ վերցրել, որ գողոնը մեջը դնեմ: Փաթաթում եմ թերթով ու հանգիստ դուրս գալիս: Թո՜ւ: Համազգայինի տնօրենին' Վարդան Մկրտչյանին եմ տեսնում: Նայում է ձեռքիս բոխչային, մի պուճուր գիրքն էնքան եմ թերթով փաթաթել, որ մի մեծ բարուր է դարձել:
- Գիրք եմ գողացել,-ասում եմ:
Զարմացած նայում է ու երևի չի հավատում: Ճիշտ է անում, ինձնից ի՞նչ գող: Անցնում եմ հսկիչների կողքով: Դանդաղ եմ անցնում: Երևի տեսախցիկները հսկողը չի հասցրել զեկուցել գողության մասին: Կանգնում-զրույցի եմ բռնվում հսկիչներից մեկի հետ: Չէ, լավ էլ սրտանց խոսում է հետս: Չեք բռնում' մի բռնեք: «Սիրում եմ ձեզ»,-ասում եմ ու դուրս վազում:

***
2014-ի փետրվարի 19-ն է' Գիրք նվիրելու օրը: Սոս Սարգսյանը չկա… Գրախանութում հերթ է, հրմշտոց, ես էլ սովորության համաձայն' թողել եմ վերջին պահին նվերներ գնելը: Հանկարծ շարված գրքերի մեջ տեսնում եմ Սոս Սարգսյանի մասին այդ վարդագույն շապիկով գիրքը: Գրողը տանի, էդ ինչպե՞ս հայտնվեց վաճառքում: Գիրքը վերցնում եմ ձեռքս, թերթում' լրիվ նույնն է' ինչ ինձ մոտ եղածը: Դե, բնական է, հո տարբեր բաներ գրված չէին լինելու: Ուզում եմ գնել այդ գիրքը' կնվիրեմ, էլի: Նայում եմ, գինը' «170. 00 դր»: Սպասեք: Աշխատո՜ղ: Ասեք, որ 1 700 դրամ է գինը:
- Ուզո՞ւմ եք' ձեզ թանկ գնով կվաճառենք, բայց գինը 170 դրամ է:

***
Գնում եմ խանութում եղած էդ գրքի ամբողջ քանակն ու գնում թատերական' հերթով սիրուն շարում գրապահարանում:

Այս թեմայով