18 Փետրվար 2015, 14:54
1670 |

Ես ծաղկեփնջեր չեմ սիրում

Փետրվարի 13-ին ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ Լյուսի Աբդալյանի «Օդ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Այն Լյուսիի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, կշարունակվի մինչև մարտի 14-ը: ՆՓԱԿԻ՝ Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնում 2014-ին Աբդալյանի Գերտրուդա Սթեյնի շարքից «Վարդը վարդ է վարդի համար» ինստալյացիան ճանաչվեց լավագույնը: Այդ առիթով ՆՓԱԿ-ի 2015-ի ցուցադրությունների շարքը սկսվեց հենց նրա անհատական ցուցահանդեսով: Հեղինակը կտավներից բացի ներկայացրել էր նաև նախորդ տարվա փառատոնում լավագույնը ճանաչված ինստալիացիան և վիդեոինստալիացիա:

Լյուսի, սա քո առաջին անհատական ցուցահանդեսն էր Հայաստանում, ի՞նչ սպասելիքներ ունեիր:
- Հիշում եմ, որ մոտ հինգ տարի առաջ ՆՓԱԿ-ի համահիմնադիր, համադրող Սոնյա Պալասանյանն առանձնացրել էր շուրջ տասը շատ հայտնի հայ նկարիչների, որպեսզի նրանք նկարեն մեկ կտավի վրա:Ես էլ էի ընդգրկված այդ ցանկում, ու կարծում եմ՝ դա էր լավագույն ճանապարհը Հայաստանում ճանաչելի դառնալու: Ուրախ եմ, որ իմ Երևանում իմ առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ հենց ՆՓԱԿ-ում, քանի որ Հայաստանում՝ իբրև նկարչուհի ինձ առաջին անգամ շատ լավ եմ զգացել այդ տարածքում: Իմ արվեստագետ ընկերներն ինձ միշտ ասում էին, որ հայերը քննադատող ժողովուրդ են, սակայն չեմ վախենում: Քննադատությանն էմոցիոնալ չեմ վերաբերում շատ վաղուց:

Ամենամեծ քննադատությունը, որն ապտակի նման էր, ստացել եմ տարիներ առաջ հորիցս: Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրել էին իմ աշխատանքներից երկուսը, որոնք արժանացել էին մրցանակի։ Դա մեծ ձեռքբերում էի համարում: Հորս հետ երկար տարիներ ոչ խոսել էի, ոչ էլ հանդիպել։ Ամբողջ կյանքի ընթացքում նա ինձ միշտ ասում էր, որ առանց իր տված գումարի ես ոչինչ անել ի վիճակի չեմ: Զանգահարեցի՝ հայտնելու ստացածս մրցանակի մասին: Պատասխանը կարճ էր.«Միևնույնն է՝ դու նկարել չգիտես»։ Ժպտալով ասացի. «Գիտեմ, դու ինձ փոքր ժամանակ սովորեցրել ես»: 16 տարեկան էի, երբ մայրս մահացավ ու ստիպված եղա տնից հեռանալ։ Հայրս միշտ ինձ մեղադրում էր մորս մահվան մեջ: Նրան թվում էր, թե մայրս ինձնից հոգնել էր, դրա համար էլ մահացավ: Այդ քննադատությունից հետո ոչ մի ուրիշ կարծիք էլ ինձ չի կարող ցավեցնել:

Այսինքն, կարելի՞ է ասել, որ դու նկարում ես հորդ ինչ-որ բան ապացուցելու համար:
- Չեմ կարծում: Ավելին՝ ինձ թվում է ես այդ խնդիրն արդեն հաղթահարել եմ ու հասկանում եմ, որ արածիցդ նախևառաջ ինքդ պիտի գոհ մնաս: Այս ցուցահանդեսում էլ ներկայացված աղջիկներից ամեն մեկն իր պատմությունն ունի, նրանց միավորում է ընդհանուր վիճակը, որում հայտնվել են ու շնչում են: Դրա համար էլ ցուցահանդեսին «Օդ» անվանումը տվեցի:

Լյուսի, հակառակ քո կտավների մեծ չափսերին, որոնց առաջ արդեն իսկ քեզ փոքր ես զգում, պատկերները շատ մինիմալիստական են, գունագեղ, փայլփլուն: Ի՞նչ են քո աղջիկները թաքցնում այդ գույների տակ:
- Իմ աղջիկների գեղեցիկ, բաց ու գրավիչ գույները խաբուսիկ են: Դրանցով նրանք պաշտպանվում են: Իմ նման: Ես էլ միշտ փորձում եմ դիմացինին հարմարվել, չճնշել։ Երբեմն ինձ խաբելու ու իրական Ես-ս թաքցնելու գնով եմ հատուցում: Շատերն ինձ ընկալում են Ամերիկայից եկած մեկը, ով տարօրինակ շորեր է հագնում, ցատկոտում փողոցներում։ Նրանք չգիտեն՝ ներսումս ինչ է կատարվում, որքան խնդիրներ ունեմ, որոնցից փորձում եմ ազատվել: Ու այնպես է ստացվում, որ տարբեր նկարներում իմ դիմակներից էլ եմ ներկայացնում՝ հագցրած իմ աղջիկների դեմքերին։ «Օդ»-ում իմ հոգեկան, ներքին աշխարհից էլ շատ բաներ էի դրել: Այս ցուցահանդեսում շատ եմ անկեղծացել: Կան մարդիկ, որ տեսնում են միայն հատակին փռված գորգի գեղեցկությունը, գույները, բայց չգիտեն, որ երբ այդ գորգը բարձացնեն, փոշու ու կեղտի են հանդիպելու, այդ գորգի ու հատակի պատմությունն ու հարաբերությունն են տեսնելու: Իմ նկարներում հեշտ է խաբվել գույներին: Նրանք, ովքեր մի քիչ ավելին կուզեն տեսնել, չեն վախենա այդ աղջիկների աչքերի մեջ նայել, ու վստահ եմ՝ մի ուրիշ հարաբերություն ու էներգիա կստանան:

Կարո՞ղ ենք այդ նույն կոնտեքստում վարդերով ինստալյացիայի մասին խոսել:
- Անշուշտ: Ցուցահանդեսի բացման օրը էին հարցնում՝ ինչ իմաստ եմ դրել դրա մեջ: Ոմանք իրենց տարբերակն էին առաջարկում, ու ինձ թվում է՝ դա է լավագույն գնահատականը, երբ աշխատանքիդ մեջ նոր իմաստներ են առաջ գալիս: Իրականում իմ ընկերները գիտեն, որ ես ծաղկեփնջեր չեմ սիրում, չեմ հասկանում՝ ինչպես կարող են մարդիկ հիանալ մահացած հոգիներով: Հերիք է ծաղիկը կտրես, այն արդեն մահացած է: Որքան էլ ջրի կամ թաց սպունգի մեջ պահես: Ես կտրված վարդերի գլուխները հիվանդանոցային սիստեմայի մեջ էի դրել: Հիվանդանոցի սենյակում կային բազմաթիվ դիակներ, մահճակալի վրա՝ մի մահացածի անձնական թիվը: Ինքս էլ ինձ զգում էի այդ վարդերի պես, մինչև չազատվեցի ամեն վայրկյան ինձ հետապնդող անձնական պատմությունիցս՝ կապված հորս հետ: Գիտեի, որ այս աշխարհն այսքան տխուր չի կարող լինել, մի տեղ հաստատ օդ կա։ Ու հիմա գտել եմ:

Արդյո՞ք այդ օդն ինչ-որ չափով Հայաստանն էր ու Երևանը:
- Այո, Երևանն իմ համար օդ է: Օդանավակայանից տաքսի նստելիս առաջին հարցը հետևյալն է՝ Սիրիայի՞ց էս, քուր ջան։ Ասում եմ՝ չէ, բայց հաջորդ հարցն ամենացավալին է՝ բա խ՞ի ես եկել էս անտեր երկիրը: Չեմ հասկանում՝ մարդիկ ինչի են անիծում իրենց տունը: Ամեն անգամ, երբ Երևան գալու տոմս եմ գնում, մեծ ուրախություն եմ ապրում:

Հայաստանի մասին ավելի շատ իմացա երկրաշարժի տարիներին, երբ հայերենիս ուսուցիչ Քույումջյանն արտասվում էր ու պատմում իր անձնական դրաման կապված Հայաստանի հետ: Ես չգիտեի՝ ինչ է մնացել Հայաստանում երկրաշարժից հետո, բայց այդ պահից սկսած երազում է Հայաստան գալու մասին: Չեմ կարող ասել, թե այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս, ամեն ինչի հետ համաձայն եմ: Մենք խնամքով չենք վարվում Երևանի հետ: Անդեմ ճարտարապետությունը, համատարած աղբը, ոստիկանների ջղայն հայացքները: Շատ կուզեի, որ Հայաստանում ոստիկաններն ավելի սեքսի լինեին: Րաֆֆի, լուրջ, էտ մեծ փորերով ո՞նց են վազելու գողերի հետևից…

Լյուսի Աբդալյանը ծնվել է Բեյրությում (Լիբանան): Քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ (Կանադա): Միջնակարգ կրթությանը զուգահեռ հաճախել է երաժշտության մասնագիտացված դասընթացների: Երբ նրա ուսուցիչը՝ Վիգեն Թուֆենգջյանը, ծանոթացրել է Գոյայի արվեստին, Լյուսիին գրավել է գեղանկարչությունը ու նա տարվել է ժամանակակից արվեստի ուսումնասիրությամբ: Լյուսի Աբդալյանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝ աշխարհի տարբեր երկրներում:

Նրա գործերը ցուցադրվում են այնպիսի նշանավոր ցուցասրահներում, ինչպիսիք են Կալիֆորնիայի ժամանակակից արվեստի թանգարանը, ԻԿՈ, APW ցուցասրահները (Նյու-Յորք), Brand Library Art-ը (Գլենդել) և այլն: Նրա աշխատանքների մի մասն էլ անհատ հավաքորդների հավաքածուներն են զարդարում:

Այս թեմայով