13 Հունվար 2015, 17:19
1579 |

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը` տատիս ակնոցի տակից

Տատս պատմում է, որ էն թվերին իրենք դուռ փակելը չեն իմացել «ինչ բան ա»: Ասում է ու նախատում, թե` հիմա էն թվերը չեն, հիմա պետք է դուռդ փակ քնես: 

***

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանել են: Նրանց մեջ է նաև 2 տարեկան երեխա: Հարևանն ասում է, որ Ավետիսյանների ընտանիքը քնում էին` առանց դուռը փակելու»…

***

Տատս վստահեցնում է, որ էն թվերին գողանալուց միայն ձու կամ ցոգոլ էին գողանում, իսկ բռնվելուց` ամոթից ընտանիքը հավաքում ու հեռանում էին գյուղից:

***

«Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հեղինակը ռուս զինվորական է, ով գիշերը փախուստի է դիմել զորամասից»…

***

Տատիս ասելով` էն թվերին` սովետի օրոք, երբ ռուսների հետ էին նստում-վեր կենում` մարդկային հարաբերություններն ամենաիսկականն էին, հիմա` հարևանը հարևանին էլ չի ճանաչում:

***

«Գյումրիում սպանդից փրկվել է 6-8 ամսեկան փոքրիկը. երեխայի վիճակը ծանր կայուն է. բժիշկների տեղեկացմամբ` երեխան կտրող-ծակող գործիքից մոտ 6 վնասվածք է ստացել»…

***

Տատս հիշում է` էն թվերին երեխեքին լ պատժում էին` մի լավ «քամակներին խփելով», ոչ թե հիմիկվա պես` «այփոնները ձեռքներին» ձևական անկյուն կանգնեցնելով:

***

«Ոստիկանությունը տարածել է Գյումրիում ոճրագործության հեղինակի լուսանկարը: Հայտարարվել է հետախուզություն»…

***

Տատս, ծիծաղից խեղդվելով, հիշում է` էն թվերին գյուղով մեկ մի ամբողջ օր փնտրում էին շաշ Խաչիկին, ով պահմտոցի խաղալիս բարձրացել էր ծառն ու քնել տեղում:

***

«Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանած Վալերի Պերմյակովին տեսել են տեղի տներից մեկի տանիքին»…

***

Տատս, աչքերը մի քիչ կկոցելով ու հիշողությունների գիրկն ընկելով, ասում է, որ էն թվերին ամառները ողջ գյուղը քնում էր տանիքներին ու մենակ «ղոնաղ» գալուց ստիպված անկողին բացում ննջասենյակում:

***

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետ կապված Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Lավրովն իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում»…

***

Տատս նշում է, որ էն թվերին ռուսների հետ համատեղ իրենց բացահայտածը Նատաշայի ու գյուղապետի տղայի` Կուճունց Արշավիրի սիրային կապն էր, որի հետևանքով Արշավիրն իրար հետևից 5 տղա ունեցավ:

***

«6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորին բռնել են Երասզգավորս գյուղի մոտ, երբ վերջինս փորձել է հատել սահմանը»…

***

 Տատս էն թվերին «բռնվածներից» ամենաշատը խոսում է գյուղի քահանայի մասին, ով բռնվել էր գյուղի աղջիկներից մեկի սիրով ու աղջկա հարսանիքի օրը փախցրել նրան: Ասում է` քահանան չէր էլ հմանչում, որ երկնքի սահմանից երկրային սահման է անցում կատարում:

***

«Ոճրագործը ցուցմունք տալնշել է, որ Ավետիսյանների բնակարան մտել է ջուր խմելու, դուռը փակ է եղել, փորձել է ներս մտնել, հանկարծ մեկն արթնացել է ու այդտեղից էլ սկսվել է պատմությունը»…

***

Տատս ասում է` էն թվերին տղան ջուր էր ուզում սիրած աղջկանից և եթե տալիս էր, ուրեմն` համաձայն էր իր կինը դառնար, եթե չէ, ուրեմն` աղջիկը մեկ ուրիշ ծարավի է սպասում: 

***

«Հանցագործն ասում է, որ փամփուշները վերջացել են` դրա համար էլ սկսել է երեխային դանակի հարվածներ տալ»:

***

Տատս ասում է` էն թվերին անեծքը մոդա է եղել, իսկ հիմա անեծքին փոխարինելու է եկել «արժանապատվությունը վիրավորելու մասին օրենքը», ասում է ու հավելում.«Ջուր խմելո՞ւ ա գնացել ու սկսել քնած երեխուն դանակի 6 հարված հասցնե՞լ` հողեմ դրա գլուխը, լավ օր չտեսնես կյանքում, էն օրը գցեն, որ երազես մեռնելու մասին, բայց հոգիդ տաս վուչ: Բա էն թվերին սենց բան կլինե՞ր, բա էն թվերին մարդ դուռը փակելը կիմանա՞ր` ինչ բան ա… Այ բալա, դարպասը փակե՞լ եք, չէ՞»…

Այս թեմայով