18 Դեկտեմբեր 2014, 13:16
1381 |

Փղիկն ու համատարած թանկացումները

Սուպերմարկետի փակ դռների առաջ բողոքի բացականչություններ էին. «Էդ ինչի՞ մինչև հիմա շուրջօրյա էիք աշխատում, հիմա հանկարծ որոշեցիք փակել դռները»: «Բա ի՞նչ կանեն. լսել են, որ ապրանքը սահմանին թանկացել է: Արագ-արագ պիտակները կփոխեն, իրենք էլ կթանկացնեն»:

Կեսգիշերը վաղուց անց էր: Երևանի կենտրոնական փողոցներից մեկի մայթին մարդիկ էին հավաքվել: Տաքսին կանգնեցրի՝ իմանալու, թե ինչ է կատարվում: Մարդկանց խիտ շարքերը մինչև սուպերմարկետի մուտքն էին ձգվում: Սուպերմարկետի փակ դռների առաջ բողոքի բացականչություններ էին. «Էդ ինչի՞ մինչև հիմա շուրջօրյա էիք աշխատում, հիմա հանկարծ որոշեցիք փակել դռները»: «Բա ի՞նչ կանեն. լսել են, որ ապրանքը սահմանին թանկացել է: Արագ-արագ պիտակները կփոխեն, իրենք էլ կթանկացնեն»: «Մի հարցնող լինի. էդ ձեթն ու ալյուրը ձեր խանութում երկու տարի է դրված չի՞, ինչո՞ւ եք թանկ գնով տալիս: Հո նո՞ր չբերեցիք էդ ապրանքը, հին գնով վաճառեք, էլի: Ո՞նց կլինի ախր. իրենք սովոր են, որ մեկին՝ հարյուր օգուտ անեն, բա առիթից չօգտվե՞ն». այս ու այն կողմերից հնչող մեկնաբանություներն անհասկանալի էին թվում:

Անկյունում կանգնած մի երիտասարդ զույգի նկատեցի: Տղամարդը գրպանից մանրադրամներ էր հանում, հաշվում, լցնում կնոջ ափի մեջ: Փողոցի վառ լույսերի տակ պարզ տեսա՝ 500-անոցներ էին: «14.500 դրամ. էսքանով մի քանի հատ ձեթ, մի քանի կիլո կարագ, մեծ տուփով ալյուր ու ձու կառնենք: Ժամ-ժամ թանկանում է ապրանքը»,- անհանգստացած ասաց տղամարդը: «Բա որ երեխեքն առավոտյան արթնանան ու տեսնեն կասսը չկա, ի՞նչ ենք ասելու»,- ավելի անհանգստացած հարցրեց կինը: «Ոչինչ, կասենք ձեր հավաքած 500 դրամանոցներով կասսը Ձմեռ պապին գիշերն եկել- տարել է, որ փոխարենը Նոր տարուն ձեզ համար լավ-լավ նվերներ բերի: Ամսվա վերջին աշխատավարձ կստանամ. իրենց նվերները կառնեմ, մի մտածի: Հիմա կարևոր է էրեխեքի հավաքած փողով մի քիչ ուտելու բան-ման առնենք, քանի հոր գինը չեն դրել ապրանքի վրա»,-կնոջը հանգստացրեց ամուսինը: «Ափսոս էր, էրեխեքիս կասսը ջարդեցինք էս երկու կոպեկի համար: Հա, բայց ի՞նչ անենք. թանկանում է ամեն ինչ»,- ինքն իրեն մխիթարեց կինն ու գորովանքով նայեց ամուսնուն: Մի քիչ հետո սուպերմարկետի դռները բացվեցին: Ժողովուրդը ներս լցվեց…

90-ականներն աչքիս առաջով մղձավանջի պես մի պահ անցան. էլի՞ նույնը, էլի՞ առուփախի է: Չէ, տարբերությունը շատ մեծ է. այն ժամանակ ոչ փող կար, ոչ ապրանք. հիմա էլի փող չկա, բայց ապրանքը՝ ծեփ տված: Մարդիկ վազում էին շաքարավազի, ձեթի, ալյուրի բաժինների կողմը: Հիասթափությունը մեծ էր: Բոլոր պիտակները փոխվել էին. առաջին անհրաժեշտության սննդամթերքն առնվազն 200-300 դրամով թանկացել էր: Բայց խուճապի մատնված անքուն գնորդները տոպրակները շտապ-շտապ տեղավորում էին սայլակների մեջ: Աչքը տեսածից է վախենում. բա որ ավելի թանկանա՞:

Մի քիչ պտտվեցի սուպերմարկետում, ճիշտն ասած՝ ես էլ ենթարկվեցի խուճապին: Մի-երկու տոպրակ ձեռքիս դուրս էի գալիս ու հանկարծ երիտասարդ զույգն էլի աչքովս ընկավ: Վճարեցին դրամարկղում ու առաջ անցան: Հետաքրքրեց՝ տեսնես ի՞նչ առան 14.500 դրամով: Զարմացա. ձեռքներին մի փոքր տոպրակ էր միայն: Կանգնեցին խանութի պատի տակ: Ամուսինը ձեռքը մտցրեց տոպրակի մեջ ու տուփից մի վարդագույն կերամիկական փղիկ հանեց: Կասս էր: Կինը գրպանից հանեց 500 դրամանոցները ու երկուսով սկսեցին արագ-արագ լցնել կասսի մեջ…

Այս թեմայով