16 Դեկտեմբեր 2014, 17:22
2005 |

Բանակային սագա

Մի ժամանակ չծառայածներին աղջիկ չէին տալիս, հետևից հայհոյում ու նույնիսկ անառիթ ծեծում էին: Երբ պատրատվում էի մեկնել ծառայության, իմացա, որ պապս, օրինակ, երեք ու կես տարի է ծառայել, ուրախացա, որ իմը, գոնե, երկու տարի է լինելու: Արդեն սկսվել է ձմեռային զորակոչ-զորացրումը: Շատերն արդեն համակերպվել են մեկնելու մտքին, մի մասն էլ դեռ սպասում է «լավ տեղ ընկնելու» կամ «պոչկեքի մեջ» ինչ-որ առեղծվածային քարեր հայտնաբերելու լուրին. իզուր, մեկ է՝ գնալու են:

Մեկնելուց մի ամիս առաջ գրեթե բոլորի մոտ սկսվում է սովորական գործընթացը.
   Առաքելություն #1- Փակել ունեցած պարտքերը
   Առաքելություն #2- Հանձնել չհանձնած լիկվիդները
   Առաքելություն #3- Մի ամսում վայելել երկու տարվա համար պլանավորած հաճույքները
   Առաքելություն #4 Խուզել մազերը, անպայման խուզել:
Հետո նստում ես «պազիկն» ու գնում՝ չգիտես ուր: Ոմանց սպասելիքներն արդարանում են, ոմանց՝ ոչ, բայց բոլորն էլ ունենում են գրեթե նույն զգացողություններն ու ապրումները: 2 տարի (ավելի կոնկրետ՝ 730 օր, 104 շաբաթ, 24 ամիս, 17 520 ժամ) հետո հաշվում ես շահածդ ու կորցրածդ:


ՁԵՌՔ ԵՍ ԲԵՐՈՒՄ
1. Համբերություն (այնքան էլ հեշտ չէ երկու տարվա հետհաշվարկ անել՝ գոտու վրա խազեր գծել-ջնջելով)
2. Ընկերներ (բանակն իսկական փորձություն է, հետևաբար, հենց այստեղ է հնարավոր հանդիպել իրական ընկերների) 
3. Ամուր նյարդեր (բավականին բարդ է համակերպվել անկիրթ, անգրագետ ու անխելք սպայի հետ)
4. Խաշած ցորենին ու կաղամբին (քաղաքացիական կյանքում ոչինչ չէր ստիպի անընդհատ դա ուտել, բավական տհաճ է)
5. Գիրք կարդալ (կյանքում այլևս երբեք չես ունենա այդքան ազատ ժամանակ գիրք կարդալու համար: Ցավոք, հենց բանակում են շատերը կարդում իրենց կյանքի երկրորդ գիրքը)

ԿՈՐՑՆՈՒՄ ԵՍ
1. Հավատը մարդու հանդեպ (իհարկե, մասամբ: Սակայն հեշտ չէ տեսնել համազգեստդ գողացող մարտական ընկերոջն ու շարունակել վստահել մարդկանց)
2. Ոմանք՝ ընկերուհուն (ամեն աղջիկ չէ, որ պատրաստ է անընդհատ լիցքավորել հեռախոսդ, ամսական մեկ անգամ տուլիկ ուղարկել, սպասել երկու տարի. հո չի գժվել) 
3. Կյանքից երկու տարի (շատերը համոզված են, որ կորցնում են այդ երկու տարին, թեև այս պնդումը վիճելի է. քաղաքացիական կյանքում դժվար թե էդքան ծանոթներ ձեռք բերես երկրի բոլոր անկյուններից, սովորես տասնյակ բարբառներ)
4. Մի քանի կիլո՝ պարտադիր (միջին վիճակագրական զինվորը նիհար է. թեև բանակում սնվում են ռեժիմով, բայց ֆիզիկական վարժությունները թույլ չեն տալիս քաշ հավաքել) 
5. Կապը սոցիումի հետ (քաղաքացիական կյանքի փոփոխությունները, տենդենցները շրջանցում են քեզ, ու ծառայությունն ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ յուրացնում ես բացթողածը)

Այս թեմայով