10 Դեկտեմբեր 2014, 21:18
4838 |

Երևանյան շատացող տաքսիներն ու ձեթի համար պակասող 30 դրամը

Քաղաքում ամեն քայլափոխի տաքսիներ են, հազար գույնի, հնության ու մակնիշի, նրանք ամենուր են` փողոցներում, բակերում, հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների դիմաց, կարմիր գծերի մեջ ու դրանցից դուրս, ամեն-ամեն տեղ: Ոչ ոք դեռ չի հաշվել, թե քանի տաքսի կա մեր քաղաքում, բայց որ շատ են ու ամեն օր մի քանի տասնյակն էլ միանում են տաքսիստների մեծ համայնքին, էդ հաստատ:

Մեր հարկի ամենահին տաքսիսը հայրս է, արդեն 14 տարի` ամեն առավոտ դեղին նշանը դնում է մեքենայի գլխին ու դուրս գալիս, ինչպես ինքն է ասում, փողոցներից մի քանի կոպեկ «փախցնելու»: Վերջին մեկ տարում պոտենցիալ մրցակիցները հատեցին թույլատրելիի սահմանաչափը: Վերջին թարմ դեպքը մի քանի օր առաջ էր, երբ մեր հարևան «աբիվշիկ» Արամը թակեց դուռն ու «փորձված գայլին» հարցրեց, թե որտեղից տաքսու դեղին նշան առնի ու մեքենայի վրա ճիշտ փակցնի շախմատաձև մագնիսները: «Մեղադրելու չի, գործ չկա, համատարած լճացում է, մարդկանց փող է պետք, դիմացը նոր տարի է»,- ասաց տնտեսագիտականն ավարտած հայրս. ասաց ու մտքում ատեց նոր մրցակցին, ում հետ կողք կողքի ապրել է 40 տարի:

***
Ժողովրդի մտահոգություններն ու հոգսերը, դժվարություններն ու բողոքները, անհանգստություններն ու պակասող փողի քանակը պարզելու համար տնտեսագետներն ու սոցիոլոգները տասնյակ տարիներ են ծախսում: Իզուր, վստահեցնում եմ` ամենևին դժվար բան չկա, մի երեկո եկեք մեր տուն ու նստեք հյուրասենյակում: Մայրս խանութում մթերք է վաճառում արդեն 10 տարի, երկու օր առաջ հոգնած եկավ տուն ու պատմեց թանկացումների մասին իմ լսած ամենասարսափելի պատմությունը: 

Օրեր առաջ ձեթը մի ժամում թանկանում է 30 դրամով, ամերիկյան սանկցիաները չգիտես որտեղից գալիս ու միանգամից հարձակվում են երևանյան խանութներում դրված ռուսական ձեթի շշերին. իսկական չհայտարարված պատերազմ: Մի տարեց կին մտնում է խանութ, վերցնում ձեթի շիշը, նայում գնապիտակին ու ձեռքերով հարձակվում մորս վրա, մեղադրում, տնտեսագետների ասած, աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ....դե արի ու բացատրի, որ սանկցիաներ են, ախր, Օբաման ու Պուտինը լեզու չեն գտել, պատերազմ է: 

Շատերիս աշխատասեղաններին հաստատ մի քանի անպետք 10 կամ 20 դրամանոցներ են գցած, հենց էնպես, շպրտած են, ո՞ւմ են պետք: Պարզվում է՝ պետք են։

Այս թեմայով