19 Սեպտեմբեր 2014, 10:14
2450 |

Տարրական մասնիկ

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես:

Մի ժամանակ, երբ, հատկապես աշնանը, Երևանով քայլում էիր, թափված տերևների հետ շուրջդ տարբեր՝ տափակ, ուրախ, շատ տխուր, հին կամ կիսով ինքատիպ, նոր ու գունաթափ աֆիշներ էին պտտվում: Հենց էդ ժամանակ էլ փորձեցի ազդագրի պատկերով միջոցառման որակը տարբերակել: Մի երկու հաջող փորձերից հետո ներսումս տարօրինակ զգացողություն առաջացավ. սկսեցի հաճախել այն համերգասրահները կամ թատրոնները, որոնց ազդագրերի բովանդակությունը, գույնը կամ պարզապես գիծը ինձ դուր էր եկել: Երբեմն էլ ուղղակի գնում էի աֆիշը տեսնելու:

Հետո՞… Սկսեցի էդ ոլորտի պատմությունն ուսումնասիրել: Արխիվներից պեղում-հանում միջոցառումների ազդագրերն ու… Ի~նչ հանրահայտ միֆեր էին ջարդվում կամ ստվերում մնացած ներկայացումներ, համերգներ ի հայտ գալիս: Աֆիշները հնչում էին ու ցուցադրում…

Երբ 1966-ի դեկտեմբերի 10-ին Կոմպոզիտորների միության դահլիճում կայացած «Երազողների» համերգի ազդագիրը տեսա՝ առաջին բանը, որ հիշում եմ՝ աղմուկն էր: Բայց սովորական, հնչյուն գոռգոռոց կամ մեքենայի, քաղաքային անցուդարձի սովորական ձայն չէր: Ավելի ճիշտ՝ ճիչ էր, բայց էնքան մաքուր, որ հնչյունների մեջ Երևան անունով իսկական քաղաք կար: Բացառիկ մի քաղաք, որի շենքերը անկեղծությունից թափանցիկ էին: Ակնթարթորեն թափանցիկ դարձան նաև Կոմպոզիտորների Միության պատերն ու պատուհանները, չնայած սաստիկ ցրտին, լայն բացվեցին: Մուտքի առաջ, Դեմիրճյան փողոցի երկանքով մարդկանց գարունային բազմություն էր հավաքվել: Նրանք տոմս չունենալու պատճառով դրսում էին մնացել: Բայց երաժշտությունը ներսի ու դրսի սահմանները խախտում, ջնջում է: Փաստորեն այդ օրը «Երազողների» համերգին տոմս չունեցող, Դեմիրճյան փողոցի վրա խմբված երևանցիները նույնպես ներսում էին:

Նորը միշտ համարձակ է, քանի որ չունի պատմություն: Դրա համար չի վախենում ոչնչից, նույնիսկ՝ սխալներից: Արված քայլեր չունի, դրա համար չի ծանրանում, շնչառությունն էլ մաքուր է: 1966-ի դեկտեմբերի 10-ին կայացած հայ բիթլների համերգի ազդագիրը տեղեկատու չէր միայն: Այն ավելի շատ վախի ուրվականի վտարման ու ռեպրեսիաներից կծկված քաղաքի ազատագրման դրոշակն էր:

Ազդագրերը հազվադեպ են վերադառնում: Ավելի ճիշտ ազդագրի վերադարձը որքան գայթակղիչ, նույնքան էլ վտանգավոր է: Չէ՞որ ժամանակը, այնուամենայնիվ, հոսում է: Բայց լինում են դեպքեր, երբ ազդագիրը կարող է բոլորովին այլ տեսակով ու ֆորմատով վերադառնալ:

«Երազողների» աֆիշը Միշել Ուելբեքի «Տարրական Մասնիկներ» գրքի շնորհանդեսի կազմակերպման ժամանակ հայտնաբերվեց: Զարմանալի զուգադիպություն. չէ՞որ «Երազողներն» էլ տարրական մասնիկն էին աշխարհը մաքուր էջից կառուցելու գործում…

Այս թեմայով