07 Հուլիս 2014, 13:07
2424 |

Մուտքը՝ միայն գաղտնաբառով

Ժամանակին Երևանում մեկը մյուսի հետևից բացվում էին նոր փաբեր, որոնց տերերը փայլուն աչքերով պատմում էին՝ ինչե՜ր են դեռ անելու: Բայց ժամանակի ընթացքում մարեց թե նրանց աչքերի փայլը, թե այդ փաբերի լույսերը: Պետք էր ինչ-որ նոր բան մտածել քաղաքում գոյատևելու համար: In Town փաբ-սրճարանն առաջիններից մեկը գլխի ընկավ՝ ինչ անել:

Ինչպես ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Եվ ահա արդեն իսկ ճանաչված փաբը որոշեց միավորվել One Day ակումբի հետ ու նորովի բացեց իր դռները՝ սահմանելով նաև նոր կանոններ: Եթե գոնե մեկ անգամ եղել եք In Town -ում, ապա լատինական երաժշտության կամ պարերի սիրահար եք: Այստեղ տիրում էր բրազիլական կիրքը, իսկ այցելուները մի գավաթ ըմպելուց հետո բրազիլական կառնավալը տեղափոխում էին Երևան: Սակայն վերաբացված In Town-ում հայտնվելու համար սերը դեպի լատինական երաժշտությունը քիչ է. հարկավոր է իմանալ նաև գաղտնաբառը, որն ամեն անգամ փոխվում է:

Այս Քաղաքի քաղաքապետն Անին է: Նա բացատրեց, որ Քաղաք մտնելու գաղտնաբառը ձեռք բերելու համար պետք է դառնալ ակտիվ քաղաքացի: Միանգամից ֆիքսեցինք, որ օրինակ մենք՝ ես ու լուսանկարիչը, դա չգիտենք: Ու ծագեց հարց՝ իսկ գուցե էլի կան մեզ նման արտոնյալներ: Քաղաքապետն ասաց, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Թերևս, միակ բացառությունը չորրորդ իշխանությունն է: Ի դեպ, այս Քաղաքում ողջունում են ոչ միայն ԶԼՄ-ներին, այլև էկոլոգիապես մաքուր տրանսպորտը:

Քաղաքի ճարտարապետությունը, ցավոք, տպավորիչ չէր: In Town-ը ինտերյերի տեսանկյունից առանձնապես գլուխ գովելու տեղ չունի: Այստեղ կա երեք սրահ, կահ-կարասին փայտից է, պատերին՝ լուսանկարներ, որոնք, ի դեպ, վաճառվում էին: Պարբերաբար այստեղ կլինեն հայ լուսանկարիչների ցուցադրությունները: Դա լավ է, բայց արդեն չարչրկված: Քաղաքի բարը նույնպես առանձնապես չէր փայլում իր ալկոհոլի տեսականիով:

One Day ակումբի հետ միավորումից իրենց մենյուի ցանկում ավելացել է գինու տեսականին, ավելին՝ այստեղ պարբերաբար Գինու օրեր են անցկացվելու: Սրահներից մեկը կարծես թե One Day ակումբի տարածքը լիներ, ավելի ընդարձակ էր ու մեղմ լուսավորված: Պատերը զարդարված էին քաղաքային լուսանկարներով ու ոչ մի ավելորդություն:

Նախասրահում իր ելույթին էր պատրաստվում Granada բենդը: Խմբի մենակատար Անահիտը նախքան ելույթը պատմեց, որ հետաքրքիր տենդենց է նկատել՝ հայերը սկսել են ավելի շատ հետաքրքրվել լատինական երաժշտությամբ, պարերով և իսպաներենով: Նրա կարծիքով, պատճառը լատինական երաժշտության էներգետիկան է ու ձգողականությունը:

Զրույցից հետո Անահիտը շտապեց իր բենդով ազդարարել InTown փաբի վերաբացումը: Դե իսկ մենք հանգիստ խղճով կարող ենք հայտնել այդ օրվա Քաղաք մտնելու գաղտնաբառը՝ Lindo Loco, որը, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «խենթ գեղեցիկ»:

 

Այս թեմայով