11 Մարտ 2013, 14:48
1900 |

Բդակերը

Չգիտես ինչու՝ ուղեղումս «բարաք» բառը միշտ զուգորդվում է «սև», ավելի ճիշտ «վառված սև» բառակույտի հետ: Սակայն դա բոլորովին էլ թշվառության կամ աղքատության հետ չի կապվում: Բարաքի մեջ լիքը ծիծաղ ու մտերմություն կա՝ ի տարբերություն քարե «կոնսերվա» հիշեցնող բազմահարկ ու անմարդկային շենքերի:

Մեր շենքի շուրջը կիսախարխուլ տներ էին, որոնք վաղուց քանդվելուն, հողին հավասարեցվելուն էին սպասում: Նրանք տեսել էին հենց մեր կացարանի տեղում եղած բարաքների անփառունակ վախճանը ու հիմա հեզ ու խոնարհ օրերն էին հաշվում, թե երբ է Երևանի մետաղյա գունդը հարվածելու ստվարաթղթով ու ժեշտով կարկատած նրանց մարմիններին: Մարդիկ էլ էին սպասում՝ չհասկանալով մի ամբողջ աշխարհի կորստի մասին: Աշխարհ, որը հագեցած էր հարևանի, ուրիշի, կողքինիդ, դրսի, ներսի, անասֆալտ փողոցի, ընդհանուր պետքարանի «բարաքացած» տպավորություններով:

-Դ-յան, Դ-յան, տուն արի...

Շո՞ւնն էր կանչում, թե՞ Դ-յանի կինը, հիմա չեմ էլ հիշում: Բայց մաշկովս մտաբերում եմ, ոնց էր հարբած Դ-յանը աչքերը փակ, պատերին քսվելով՝ Կոմիտաս փողոցի «գինիների» խանութից դեպի տուն գնում: Քայլերը թլթոշ էին, շարժումները՝ կիսաֆրանսիական: Բարաքները էդ պահին նրան ձեռք էին մեկնում, որ չընկնի, տեղ էին տալիս, հետ քաշվում: Սա էլ գալիս պարտադիր մի հատ Սոնյային քրֆում, նրա հարևանությամբ երկրորդ հարկում ապրող Երանթիկին ձեռքով էր անում ու, շանը հեծնելով, դուզ իրենց բաղէր թռնում:

Սոնյան ջահելոտ էր, Երանթիկը՝ մանուշակացած: Նկատի ունեմ, նման էր արդեն մեկ շաբաթ ծաղկամանում հանգրվանած ծաղկի: Առաջինի մոտ սպաներ էին գալիս, երկրորդը օրը մի երեք անգամ Սուրբ գիրքը գրկին հայտնվում էր թախտաբիթիների արշավանքներից առավելապես տուժած պատշգամբում ու էկող-գնացողին ձեռքով անում: Երանթիկի ձեռքի շարժումը տիպիկ պապական, էն էլ՝ հռոմիպապական էր: Էս երկու կանանց, բացի բարաքից, նույնացնում էր արգելվածության զգացումը: Սովետում Աստված մեռել էր, սեքս էլ՝ չկար: Այլ կերպ ասած՝ Սոնյան ու Երանթիկը մեր բարաքների վտարանդիներն էին:

Էդ օրը Սոնյայի մոտ մի հատ սապոգ էր եկել: Երանթիկը սրան տեսավ-չտեսավ, ի նշան բողոքի, իր բկով-թումբանները հանեց փռեց Սոնյայի դռան վրա կախված պարանից: Սոնյան ֆշշաց-թշշաց, կերասինկան հանեց-դրեց տան մուտքի մոտ ու սկսեց հավ ժարիտ անել: Տապակայի տժտժոց ու ժավել դրած տրուսիկի հոտ: Ալամ աշխարհն իմացավ, որ Սոնյայի մոտ սապոգ ա էկել, Երանթիկն էլ՝ բաղնիք ա գնացել...

Աշխարհից կտրված չէր նաև Արոն...

- Ապեր, սոված եմ,- Արոյի ձայնի մեջ ակնթարթրորեն ծնվում էր սմենային աշխատանքի մեջ «ծաղկամանածաղիկ» մոր ու խոպանում կյաժացած մազերով հոր պատկերը,- էդ էլ ժարիտի հոտերը քցել ա...

- Արի մեր տուն, հաց կեր...

- Ձե՞ր տո՜ւն... Բա ամո՞թ չի... Արի դրա հավով թենջիրեն գողանաք...

- Ի՜, բա որ բռնեն... Գիտես՝ ո՞վ ա դրա մոտ գալիս... Կամանդիր ա, քեզ կբռնի, բանակ կտանի...

- Դպրոցի՞ց...

Արոն անդրդվելի էր: Դ-յանների տան մոտից դարան մտանք: Սոնյան նազուտուզով, շորի տակից կամբինացիան ցույց տալով, գնում-գալիս փայտե թիյով հավի բդերն էր մաժմժում: Հետո ակամայից հոտոտում էր քթի տակ կախված թումբանները: Մի բան լավ էր, Սոնյայի լրբապիղծ, դավանաթույն ու անառակա-հըղբ արարքից Երանթիկը վիրավորվեց և ժողովրդին ժամանակավորապես զրկեց իր հռոմիպապական օրհնությունից:

Մի խոսքով, երբ կամբինացիայի հերթական ցուցադրումից հետո Սոնյան տուն մտավ, Արոյի հրահանգով, գրոհեցինք քառատված հավի վրան: Ավելի ճիշտ՝ միայն նա գրոհեց, քանի որ վերջին պահին Վարդանանց գեներն ու մորիցս լացակումած ապտակ ստանալու հեռանկարը գլուխ բարձրացրին իմ մեջ: Ոտքերս ակնթարթորեն արգելակեցին: Իսկ խեղճ Արոն հազիվ էր թափ հավաքել, երբ ադրենալինից գրգռված ու գողին բռնելու բնազդային ցանկությամբ Դ-յանի շունը, Քուռկիկ-Ջալալիի նման ծառս եղավ ու ուղիղ Արոյի վրա... Խեղճ նորաթուխ Ժան Վալժանը հո մի շուխուռ չբարձրացրեց: Շուխուռը հեչ, մարմնով անասֆալտ փողոցն ավլելով, սուրաց ուղիղ Սոնյայի վաքսած սապոգով տրորված անկողինը: Արոյի անբեկանելի ընթացքից սարափած՝ հավի բդերը թև առան ու մի պտույտով Կոմիտասի փողոցին հրաժեշտ տվեցին՝ ծիծեռնակների հետ հարավ չվելով: Երանթիկի թումբաններն էլ սահքի ժամանակ հերթով Արոյի գլուխը մտան՝ ակնթարթորեն հիշեցնելով սովետական բանակում ինկվիզիցիայի զոհերի ապրած սարսափների մասին: Ալամ աշխարհը, բնականաբար, խառնվեց իրար: Դ-յան թունդ հայհոյելով՝ մուղամով դեպի գինիների խանութը ցվրվեց, Երանթիկը բանադրեց իր թումբանագողին, իսկ Սոնյայի հետայսու քաղցած սապոգը, իր ծոցում հայտնված պատանուց սարսափած, հենց էդպես՝ մայկա-տրուսիկով դեպի զորամաս մարշ-բրասոկ արեց...

- Մերզավեց, էս ինչ սերունդ ա մեծանում, ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն... չեն էլ  թողնում հանգստանալ:

Բարաքային հարևանությունը հերթով քաշեց Արոյի ականջները՝ խեղճին նույնացնելով խոպանում կյաժացած հոր հետ: Բայց բդակերի խարանը այդպես էլ չջնջվեց նրա դեմքից: Հետայսու նա լոշտակ էր...

Այս թեմայով