08 Մարտ 2013, 12:22
1695 |

Աչքի պոչով

№33 երթուղայինում առավոտ է: Քվորումը հիմնականում կանայք են ապահովել: Դիմացս նստած միջին տարիքի կինն աննկատ պայուսակից հանում է հայելին ու շտկում մազերը: Ես միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես է սկսվել այս կնոջ առավոտը. մութուլույսով արթնացել է, հավաքել բնակարանը, նախաճաշ պատրաստել ամուսնու ու երեխաների համար, Աստված գիտի՝ հասցրել է մի բաժակ սուրճ խմել, թե ոչ, մտել է վերարկուի մեջ ու մինչև վերելակը նրան յոթերորդ հարկից կիջեցներ ներքև, ձեռքի մի երկու շարժումով հասցրել է շտկել մազերը:

Կնոջ պայուսակը բացվելուն պես սուրճի հաճելի բույր տարածվեց ամբողջ երթուղայինով: Ակնհայտ էր, որ առավոտյան չի հասցրել սրճել ու հիմա անհամբերությամբ սպասում է՝ երբ պիտի հասնի աշխատանքի, որ կոլեգաների հետ անցնի սուրճը վայելելու և այդ ընթացքում մի հազար բերան խոսելու հաճելի արարողակարգին:

Քիչ այն կողմ երկու դպրոցական երեխաների ձեռքերից ամուր բռնած կանգնած է մի երիտասարդ կին: Չեմ կարող ասել` նա հասցրել է սրճել թե ոչ, բայց դատելով երեխաների կոկիկ տեսքից, շատ ժամանակ է վատնել նրանց կարգի բերելու համար: Տեսարանն ուրվագծվեց միանգամից. Մինչև ամուսինը հորանջելով պատշգամբ է դուրս գալիս՝ մոխրացնելու առաջին ծխախոտը, կինը երեխաներին դպրոց է հասցնում, հետո շնչակտուր վազում աշխատանքի...

<<Հայ կնոջ գլխին նստած է սկեսուրը, պարանոցին` ամուսինը, իսկ ձեռքին` երեխան>>: Չգիտեմ` ով է այսպես մաթեմատիկական ճշգրտությամբ բնութագրել, բայց կարծում եմ, որ նա հենց այս կնոջն է նկատի ունեցել: Օրինակելի մայրիկից հայացքս ու մտքերս շեղեց երթուղային բարձրացած նոր ուղևորը: Երևում էր, որ նա առավոտյան բավականին ժամանակ է ունեցել հայելու հետ երկխոսության համար: Տոնական սանրվածքից, ոչ պակաս տոնական մեյքափից ու առատ արդուզարդից ենթադրվում էր, որ կինն ազատ է եղել նախաճաշ պատրաստելու ու երեխաներին դպրոց հասցնելու պարտականություններից: Կնոջ անհանգիստ շարժումները մատնում էին, որ տոնական կեցվածքը նրա կենցաղի բաղկացուցիչ մասը չէ: Նա անընդհատ շոշափում էր մազերի ծայրերը, հիացած նայում մատնահարդարման արդյունքում նրբացած ձեռքերին, բջջայինի հայելանման հատվածում զննող հայացքով փորձում ճանաչել ինքն իրեն… Ինձ մնում էր միայն ենթադրել, որ նրա ծննդյան օրն է այսօր: Հենց այդ պահից էլ մի կողմ դրեցի իմ քննադատական վերաբերմունքը նրա գունառատ մեյքափի հանդեպ ու նույնիսկ անկեղծ ուրախացա այն մտքից, որ այսօր բոլորը նրան կասեն՝ վայ, էս ոնց ես փոխվել, չճանաչեցի:

Պարսկական իմաստությունն ասում է. <<Կինը դժբախտություն է, բայց, ով Տեր, ոչ մի տուն չզրկես այդ դժբախտությունից>>: Ես այդ եզրահանգման տակ աշխարհի բոլոր տղամարդկանց անունից like եմ անում ու ավելացնում՝ շնորհավոր բոլորի տների <դժբախտություն-երջանկություն> կանանց մարտի 8-ը:

Այս թեմայով