07 Մարտ 2013, 22:40
1784 |

Փաբիստի արկածները. Troll pub-ի պղպեղները

Տրոլլները սկանդինավյան առասպելաբանության ներկայացուցիչներ են, որոնք հանդես են գալիս թզուկի, հսկաների կամ կախարդների տեսքով: Ի՞նչ կապ ունեն նրանք մեզ հետ: Անմիջական: Տրոլլ փաբի ներկայացուցիչներն իրենց անվանում են Հայաստանում տրոլլների պաշտոնական «հյուպատոսարան»:

Ու քանի որ ես տեղյակ էի նրանց մասին, ավելին` տպավորված էի «Մատանիների տիրակալը» ֆիլմից, որոշեցի, որ անպայման կայցելեմ տրոլլների  հայաստանյան գրասենյակ, մանավանդ, որ համապատասխան առիթ կար: Այս փաբի կողքով անտարբեր չես կարող անցնել` ի տարբերություն մյուս փաբերի, որոնք արտաքինից մի տեսակ անշուք են:

Տրոլլ փաբի մուտքն արդեն իսկ միստիկ է, այն կարծես այլ աշխարհ տանող թունել լինի, աշխարհ, որտեղ ապրում են առասպելական արարածներ, որտեղ կա շատ ռոք և անսպառ գարեջուր: Իջնում եմ սովորական աստիճաններով ու չեմ համբերում, թե երբ կդիպչեմ կախարդական թվացող դռանը: Ներսում տարածքը փոքր է, բայց հենց դրա հաշվին ամեն ինչ շատ ավելի մտերմիկ է թվում` կողքիդ կանգնած կամ նստած մարդիկ միանգամից դառնում են ընկերներդ:

Ընկերանալուն չի խանգարում ոչինչ: Այցելուների մեծ մասը մետալ երաժշտության սիրահարներ են, հետևաբար, երկար մազեր, մետաղյա տարրերով հագուստ և ագրեսիվ հայացքներ: Սա միայն առաջին հայացքից: Երբ արդեն ադապտացվեցի այս միջավայրին, տեսա ընկերներիս՝ անկյունում նստած, խորը շունչ քաշեցի: ժամանակն էր նկարել: Այդ օրը Տրոլլ փաբում նկարելու մրցույթ էր, որին կարող էին մասնակցել ստեղծագործել սիրող բոլոր այցելուները: Ես, բնականաբար, միանգամից վերցրեցի մի քանի թուղթ, ագահաբար իմ կողմ քաշեցի մատիտներն ու անցա գործի:

Մանկուց սիրել եմ նկարել, ու հիմա նորից կարող էի զբաղվել սիրած գործով: Պետք է նկարեինք առասպելական հերոսների: Ընկերներս արդեն սկսել էին, նրանցից մեկը ինչ-որ մկանոտ երևույթ էր պատկերում, մյուսը՝ ռոբոտատիպ ինչ-որ զանգված, մի խոսքով, խզբզում էին: Ես որոշեցի նկարել բեթմենին, իհարկե, չստացվեց այն, ինչ ուզում էի, բայց դա չէր կարևորը, այլ այն, որ շուտով սկսվելու էր ամենակարևորը: ժամանակն էր փորձել իսկական տրոլական խմիչք` օղիով լցոնված պղպեղ, որի արտաքինն արդեն իսկ սարսափեցնում էր:

Պղպեղը կանաչներից էր ու կծու, օղին` համեմված փոշի պղպեղով ու էլի չգիտեմ ինչով, այդպես էլ հանելուկ մնաց: Օրգանիզմս պղպեղների միայն տեսքից արդեն իսկ սկսել էր տարօրինակ աշխատել, չարաբաստիկ պղպեղներով սկուտեղը դրեցին մեր սեղանին: «Դե, փորձենք»,-ասաց ընկերներիցս մեկն ու միանգամից ըմպեց պղպեղի պարունակությունը, վերջում էլ հերոսաբար կծեց այն:

Արդյոք արժե նկարագրել նրա դեմքի արտահայտությունը, աչքերի կարմությունն ու…եթե չամաչեի, դիրքս կփոխեի, քանի որ չէր բացառվում, որ առաջին բառն արտասանելուց հետո նա կրակ կարձակի: «Հըն, ոնց էր»,-հետաքրքրվեցինք մենք: Չպատասխանեց, դեռ արտասվում էր: Ինչ մեղքս թաքցնեմ, մի լավ ծիծաղեցի, բայց դա երկար չտևեց: «Պիտի դու էլ փորձես»,- ասաց սեղանակիցս և պատվիրեց պղպեղներով հերթական սկուտեղը:

Ես, իհարկե, կծու սիրում եմ, բայց արդյոք արժեր տեսածից հետո ռիսկի դիմել: Եթե տրոլլների շրջապատում ես, պետք է նրանց օրենքներով շարժվես: Փաբում բոլորը շունչները պահած ինձ էին սպասում, ավելի ճիշտ, այն վիճակիս, որի մեջ պիտի հայտնվեի «կախարդական» խմիչքն ըմպելուց հետո: Անցավ ուղիղ քսան րոպե, ես դեռ «աղոթում էի», ի վերջո, մի շնչով խմեցի, ապա կծեցի պղպեղը: Տիրեց լռություն, ապա լսեցի ամբոխի հիասթափված փնթփնթոցը` «բան չեղավ», - ու այսպես շարունակ: Պարզվեց՝ ես ավելի թեժ էի, քան այդ պղպեղները, որոնք արտաքինից ավելի սարսափեցնող տեսք ունեին, քան իրականում կային:

 

Այս թեմայով