15 Հունվար 2014, 14:53
3661 |

Պատասխան ենք տալու

Պատկառելի, թե երիտասարդ տարիքում՝ նրանք բոլորն էլ խռոված, նեղսրտած գնացին։ Մեր ներկայով ու ապագայի հեռանկարներով չգոհացրինք ու չհանգստացրինք նրանց խռովյալ հոգիները։

Տարին ավարտվեց մահերով, նորը սկսվեց նոր մահերով։ Ռեժիսոր Վարդան Աճեմյանն ասում էր' Պանթեոնը հարստանում է, մենք' աղքատանում։ Երբ չարագույժ լուրերը չեն ընդմիջվում ավետիսներով, թանձրանում է մառախուղի պես ծանր կախված տխրածոր մթնոլորտը։ Անժամանակ մահեր միշտ էլ եղել են։ Վերջին 10 տարվա ընթացքում անժամանակը, իհարկե, գերակշռում է. հիվանդություններն ու մահը երիտասարդացել են։

Ժողովրդի կողմից սեր ու ակնածանք վայելող արվեստագետների, մտավորականների կորուստը, անգամ եթե նրանք կյանքից հեռանում են պատկառելի տարիքում, դատարկության զգացողություն է առաջացնում։ Նախ, որովհետև մեր տեսադաշտում նրանց արժանի փոխարինողներ չենք նշմարում։ Իսկ եթե նրանք կան էլ, ընդհատակում են, քանզի տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Ամեն գնացողի հետևից ավելի ու ավելի ենք դատարկվում։ Ու չենք հարմարվում կորստի մտքի հետ, անգամ այն դեպքում, երբ նրանք ծերունական տարիքում են մահանում։ Չենք հարմարվում, որովհետև անարդար է։ Ասում են, երբ Մհեր Մկրտչյանին իր բնակարանում մահացած գտան, մեն մի գլուխ սոխ կար նրա սեղանին։ Ու ոչ թե որովհետև Ֆրունզը փող չուներ կարգին ուտելիք գնելու, այլ ուտելու ցանկություն չուներ. մեռնել էր ուզում։ Մութ ու ցուրտ տարիներն էին, կյանքը սառել-քարացել էր մեր երակներում. արվեստին ու արվեստագետին ո՞վ էր բանի տեղ դնում։ Իսկ նրանք ամենախոցելին են ու ամենաանպաշտպանը։ Ֆրունզից առաջ Հենրիկ Մալյանին տրորեցին։ Կինոմիության դահլիճում ներկայացրել էր իր «Կոմիտաս» ֆիլմի սցենարը։ «Առաջադեմ» կինոգործիչները ոտնատակ տվեցին «Նահապետի», «Կտոր մը երկնքի», «Եռանկյունու» հեղինակի գրած սցենարը, ծաղրեցին ու ծանակեցին։ Սիրտը չդիմացավ, մահացավ։ Ի՞նչ անենք, Փարաջանովի եռակի բանտարկության ու վախճանի մեղավորների՞ն որտեղ փնտրենք։ Սովետի բլթբլթացող կաթսայո՞ւմ։ Ֆրունզե Դովլաթյանի՞ հետ ինչպես վարվեցին։ Ուզում էր 1937-ի մասին «Պատը» ֆիլմը նկարել, բայց ժամանակները ստեղծագործական չէին։ «Ինձ տառապանք է պատճառում այն, որ դեռ ստեղծագործական ուժերով լի՝ արդեն ապրում եմ հիշողություններով, ու ես դեռ կենդանի՝ իմ անունն արդեն հիշատակում են»,- ասել է Դովլաթյանը հիվանդանոցում՝ վերջին հարցազրույցի ժամանակ։ Օհան Դուրյանից էլ սիրուն կերպով ազատվեցինք։ «Հանճարեղ է, բայց քմահաճ»,- ասացինք։ Չգերազանցված «Պողիկտոս» օպերայի բեմադրիչ Տիգրան Լևոնյանը փակվեց իր բնակարանում։ Խորեն Աբրահամյանը ծխախոտը ծխախոտի հետևից էր կպցնում. վրդովված փորձում ուշքի բերել էժանագին շոուների հետևից վազող հասարակությանը, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», Իսահակյանի «Ես ձեզ ասում եմ կգա ոգու սովն» այնպես էր արտասանում, ասես ուզում էր մարդկանց վերադարձնել կործանվող արժեհամակարգը փրկելու գիտակցությունը։ Խորիկի մահվան օրը Սոս Սարգսյանը շշնջաց. «Թիկունքս լրիվ դատարկվեց»։ Վարպետն էլ մահից օրեր առաջ՝ վերջին շնչում, աղերսում էր, որ ազգովի համախմբված լինենք, իրար միս չուտենք, մտավորականին, արվեստագետին լավ նայենք, գնահատենք, տեղ տանք։ Հրանտ Մաթևոսյանը սպիտակ թղթի առջև նստած՝ վեպ ու պատմվածք գրելու փոխարեն կոչ էր անում դարձի գալ, պահպանել հայի տեսակը, նկարագիրը, արյունով պահած մեր հայրենիքը սրբորեն պաշտել։ Երբ իրենից հետո պետք է Գրողների Միության նոր նախագահ ընտրվեր, իսկ Գրողների տան դահլիճում ու միջանցքներում բառացիորեն ձեռնամարտի էին բռնվել նախագահի որոշ թեկնածուներ ու նրանց մարտական ընկերները, Հրանտ Մաթևոսյանը գլուխը բռնած, նստած էր դահլիճի հետնաբեմի խցում ու երկար ժամանակ դուրս չէր գալիս այնտեղից։ Հակոբ Հակոբյանն ասում էր. «Ինչպիսին ալ ըլլա, սա իմ երկիրս է, ասկե ետքն ո՞ւր պիտի երթամ։ Նկարներս կուզեն ցուցադրիլ, դեմ չեմ, չեն ցուցադրիլ՝ հոգ չէ։ Կնշանակե ուրիշ ավելի լավ նկարիչներու նկարները հավնած են»։ Ջիմ Թորոսյանին մի անգամ հարցրի. «Վերջին տարիներին Երևանի ճարտարապետությունը ո՞ր ուղղությամբ է գնում»։ Պատասխանեց. «Որ ուղղությամբ ուզում է անհատ-կառուցողը»։ Չբողոքեց, չմանրամասնեց, ասածին ավելացրեց միայն. «Ժամամանակը մարդու հետ ինչ ուզի կանի, բայց արդեն կառուցված շենքն ինչքան էլ ուզի, ժամանակը չի փոխի»։ Լևոն Անանյանը չէր թաքցնում ՝ հոգնել է Գրողների Միության նախագահի պաշտոնից, բայց ասում էր. «Հենց ոտքս քաշեմ, Միությունը մի րոպեում կփլվի, գրողներն իրար կուտեն, կպրծնեն»։ Ազատ Գասպարյանի նման կենսախինդ ու լավատես արվեստագետ ամբողջ Երևանում չէիք գտնի։ Բայց մեկ-մեկ նրա ջղերն էլ էին տեղի տալիս.. «Մեծ-մեծ տղաներ են մոտենում, քմծիծաղով հարցնում՝ հոպար ջան, դու Չարենցին տեսել ե՞ս։ Բարկանալու փոխարեն ուրախանում եմ՝ մտածելով, որ լավ է, որ Չարենց անունը գոնե գիտեն»։ Լևոն Խեչոյանը մտավորականի դերի մասին մի տեսություն ուներ. «Մտավորականը նման է իր երկրի դրոշին։ Երբ գրավում են երկիրը, դրոշը վերջում է ընկնում, այդպես էլ մտավորականը պիտի վերջում ընկնի»։ Նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, որովհետև ճշմարտությունը շրխկացնում էր ճակատներիս ու գիտեր, որ խոսքի սուր մասերը մոնտաժվելու են։ Արամ Ղարաբեկյանին ափերից դուրս եկած երբեք չէիք տեսնի։ Բայց մի օր ինքն էլ չդիմացավ ու մամուլի ասուլիս հրավիրեց։ Տարիներով պայքարում էր, որ Կամերային երաժշտության տան տարածք ներթափանցող սրճարանը մի քիչ հեռու կառուցվի։ Ռաբիս ու անճաշակ երաժշտությունը մարտնչող համարձակությամբ իշխում էին Կամերայինի դահլիճում՝ խլացնելով դասականի ձայնը։

Պատկառելի, թե երիտասարդ տարիքում՝ նրանք բոլորն էլ խռոված, նեղսրտած գնացին։ Մեր ներկայով ու ապագայի հեռանկարներով չգոհացրինք ու չհանգստացրինք նրանց խռովյալ հոգիները։ Ցավ պատճառեցինք ու ըստ արժանվույն չգնահատեցինք մեր տաղանդներին ու հանճարներին։ Իսկ նրանք միակն էին իրենց տեսակով։ Կրկնություն չենք ունենալու այլևս։

Այս թեմայով