28 Դեկտեմբեր 2013, 10:51
2340 |

Վատ բաներ՝ գնացեք, լավ բաներ՝ եկեք

Ի՞նչը կարողացանք փրկել և ի՞նչը գլխիկոր հանձնեցինք, որտե՞ղ սայթաքեցինք և ե՞րբ գեղը կանգնեց, գերան կոտրեց։ Վերհիշենք, բայց չսրբագրենք 2013–ը։

100-տոկոսանոց հաղթանակ
Եթե 2012-ին երևանցիները կարողացան քաղաքային իշխանությունների ձեռքից փրկել Մաշտոցի պուրակը, ապա այս տարվա գլխավոր հաղթանակը կապված էր հանրային տրանսպորտի սակագնի հետ: Չնայած տարեսկզբին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրապարակավ խոստացավ, որ տրանսպորտի սակագինը չի փոխվի, սակայն հուլիսի վերջին այն փորձեցին դարձնել 150 դրամ: Հաշված օրերում հազարավոր երևանցիներ՝ անկախ քաղաքական հայացքներից, տարիքից և սոցիալական դիրքից, միավորվեցին և ընդվզեցին՝ հրաժարվելով վճարել հավելյալ 50 դրամը: Իսկ սեփական ավտոմեքենա ունեցողները ստեղծեցին անվճար carpool. այդ միասնությունից ուրախ էին ու երջանիկ բոլորը, բացի գծատերերից և քաղաքապետարանից: Ընդամենը 5 օր անց իշխանությունները տեղի տվեցին, բայց սակագնի բարձրացման հարցը ժամանակավոր սառեցվեց: Աշնան վերջին իրենց ծանր վիճակից սկսեցին բողոքել արդեն գծատերերը՝ պահանջելով սակագնի բարձրացում: Տարածվեցին լուրեր, թե թանկացման մասին որոշումը կկայացվի և ուժի մեջ կլինի գալիք տարվա հունվարի 1-ից: Ամեն դեպքում, 2013-ին թանկացումը կանխվեց:

Կինոհույս, հավատ, սեր
2013-ի ամռանը մի քանի տարվա ընդմիջումից հետո հանրային աղմուկի արդյունքում բարեբախտաբար պահպանված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ևս մի քանի օրով ծառայեց ըստ նշանակության: Առիթի համար պարտական ենք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որն այս տարի հոբելյանական էր և կրկնապատկեց տոնը՝ հանդիսատեսին տալով ամառային դահլիճում բացօթյա կինոցուցադրության ներկա գտնվելու հնարավորություն: Փառատոնի ավարտից հետո «Մոսկվա» կինոթատրոնը հարկ չհամարեց ստանձնել այդ առաքելությունը, այնպես որ բացօթյա ֆիլմադիտումներ նորից վայելելու ամբողջ հույսը «Ոսկե ծիրան–2014»-ն է:
Կինոթատրոնային մշակույթի նորույթներն այսքանով չավարտվեցին: Նոյեմբերի 1-ին Երևանում՝ Դալմա Գարդեն Մոլում բացվեց նոր կինոթատրոն: Երկար սպասված նորություն առնվազն վերջին տասնամյակի համար: Հանդիսանալով ռուսաստանյան շուկայում ամուր դիրքեր գրաված Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հերթական մասնաճյուղը՝ նոր կինոթատրոնն առաջին իսկ օրից գրավեց հանդիսատեսին իր հարմարավետ դահլիճների քանակով, ֆիլմերի բազմազանությամբ ու որակով, ինչպես նաև պահանջված ու սպասված ֆիլմերը համաշխարհային պրեմիերայից ընդամենը հաշված օրեր անց ցուցադրելու շնորհիվ:

Երևանի դեմքի գծերը
Գարնանը Երևանի քաղաքապետարանը հայտարարեց Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթ: Մի քանի դիզայներներ աչքի ընկան իրենց ստեղծարար ու հնարամիտ առաջարկներով, բայց դրանք այդպես էլ մնացին թվային տարածքում: Փոխարենը ձեռնարկվեց Երևանի բրենդի ստեղծումը՝ երկարաժամկետ ու լայնամասշտաբ մի ծրագիր, որի արդյունքում կմշակվեն Երևանի հետ անմիջականորեն կապված գույները, նախշերը, արտահայտությունները, առարկաներն ու միջավայրերը:

Մշակութային բազմարձանություն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայ մեծ բարերարի հավաքածուի նորանոր նմուշներով էր հագեցնում իր քանդակների պարտեզը, քաղաքապետարանն էլ ամեն կերպ փորձում էր հետ չմնալ: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երևանից Բանգկոկին փոխանցելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 21-ին, քաղաքապետարանի կողմից ընթերցողի արձան կանգնեցվեց Տերյան փողոցում: Խնկո-Ապոր անվան գրադարանի հարևանությամբ տեղ գտած ինտերակտիվ արձանը միանգամայն ներգծվեց քաղաքային միջավայրում: Նույն բանը կդժվարանանք ասել Էրեբունի-Երևանի տոնակատարությունների առիթով Հյուսիսային պողոտայում տեղ գտած ոսկեզօծ բանալու մասին: Տոներից հետո այն այլևս չտեսնելու հույսերը չարդարացան, բանալին մնաց պողոտայում՝ ինչպես ոսկորը՝ կոկորդում: Հուշարձանային նորությունների շարքն այս տարի փակեց հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանը՝ Նալբանդյան – Իսահակյան – Մոսկովյան խաչմերուկի հարևանությամբ: Սակայն հուշարձանի քաղաքական ենթատեքստը շատ ավելի ուժեղ է, քան գեղարվեստական արժեքը:

Ի՞նչ կորցրեցինք ու ինչո՞ւ
2013-ին «կորուստ» ու «Փակ շուկա» բառերը հոմանիշ դարձան: Մի կողմից զայրացնող ու նվաստացուցիչ էր Աղաբաբյանի գլուխգործոցի ցինիկաբար կիսաոչնչացումն ու մուտացիաների ենթարկումը այն սուպերմակետի վերածելու համար, մյուս կողմից՝ այն կրկեսային ներկայացումը, որը անշլագով խաղում էին խոշտանգվող հուշարձանի շուրջ մեկ տարուց ավելի: Հոկտեմբերին փակ շուկայի տեղում համանուն սուպերմարկետի բացման արդյունքում սեփականատերն ու իր համար «դոշ տված» իբր հարակից շենքերի բնակիչները երջանիկ էին, իսկ Երևանը՝ է՛լ ավելի տխուր ու անդեմ:
Շատերի կարծիքով, պետական նշանակության կորուստ էր նաև ԱԳՆ շենքի վաճառքը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 20,6 մլրդ դրամ՝ այսքանով ՀՀ կառավարությունը համաձայնեց վաճառել իր 14,2 հազ. քմ տարածքը: Արդյունքում պետական նշանակության շենքը վերանորոգումից հետո կդառնա հինգաստղանի հյուրանոց:
Հանրային տարածքների կորուստը արդեն ոչ մեկին չի զարմացնում, հատկապես, երբ խոսքը բակի, կանաչ տարածքների, այգու կամ մանկական խաղահրապարակի հաշվին հերթական ավտոտնակի, խանութի, այլ կոմերցիոն օբյեկտի և կամ էլ բազմահարկ բնակելի շենքի կառուցման մասին է:

Ի՞նչը տանուլ չտվեցինք
«Երիտասարդության պալատի» «իրավահաջորդը» քիչ էր մնում դառնար «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Գրեթե նույն հեղինակների խմբի նախագծով կառուցված շենքը, որ երկար տարիներ սովետական մոդեռնիզմի լավագույն նմուշներից էր, մի գեղեցիկ օր հանկարծ դարձավ ոչ ժամանակակից, և ոչ ֆունկցիոնալ: Երկարատև քննարկումներից, բողոքներից ու պահանջագրերից հետո հին շենքը աշնանը որոշվեց վերանորոգել և պահպանել՝ որպես ճարտարապետական հուշարձան, իսկ նախատեսվող կառուցապատումն իրականացնել առանձին՝ նոր տերմինալում:

Դռները բացեք, հյուրեր են գալիս
Երևանյան համերգների ժամանակացույցը առանձնապես խիտ չէր: Երկար սպասված էր ռուսական ռոքի հիմնասյուներից մեկի՝ DDT-ի համերգը: Ընդ որում, օգնությունը եկավ բավական անսպասելի կողմից՝ էստոնական «Բոլորս գնում ենք Երևան» փառատոնից: Համալիրյան համերգին սպասել էինք երկու տասնամյակից ավելի: Ոչ պակաս երկար էին սպասել Մոնսերատ Կաբալյեի մենահամերգին ու իհարկե, երբեմնի սրտակեր, հիմա արդեն բարի ծերուկ Խուլիո Իգլեսիասին: Տիգրան Համասյանը վերջին անգամ Երևանում ելույթ էր ունեցել 2 տարի առաջ: Հույս կար, որ «Ստվերների թատրոն» ալբոմի լույս տեսնելու առթիվ 2013-ին նորից կտեսնենք Տիգրանին տեղական մեծ բեմերից մեկում: Հույսը մասամբ իրականացավ. չորս երեկո անընդմեջ Համասյանը՝ Գյումրվա ստվերների թատերախմբի հետ համատեղ հանդես եկավ Ուլիխանյան ակումբում: Բայց դեկտեմբերին հաճելի անակնկալ էր սպասվում նաև «դուրս մնացածներին»՝ ևս մեկ համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ափռ-ցփռ ծախսեր
Տարօրինակ ծախսերը միշտ եղել են իշխանությունների այցեքարտերից մեկը, բայց այս տարի բյուջեից եղավ մի հատկացում, որից բիզ-բիզ կանգնեցին նույնիսկ ճաղատների մազերը. Նունե Եսայանի բացօթյա համերգի համար քաղաքային իշխանությունները ծախսեցին 54 691 400 դրամ (134 927 ԱՄՆ դոլար): Մի կողմ դնելով երազանքներն այն մասին, թե այդ գումարով որքան տեսակ-տեսակ կատարողների կարելի էր հրավիրել, նշենք միայն, որ բոլոր դժգոհները անարդար կերպով պիտակվեցին «չուզող» ու գամվեցին անարգանքի սյունին: Իսկ մի քանի օր անց հայտնի դարձավ, որ հերթական Էրեբունի-Երևանի վրա ծախսվելու է 200 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 90 միլիոնի փոխարեն: Ի դեպ, միջոցառումների ծրագիրը նախորդից տարբերվում էր ընդամենը մի քանի կետով: Դրանից հետո ամանորի տոնակատարումների ծախսերի բյուջեն արդեն դժվար թե զարմացնի ինչ-որ մեկին՝ ընդամենը 60 մլն դրամ:

Երաժշտական ուռա-ներ
«Ռեինկարնացիան» հունվարին թողարկեց 7 երգից բաղկացած իր նոր՝ «Աղուհաց» ալբոմը: Ճարպիկներին հաջողվեց ձեռք բերել ձայնասկավառակի 3 000 անվճար օրինակներից մեկը, մյուսները յոլա կգնան ներբեռնելով: 2013-ին մի մեծ ու կարևոր նախագիծ սկսեցին հինգ բավականին տարբեր, բայց միասին անսպասելիորեն որակյալ երաժշտություն ստեղծող երաժիշտներ՝ Միշոն, «Ռեինկարնացիայի» Ռոլանդը, Ֆելոն (3.33), DJ Սերժոն և A.Chilla-ն (Նարեկ): «Մի Քանի Հոգի» խմբի երկրպագուները առաջին 3-4 երգերից հետո մի քանի ամիս «սոված» մնացին, քանի դեռ տեղի չէր ունեցել խմբի համանուն առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Նրանք ստիպեցին հայկական ռեպ լսել անգամ նրանց, ովքեր երբևէ այդ ժանրին գերապատվություն չէին տվել:

Ո՞ր սպասումներն էլի չիրականացան
Դեռ Երևանի ճամփին է ֆրանսիական խոշորագույն համաշխարհային առևտրի ցանցերից մեկը՝ «Քարֆուրը»: Գտնվելու է այն Երևան Մոլում, որի բացումն էլ իր հերթին է հետաձգվում: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս խոսակցություն «վերակենդանացավ» «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչելու մասին: Նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը հատուկ նախագահի համար հանդիսավոր ցուցադրություն կազմակերպեց Մաշտոցի պուրակում, որի հարակից տարածքում, ի դեպ, նախատեսվում է կառուցել «Հին Երևանը»: Ապամոնտաժելուց հետո այնտեղ պլանավորվում է վերակառուցել Աֆրիկյանների տունը, Հյուսիսային պողոտայի կառուցման պատճառով ապամոնտաժված և մի շարք այլ հին շենքեր:
Այս տարի էլի Հայաստան չեկան Սթիվին, Մադոննան, Փինկը, «Օկեան Էլզին», Զեմֆիրան... Չբացվեցին McDonald’s-ը, Starbucks-ը, Hard Rock Cafe-ն և այլն։
Ընդհանրապես, երևանցիների սպասումների ցանկն անվերջանալի է, ու երբ տարին մոտենում է ավարտին, ավելի սուր է զգացվում բացթողումների ափսոսանքն ու պարտությունների դառնությունը։ Ու էլ ավելի ընդգծվում հատուկենտ հաղթանակների բերկրանքը։

Այս թեմայով