Գիշերն ամեն ինչ իրական է, բացի իրականությունից: Երանի նրան, ով ապրում է գիշերը, այլ ոչ թե մեռնում:
Գիշերը խեղճանում-դառնում ենք մարդ:
Գիշերը հիշում ենք բոլոր սերերին. որոշներին պատկերացնում որպես սեր:
Գիշերն ավելի շատ պատկերացնում ենք, քան` զգում:
Գիշերն օրվա ավարտից հետո է գալիս, երբ խմած են բոլոր կենացները, բոլոր ոսկորները նետված շներին:
Գիշերը սենյակում իշխում է քնած երեխայի ֆսֆսոցով շնչառությունը:
Գիշերը գալիս է, երբ մտածելուց անցնում ենք երազելուն:
Գիշերը մարսում ենք օրը` չմարսելով գիշերը:
Գիշերը մեր մեղքերը ստվերների նման մեզնից փախչում են, բայց ոչ անջատվում:
Գիշերը շնե՞րը, թե՞ մարդիկ (չեմ հիշում) ոռնում են, իսկ ցերեկները` լուռ համակերպվում:
Գիշերն ապրածն ապրած է, Աստվածն՝ Աստված. գիշերը մեղք է անաղոթք քնելը:
Գիշերը բոլոր երգերը դառնում են ռոմանտիկ, եթե ոչ` դեռ գիշեր չէ:
Գիշերը ծաղիկները փակվում են, ջրերը` սառչում, որ իրենց երազը մարդիկ չտեսնեն:
Գիշերն ամեն ինչ իրական է, բացի իրականությունից:
Գիշերը… երանի նրան, ով ապրում է գիշերը, այլ ոչ թե մեռնում:
Առավոտն ու ցերեկն ապրում ենք, որ գիշերն ապրենք: