20 Նոյեմբեր 2013, 12:25
3734 |

Դիլետանտիզմը այվազյանական մրցավազքում

Փառատոնի «բրենդ» մասնագիտական անլվայությունից այնպիսի տպավորություն էր ձևավորվում, որ թատերախմբերից ամեն մեկին հանձնարարված էր այվազյանական մեկական ստեղծագործություն արտասանել:

Աշնանային թատերական փառատոնների շքերթը եզրափակեց այվազյանական շաբաթը, որն ասես կազմակերպել էին լոկ կազմակերպելու համար: Հետփառատոնային նեգատիվ զգացողությունների հեղինակներն էին կազմակերպչական խայտառակ վիճակն ու ներկայացումների մեծ մասի զավեշտահարույց որակը: Կազմակերպչական թափթփվածության ռեկորդները թարմացվեցին փառատոնը նախաձեռնողների անլրջության ջանքերով: Ավելորդ շռայլություն էր համարվել բուկլետ ասվածը, արդյունքում մասնակից թատերախմբերի կազմերը գուշակելու համար երևի թե Մայաների օրացույցին էր պետք դիմել: Բացման արարողության տեղ մատուցված փորձնական բացումն իսկ հուշում էր, որ այս փառատոնանման միջոցառումից լուրջ մասնագիտական ակնկալիքներ ունենալը իրատեսական չէ: ԽՍՀՄ ժամանակաշրջանի պահեստապետի հոգեբանությամբ առաջնորդվելով' միջոցառման նախաձեռնող խումբը գլխաքանակ ցուցադրելու ծածկադմփոցային հնարքից էր օգտվել: Մասնագիտական հանձնախումբում ներառված էին մարդիկ, որոնց հազվադեպ կարելի էր տեսնել, կամ էլ ընդհանրապես չտեսնել: Առհասարակ, ուսումնական թատրոնում անցկացվող քննարկումները մարդաշատ չէին լինում, ինչը փաստում է թատերականի ուսանողների համար դրանց անհետաքրքիր լինելը:

Մշակութային կրթօջախի ուսանողների անտարբերության պատճառներից մեկը հետներկայացումային քննարկումներում տիրող հակաքննադատական մթնոլորտն է: Ոմանք, ճշմարտությունը քողարկելով, օրեցօր աճող անճաշակությունն են խթանում: Խրախուսում «Ինքնասպան նավը» ներկայացման պես մասնագիտական ծաղրուծանակները: Ալավերդու քաղաքային թատրոնի գավառասուն հայտն իր անհաղորդ խաղով ու բեմադրական լուծումներով դպրոցական վատ ներկայացումից առաջացող զգացողություններ էր հարուցում: Թե մեկն էլ հանկարծ ու այս անորակ բեմադրությանը խիստ գնահատական տալու փորձ աներ, ամենայն հայոց բազմադեմի դատափետմանը կարժանանար: Իր յանուսյան կեցվածքին հավատարիմ Լևոն Մութաֆյանը տվյալ բանախոսին կորակի ինքնահաստատվող, քանի որ ինքը պատրաստվում է արդարացնել շատ ավելի հակաբեմական մի երևույթ: Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախմբի ելույթը, որի նման ևս մեկը թատերական դաշտում գտնելու համար դիոգենեսյան լապտերի անհրաժեշտություն կառաջանա:

Թատերախմբի ղեկավար Բյուրեղիկ Մնեյանի դերասանական «քաջագործություններից» մեկը տեսնելու դժբախտություն ունեցել ենք: Վստահաբար կարող ենք պնդել, որ նա Շիրվանզադեի նշած բեմ մաշողներից մեկն է: Բայց հայ թատրոնի քրիստոսյան չարչարանքները դեռ առջևում են. տիկինն, ինչ-ինչ հանգամանքներից թև առնելով, այժմ էլ ռեժիսոր է ինքնահռչակվել: Նրա բեմադրած «Քարանձավ» ներկայացման ընթացքում իրար հերթ չտվող կատարողական անհեթեթություններին առնչվելիս անկարող ես չփռթկալ: Կերպարներից դաշնակցական սպայի զենքերն են Գևորգ Մարզպետունու ժամանակաշրջանի մունետիկին վայելող սվինանման թուրն ու եվրոպական հատուկ նշանակության զորքերի սպառազինության մեջ հանդիպող ինքնաձիգը, մինչդեռ պետք է լիներ դաշույն և մաուզեր: Կամ էլ անցյալ դարի քսանականներին տղամարդու ուղեպայուսակն է դառնում նոթբուք տիպի համակարգչի պայուսակը: Ու ամենասարսափելին այն է, որ անդառնալի ապաշնորհ տիկնոջ փորձառնետների դերում մատաղ սերնդի ներկայացուցիչներն են:

Նույն մտավախություններն առաջանում են նաև Մեծամորի «Տրուբադուր» թատերախմբի ներկայացրած «Գնում ենք» դպրոցական հոռի հանդեսը դիտելիս: Երեխաները բեմում խոսում են դերասանություն անողի նողկալի առոգանությամբ: Այվազյանական փիլիսոփայության ձեռքը կրակն ընկնելով' սկսում են հեղինակի տեքստերը չարչրկել: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ տարիքային այդ շեմում գտնվողը չի կարող ընկալել ու գիտակցել Աղասի Այվազյանի բազմաշերտ տողերի ենթիմաստը: Թեև թատրոնից հեռու, բայց բեմադրական գործունեություն ծավալողների դեպքում նույնիսկ Այվազյանի հեքիաթները չեն փրկվի: Օշականի Հովակ Գալոյանի անվան թատրոնի չակերտյալ բեմավորումը տիպիկ օրինակն էր տուն-տունիկային խաղափորձի: Մանկապատանեկան կցկտուր ասմունքի հավաքածու, որտեղ գլխավոր խաղաքարտը երեխայական հմայքի շահագործումն էր: Այդպիսի մակարդակի բեմավորում էր նաև Մասիս քաղաքի «Սիրոն» թատերախմբի «Օվկիանոսի հեքիաթները» բեմականացումը: Այստեղ բեմական խոսքը և պլաստիկան ամբողջապես մանկապարտեզային հանդեսի ձևաչափով էր կառուցված: Բեմադրական խնդիրներից բեմավորողի անտեղյակությունը աներկբա էր, դե իսկ ռեժիսուրան էլ շքեղության ժանրից էր:

Բացառություն չէր Զոլաքարի «Արմաղան» թատերախմբի խաղացած «Աչքը ծոծրակին» ներկայացումը: Բեմադրական դախությունից եկող խաղային դանդալոշությունը դրսևորվում էր ընդգծված բարբառախոսությամբ: Պիեսի գործող անձանցից թուրքերի և ամերիկացու խոսվածքում անթաքույց էր Մարտունու բարբառի հնչողությունը: Եվ չէինք զարմանա, եթե պիեսի կերպարներից թուրքը ամերիկացուն ասեր. հընչի դու ո՞նն ես: Փոքրիշատե մասնագիտական տեսք ուներ «Աղասի Այվազյան» թատրոնի հայտը: Ճիշտ է՝ փոքրամարմին դերասանը Ուսումնական թատրոնի բեմատարածքում կորչում էր, խոսքը հոգեբանական սխալ զարգացում ուներ և ռեժիսուրան արտադերասանական էր, բայց մասնագիտական կրթությունն ակներև էր: Իհարկե, եթե հաշվի չառնենք հանդիսավոր արժեզրկման միտվող ֆինալը, որ Աղասի Այվազյանի հուշ երեկո էր հիշեցնում: Կրկին վեր էր հառնում դպրոցական հանդեսի սիրողականությունից ժայթքող ծեքծեքուն գորովանքը:

Փառատոնի «բրենդ» մասնագիտական անլվաությունից այնպիսի տպավորություն էր ձևավորվում, որ թատերախմբերից ամեն մեկին հանձնարարված էր այվազյանական մի ստեղծագործություն արտասանել: Ինքնին հարց է ծագում. այս թատերախառն աղբակույտին փառատոնային պիտակ տալու նպատակը ո՞րն է: Ինչու՞ են Աղասի Այվազյանի անունը ինքն իր հետ մրցող սիրողականության մեջ ներքաշում: Հետաքրքիր է, թե այդ ու՞մ փառատենչության պատվանդանն են դարձնում տաղանդավոր գրողի հիշատակը: Եվ ո՞րքանով է արդարացված այս ծայրաստիճան դիլետանտական ներկայացումների տոնական փառավորումը, եթե նման որակներով հանդիստեսի ու ընթերցողի մեջ ավելի է խտանում թատրոնի հանդեպ ունեցած հիասթափությունը: Եթե իսկապես ցանկանում են նպաստել այվազյանական գրականության համաժողովրդականացմանը, ապա թող փառատոնին հատկացված գումարը երիտասարդ շնորհալի ռեժիսորներից մեկին տրամադրեն: Պայմանով, որ նա սեփական ընտրությամբ Աղասի Այվազյանի որևէ գործ կբեմադրի: Հավանաբար մշակութային առումով արդյունքն առավել քան շոշափելի կլինի, քանզի Աղասի Այվազյանի գրականության տարածման երաշխիքներից մեկը բարձրակարգ ներկայացումն է:

Այս թեմայով