12 Նոյեմբեր 2013, 13:49
3111 |

Երիտասարդական փառատոնի ծերունիները

Ցավալի է, բայց փաստ, որ անգործությունից գիրացող մեր չինովնիկներին թատրոնն առայժմ այնքան էլ չի հետաքրքրում:

Աշունը հայրենի գյուղատնտեսությունից բացի նաև թատերական դաշտի համար է առատ, քանի որ փառատոնային բերքահավաքի շրջանն է: Ու աշնանային թատերական այգու ոչ նորատունկ պտուղներից է ՀԹԳՄ-ի անխնամ ծառի վրա աճող Երիտասարդ թատերական ռեժիսորների հանրապետական փառատոնը: Մոտ տասնօրյա ստուգատես, որի խոստումնալից առանձնահատկությունը նույնիսկ վերնագրում հանգրվանած սերնդային չափորոշիչն է հուշում: Ասպարեզում կրտսեր սերնդի ներկայացուցիչներն են, ուստի բեմական համարձակ լուծումների ու սուր զգացողությունների հետ ենք առնչվելու: Բայց իրականությունն այլ պատկեր ցույց տվեց. փառատոնում ընդգրկված ռեժիսորներից ոմանք միայն տարիքով էին երիտասարդ: Նրանց բեմադրական ձեռագրերում բացակայում էր նորի գործընկեր ջահելական խենթ ու խելառ մտածողությունը:

Կարծեցյալ խենթերից փառատոնային հանդիսատեսի դատին առաջինը ներկայացողը Նորա Գրիգորյանն էր: Ն.Պտուշկինայի «Աննորմալը» պիեսի հիման վրա արված բեմադրությունը ռեժիսուրայում առաջին քայլերն անող սկսնակի անփորձության հավաստիքը դարձավ: Ստանիսլավսկու անվան թատրոնի Փոքր բեմի ակուստիկ ու վիզուալ օրինչափությունները անտեսելով' որպես տղամարդու դերակատար էր ընտրել Էրվին Ամիրյանին: Դեռևս ուսանողական տարիներից վոկալային տվյալներով աչքի ընկնող այս դերասանը չէր համապատասխանում ընտրված բեմատարածքի թե տեսողական, թե լսողական պահանջներին: Մարմնի կառուցվածքով ու չափսերով տվյալ տարածքի համար ակներև խոշոր էր, ձայնն էլ էլեկտրական-արհեստական հնչողություն էր ստանում: Չկար նաև կերպարին անհրաժեշտ էքսցենտրիկ-թատերային նրբերանգները, ուստի անգույն դերակատարումն առանց երկմտելու ձախողում է: Բեմադրիչի փորձառության պակասն էր ցուցանում նաև գործողությունների անշուքությունն ու դրանց հոգեբանական թերհասությունը: Նշված թերությունների համատեղ ուժերով խախտվում է այդ գործողությունների տեմպառիթմը: Դրամատուրգիայի հետ աշխատելու անգործունակությունն էլ գումարվելով այս ամենին' վերջնականապես մարում է երիտասարդական գրավչության բոլոր հույսերը: Նման պայմաններում ստեղծագործական խենթություն ակնկալելը կարծես թե իրատեսական չէ:

Իսկ Կարապետ Բալյանի պարագայում նմանատիպ սպասելիքներ ունենալուց առաջ դեռ պետք է նրա բեմադրական իսկությունը ճշտել: Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» անտիդրաման բեմադրելիս' նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր ստեղծագործական հնարավորությունները դեռևս միայն ռեժիսորական ինչ-ինչ շտրիխեր հնարելուն են բավարարում: «Ջուլիետ» մոնոներկայացման պես, այստեղ էլ ապավինել էր պարանների վիզուալ արտահայտչական ուժին, մոռանալով, որ կրկնությունը ոչ թե արվեստի, այլ գիտության մայրն է: Արվեստում այն էսթետիկ ծերացման նախանշան է: Երբ բեմի վերնամասից մեկը մյուսի ետեևից սկսում են պարաներ վայր ընկնել, արտահայտչաձևը միայն արտաքին տպավորության շահերին է ծառայում: Չունենալով ներքին գեղեցկությանը սպասարկող հոգեբանական հիմնավորվածություն' դատարկավուն գեղեցկայնության է վերածվում: Թեպետ պետք է խոստովանել, որ երիտասարդ թատերական գործչի գտած լուսաձայնային անցումներն ու տեսալսողական համադրումները զուրկ չէին բեմական հմայքից:

Բայց Կարապետ Բալյանի մասնագիտական մահացու մեղքը չենք խուսափի բեմադրական խնդիրների լուծման ապիկարությունը համարել: Արդի հայ թատրոնի բարեբախտությունն է, թե դժբախտությունը, առայժմ հայտնի չէ, սակայն հստակ է, որ նա դեռևս չի կարողանում բեմում կենսոլորտ ստեղծել: Այն էլ' զիգզագաձև զսպանակի կառուցվածք ունեցող վեճային դիալոգներով, որոնցով աբսուրդային կյանք գոյավորելը շատ ավելի բարդ է: Եվ զարհուրելին այն է' լեղին մեղրի տեղ սաղացնող առևտրականի տրամաբանությամբ իր բեմադրական անկարողությունը փորձում է որպես անհեթեթ դրության խաղարկում հրամցնել: Մինչդեռ պետք է գիտակցեր,որ անհեթեթ հարաբերությունն էլ հավաստիության խնդիր ունի, քանի որ իր անտրամաբանականությամբ քայքայման սեփական լոգիկան է ստեղծում: Կատակերգականը պարոդիայի ենթարկելով' այն կոմեդիայի կոմեդիա է դարձնում,ինչը ալեգորիկ մետամորֆոզների վարպետ Իոնեսկոյի ժանրային սկզբունքներից է:

Բեմադրառեժիսորական լաբիրինթոսի մի մոլորյալ էլ մարգարեական նկրտումները չթաքցնող Արշալույս Հարությունյանն է, ում սևագրային գլուխգործոցն էր «Վիսկի և սկոտչ» քաղքենական զավեշտապատումը: Տարեսկզբին Երնջակյան-Ղազանչյան մտերմության ֆորմատով արտավազդված բեմականացումը իրականում արտավազդակիր լինելուց լուսատարիներով հեռու է: Սակայն ֆարսային արտաքին կոմիզմով և խոսքի պարզունակ տպավորչականությամբ ծիծաղ շարժող այդ մտքի գոհարը վերլուծելու փոխարեն նախընտրում ենք մինչև ներկայացումը պատահած ոչ պակաս ուշագրավ դիպվածին անդրադառնալ:

Պարզվում է, որ ի դեմս երիտասարդական տասնօրյակի կազմակերպիչների' դեռ կան մարդիկ, որոնց համար թատերական փառատոնում թատերագետի պարտադիր ներկայությունը, միևնույն է, կասկածելի է: Ու երբ անցանկալի քննադատը փորձում է իր նստելու տեղը ճշտել, Երևանի Կամերային պետական թատրոնի աշխատակիցը նրան կարող է լուսային օպերատորի խցիկի դիրքն ունեցող լուսանցքային տեղ առաջարկել:
Ճահճային համայնքի կողմից ընդունելի լինելու հարցը ծիսական սրբության կշիռ ունի: Թատերագետի պես սովորական մահկանացուն ո՞վ է, որ նրան էլ դիտման համար արժանավայել տեղ հատկացնեն: Կարևորն այն է, որ իրենք իրենց մարդկանցով հարմարավետ տեղավորվել են. թքած, թե այդ գրողի տարած բացախոսը որտեղից կդիտի ներկայացումը: Եթե մասնագիտական տեսանկյունից անհայտ ծագման որոշ դեմքերն ավելի կարևոր են, հետաքրքիր է' ինչու՞ են համեստություն կեղծում: Թող ազնվություն դրսևորելու չափ քաջություն ունենան և այս մշակութային միջոցառումն ըստ էության վերանվանեն «ՀԹԳՄ-ի մերձավորների» փառատոն: Առավել ևս, որ ստուգատես-փառատոնը եզրափակող ընդհանուր քննարկումը մեծ մասամբ խծբ-ական մոտիվներ ուներ: Թերությունները նենգափոխիչ «հրաշագործությամբ» որպես արդարացում էին մեկնաբանվում: Թատերասեր հասարակությունն էլ գոնե տեղյակ կլինի, թե մշակույթի նախարարությունը ինչպիսի նախաձեռնություններին է պետբյուջեից գումար հատկացնում:

Թող չթվա, թե մշակութային այս իրադարձությանը խորթ աչքով նայելու միտում ունենք և լոկ բացասականի բարձրաձայնմամբ փորձում ենք ստվերել փառատոնում տեղ գտած դրականը: Փառատոնի զարդը կարելի է համարել Զարուհի Անտոնյանի հեղինակած «Թևավորը» բեմականացումը, որի մասին խոսելը նոմենկլատուրային քննարկման ժամանակ արգելվում էր: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վիթխարի թևերով ծերունին» ստեղծագորության մոտիվները բեմավորելիս' բեմադրիչ-ռեժիսորը հավատարիմ է մնացել գրական հենքի գեղագիտական հավատամքին: Մարկեսյան իրական հրաշքը լույսի գունային խտության և մեղեդու տեմպառիթմի համակցման վարպետությամբ էր մատուցվում: Մնջախաղային և տիկնիկային պլաստիկաների տարրերը միախառնելով' մարդատիկնիկների ու տիկնիկակերպ մարդկանց հիբրիդային կերպարներ էր ստեղծել: Դիմակավոր հնարածո արարածները եղերգային թախծոտ ու կրկեսային էքսցենտրիկ տրամադրությունների առճակատման կողմերն են դառնում: Եվ պատահական չէ Մարկեսի առաջադրած հակադրման այսչափ օրգանական վերարտադրությունը: Կոլումբիացի հանճարի ոճական ու բովանդակային առանձնահատկությունները հարազատ են Զարուհի Անտոնյանի հեքիաթախառն էսթետիկային:

Անհերքելի զառամախտի նմուշներ կարելի է համարել հնամաշ արտահայտչակերպերով ներհագեցած Գագիկ Մելքումյանի ու Հայկ Փայտյանի հեղինակած բեմադրությունները: Ներկայացումներ, որոնց դիտումից հետո հայելու առջև սպիտակ մազեր ես փնտրում գլխիդ վրա: Կեղծ խաղի անթաքույց դրսևորումների այս համահավաքում ամենից ցցունը բեմական խոսքի խեղվածությունն էր: Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի երկու դերասանուհիներից մեկի խոսքի ապարատն էր թլվատությամբ ականջ սղոցում, մյուսի' ռուսախոսական շեշտադրությունը: Միաժամանակ Մոցարտի և Սալիերիի կերպարներն աղավաղող Հայկ Փայտյանն էլ իր բարալիկ ու կերկերուն ձայնով էր կենդանի խոսքի հետ հաշիվները մաքրում: Բեմական այսպիսի ցածորակ ինքնագործունեություններից ստացած տպավորությունները լրացնում է փառատոնի կազմակերպչական թափթփվածությունը և կրկին այցի է գալիս փառատոնից փառատոն առաջացող ամենամյա հիասթափությունը:

Բազմիցս զգուշացրել ենք թատերական փառատոնների կազմակերպիչներին, որ մասնագիտական գործունեության պարտադիր պահանջներից մեկը բուկլետներում ներկայացումների մասնակիցների անուն-ազգանունների պատշաճ նշումն է: Խնդրի լուծման հասցետերը փառատոներին գումարներ բաշխող նույն տխրահռչակ նախարարությունն Է: Մշակութային կենսունակությամբ դիապահոց հիշեցնող այս գերատեսչությանը փառատոնն առանձնապես չի հետաքրքրում: Փառատոնային դիտումների ճնշող մեծամասնության ժամանակ չենք տեսել նախարարության ներկայացուցչին: Ցավալի է, բայց փաստ, որ անգործությունից գիրացող մեր չինովնիկներին թատրոնն առայժմ այնքան էլ չի հետաքրքրում:

Այս թեմայով