10 Նոյեմբեր 2013, 12:12
2928 |

«Տուլիկ» չտանենք Վարդան Պետրոսյանին

Չեմ ուզում, որ Վարդան Պետրոսյանը խաղա այդ էժանագին շոուում, այն էլ՝ իր վերջին ներկայացումը…

Ճակատագիրը ոչինչ չի տալիս մշտական օգտագործման համար: Այսօր սիրված ես, հաջողակ, Facebook-ում 10 000 լայք ունես, ոտքով ես բացում ցանկացած փակ դուռ, իսկ վաղը չբավարարված հասարակության համար բոքսի տանձիկ ես:

Իհարկե, հասկանում եմ, ողբերգություն է տեղի ունեցել, անիմաստ ու աննպատակ զոհվել են երկու երիտասարդ, որոնք այլևս երբեք չեն սիրի, չեն տխրի կամ ուրախանա: Սակայն ինչո˚ւ այդ զոհերի քանակին ավելացնենք ևս մեկը: Չէ որ նրանց էլ հետ չես բերի: Այդ դեպքում ինչու տաղանդավոր, բարի, քաջ մարդուն տանենք փակենք «ղառի տզի նակոլկեքով գողականների» հետ: Որ փչացնեն, կոտրեն ու տրորեն…

Ինչպե˚ս եք պատկերացնում, որ բերդից դուրս եկած Վարդան Պետրոսյանը նորից բեմ բարձրանա ու սկսի կատակել, հումորի միջոցով բարձրաձայնել հասարակության ու իշխանությունների վատ կողմերը: Ո˚ւր մնաց մեր 2 000 տարվա գթությունը: Էն որ ամեն ամեն առիթով կուրծք են պատռում ու գոռում, որ 2 000 տարվա քրիստոնյա ենք: Բա ո˚ւր մնացին էն «մեծ-մեծ փրթող» մարդիկ, արվեստագետները, որոնք հիմա «կապկում են» բուդդիստական երեք կապիկներին` չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում:

Ողբերգությունը դարձրել ենք ռեյթինգ, իրարից առաջ ընկնելով ԶԼՄ-ներն աշխատում են ավելի մոտ ռակուրսից կադրում բռնել հիվանդ, ընկճված, բարոյապես ոչնչացած մարդուն, բարձր ռեյթինգ կբերի:

Առանց այդ էլ հայ ազգի սպիտակ ջարդ է տեղի ունենում: Կանխող չկա: Ցանկացած ազգի շարժիչ ուժը ստեղծագործ փոքրամասնությունն է, այսպես կոչված «էլիտան»: Այսօր մեր էլիտան փակվել է իր էլիտար բնակարաններում ու չի կարողանում արժանի պատասխան տալ կյանքի մարտահրավերներին: Ու այն քիչ մարդկանցից մեկը, ով չի գաղթել, չի ծախվել, սրա նրա տակ չի պառկել, հիմա վտանգի մեջ է, նրան ուզում են տանել-գցել ճաղերի հետևը՝ հերիք չէ, դեռ մի բան էլ դրանից «շովու» են սարքում: Ես չեմ ուզում, որ Վարդան Պետրոսյանը խաղա այդ էժանագին շոուում, այն էլ՝ իր վերջին ներկայացումը… 

Այս թեմայով