05 Նոյեմբեր 2013, 09:21
2654 |

Լղպորն ու լածիրակը

Բեմադրիչ-ռեժիսորի աշխատանքը այսբերգի պես շատ ավելի մեծամասշտաբ է, քան թվում է: Ցանկալին իրականի տեղ ընդունող ինքնախաբ իդեալիստները մեր թատերական դաշտում քիչ չեն, որոնց մեջ իր ուրույն տեղն է գրավում Ժան Նշանյանը: Նրա ռոմանտիկական ուտոպիաներից ամենաթարմ օրինակը մոտ մեկ ամիս առաջ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրած «Վերջին ծաղրածուն» ներկայացումն է:

Կանադացի գրող Բերնարդ Սլեյդի «Մեծարում» լիրիկական մելոդրամայի իլյուստրատիվ երանգները կատակերգական էին: Ծնողի մահացու հիվանդության հուզական հորձանուտում հղկվող հոր և որդու կնճռոտ հարաբերությունների բեմական ընթերցման համար Ժան Նշանյանի ստեղծագործական հնարավորությունները ծայրահեղ աղքատ եղան: Ներկայացման ընթացքում ռեժիսորական հնարքներ տեսնելը կարելի է ասել' գրեթե անհնար էր: Սա փաստում է ոճի չգոյությունը, ինչը արվեստի տեսության տեսանկյունից բարբարոսություն է: Ռեժիսորական նրբությունները միայն Վահագն Թևանյանի խորիմաստ նկարչական ձևավորման մեջ էին նկատելի. կարմիրի և սևի զուգադրումը ինչ-որ առումով խորհրդանշում էր արյան չարորակության վտանգը: Այդ թվում նաև գրադարակից գիրքը քաշելու միջոցով բարը բացելու հնարքը պատին նկարված ծաղրածուի կարմիր քթի սեղմումով փոխարինումը: Այդպես հնարանքը ներկայացման վերնագրի և լեյթմոտիվի ֆունկցիոնալ միջնորդն է դառնում:

Նկարչական ձևավորումը աչքի էր ընկնում նաև ակնահաճո թեք կտրվածքներով, և բեմի հաշվենկատ օգտագործմամբ: Բեմական տարածքը կոտրելով բավարավում են մոտավորապես բեմի կես մասով, իսկ փոքրածավալ տեղանքը կենսոլորտով լցնելն ավելի դյուրին է: Մանավանդ, որ Ժան Նշանյանի բեմադրական լուծումները առանձնապես նախանձելի չեն. դերասանների գործողությունները հիմնականում կամ միագիծ էին, կամ էլ արդարցաված լինելու խնդիր ունեին: Այդ թերությունը բեմական մթնոլորտը արհեստականությամբ է պատում, ինչին նպաստում էր նաև կերպարների միջև եղած խոսքային հարաբերությունների վակուումը: Գործող անձինք, արտաքուստ իրար հետ խոսելիս, չէին կարողանում մտքի սլաքներով փոխանակվել, իսկ դա պայմանավորված է դերակատարների կերպարային զգացողության խոչ ու խութերով:

Նարինե Պետրոսյան-Սալլիին խորթ է խաղային անցում հասկացությունը և ինքնաքարշության իներցիայով դերի մի մասից մյուսն էր սահընկում: Անհարմար դրության մեջ էր ընկնում նաև Արմեն Բարսեղյան-Լուն' թատերգության ֆաբուլան վարողի գործառույթը ստանձնելիս: Շոումենին բնորոշ թատերային վառվռունություն բերելու բոլոր ջանքերը ԽՍՀՄ ժամանակաշրջանի տոնածառի հանդեսի հետքեր ունեին: Հնամենիության խարանն անզեն աչքով նկատելի էր նաև Գլեդիսի դերակատար ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանի խաղեղանակում: Նրա ներկայացրած խստաբարո բժշկուհին իր լավագույն ընկերոջ կյանքը փրկելու փորձերը բրուկյան մեռյալ թատրոնի տիրույթում է իրագործում: ՀՀ վաստակավոր արտիստուհիներից թերի էր նաև Գոհար Իգիթյանի խաղը'բեմական խոսքի հնչողականության առումով: Հատկապես ձայնավորների վրա կիրառվող շեշտերի պահերին Մեգիի խոսակցական ակուստիկան խիստ ազգային հնչերանգ է ստանում, և տիպիկ ամերիկուհուն հայ քաղքենու առոգանություն պարտադրվում: Հուսախաբ անելու հարցում գործընկերներին միայնակ չի թողնում շնորհալի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը' Հիլլարիին կերպարավորելիս: Հետևին կցված բուֆոնադային բարեմասնությամբ բեմառաջքում խոսելու ժամանակ անձնավորումը արտահայտչական արգելակում է դրսևորում: Հայտնի չէ իհարկե հիպերբոլիկ հետույքի խորթ ներկայությու՞նն է արդյոք կերպարային կաշկանդվածության պատճառը: Բայց որ բեմադրիչն այդ քայլով ծիծաղի և լրջության միջև մուրացիկ գռեհկությանն է սահմանապահ կարգում, ակնհայտ է: Իսկ գրական հենքից ժառանգած վարունգի կծման երկսայր խոսքի լպիրշ ենթիմաստը սրելու մասին համեստորեն լռում ենք:

Լուիզա Ղամբարյանի խաղակերպը, ի տարբերություն դերակատարման առաջին հատվածի, շատ ավելի օրգանական էր բուժքրոջ տեղ ներկայանալու ընթացքում: Ճիշտ է, ատամնաշարը ցուցադրելու ծիծաղաշարժ հնարքով այս նույն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում իր կերպարով հանդես եկող դերասանուհու խաղաձևին է մերձենում: Սակայն անհերքելի է, որ ներկայացման կերպարային միակ հաջողված կետը Ջեքի համար նախատեսված այդ անակնկալային ձևացումն էր: Ձևացում, որ կենտրոնաձիգ առաքելություն ուներ ներկայացման մեջ ներգրավված ևս մեկ ՀՀ վասատակավոր արտիստին վստահված կերպարի համար: Ջեքի ներքին վիճակը ստեղծելիս Հրաչյա Հարությունյանը մեծ հաշվով չէր վրիպել. կենսասեր կնամոլը տեղեկանալով, որ արյան քաղցկեղով է հիվանդ, ակամայից սովորական արտասովորություններին է տրվում: Ինքնաբերաբար բացահայտում, որ ինքը պարզապես սիրահարված է կյանքի իրական իմաստին և փորձում որդու հանդեպ ունեցած ծնողական բացը լրացնել՝ ճակատագրին ուղղված ներքին բողոքը թաքցնելով հախուռն տեմպառիթմով կառուցված խոսքի հետևում: Շրջապատի ծաղրածուի կենսադերը կրող սրախոսի կարապի երգն է հնչեցնում, որը դրամատիկ հեգնանքով ձայնելու համար նրա խաղային հնարավորությունները զգայականորեն և՛ հակասում էին, և՛ չէին բավարարում:

Հակասում էր բարեկիրթ ցինիզմի արտահայտման օրգանականությանը, ինչը դերատեսակի անհամապատասխանության արդյունքն է: Բնատուր սրամտությունը զգալով հասկանալու նախապայմաններից է սուր զգացողությունների հանդեպ ունեցած հակումը, որն, անշուշտ, համարձակամտության արգասիք է: Հետևապես, խաղաղասեր մեղմակեցությամբ հայտնի Հրաչյա Հարությունյանը թեկուզև Մելպոմենեի ձեռքն էլ բռնած գա, միևնույն է, մեզ չի համոզի, թե ինքը, ադրենալինի մոլի սիրահար լինելով, հենց այդ ձաղկող տեսակն է: Բնականաբար, ամպլուային կոնտրաստի պատճառով բեմում դրսևորած նրա ծաղրը կերպարին ամերիկյան լկստված լածիրակի վարվեցողությամբ էր պարուրում: Իսկ հուզական ուժի սակավությունն առավելապես զգայելի էր դրամատիկ պահերին. թե՛ դիմախաղի անգործությամբ, և թե՛ խոսքի անկեդանությամբ:

Զգացմունքային պրկման գագաթնակետը իր բուժման հարցում որդու պահանջին ընդառաջելու տեսարանում էր: Տհաճ քիմիական բուժմանը հավանություն տալով' վստահ չէ, որ վարձահատույց կլինի: Չենք տեսնում հոգեբանական նրբերանգները, որոնք լինում են մահապարտների վարքագծում: Հոգեբանական այս իրավիճակին մելանխոլիզմին հարող հարությունյանական թախիծը համադրելի կլիներ, բայց դերասանը կորցրել է երբեմնի քաղցրավուն բեմական հմայքը' արտահայտչական սպառվածության կասկածներ հարուցելով: Պատկերավոր ասած, այսօր նա իր հոգեֆիզիկական կարգավիճակով նման է տարիների ընթացքում գլազուրից զրկված շոկոլադապատ թխվածքաբլիթին, որով անգամ մանուկներին չես գրավի: Ուրեմն պետք է ընդունել, որ դերասանական հումքն էլ վաղեմության ժամկետ ունի և տարիների վաստակը չստվերելու համար հարկ է ոճական և բովանդակային տվյալներով համապատասխանող դերերին մոտենալ:

Կերպարային համապատասխանության այդ խնդիրը հավասարապես առկա է նաև Հրաչյա Հարությունյանի գլխավոր խաղընկեր Լևոն Հախվերդյանի պարագայում: Ջեքի որդու' Ջադի դերում խաղային ազդեցիկության հույսը կերպարի լղարունության վրա է: Առավել ևս, որ հոր հետ ունեցած սենտիմենտալ վեճերի պահերին էմոցիոնալ թափը դավաճանում էր երիտասարդ դերասանին: Ներքին խաղամիջոցով արտաքին խաղաձևը չարաշահելով' կերպարին գերխաղի գիրկն է գցում: Այս փոխադարձ արհեստականության արդյունքում էլ բեմադրության համար առանցքային նշանակություն ունեցող դրամատիկ դրությունները զրկվում են արտաքին սրությունից ու ներքին խորությունից: Ներկայացումը անասելի ձանձրալի է դառնում, ինչից այն փոքրիշատե կփրկվեր, եթե զվարճասեր Ջեքի և ներամփոփ Ջադի կերպարները Ժան և Արման Նշաննյանները խաղային:

Առաջին հայացքից էքսցենտրիկ թվացող դիտարկումը հիմնավոր է առնվազն երկու դիտանկյունից: Նախևառաջ հայր և որդի Նշանյանները, տևականորեն բնակվելով ԱՄՆ-ում, առավել, քան որևէ մեկը դրամատիկական թատրոնի թատերախմբում սեփական մաշկի վրա զգացել են ամերիկյան կյանքի նրբություններն ու ամերիկացու առանձնահատկությունները: Եվ երկրորդ' սերունդների միջև մշտապես ծագող աշխարհահայացքային հակասությունները ի հայտ են գալիս նաև ծնողների և երեխաների հարաբերություններում: Նշանակում է, դեռևս Ի. Տուրգենևից ավանդվող խնդրահարույց իրավիճակի բեմական վերարտադրության համար ուղղակի գտնված է տվյալ դերասանների կենսագրական առավելությունը: Այստեղ է, որ ռոմանտիկական արվեստից սերող ինքնախաղը կարող է նպաստավոր լինել' խայտառակ տապալումից զերծ պահելով բարձրաճաշակ երաժշտական ձևավորում ունեցող ներկայացմանը:

Այս թեմայով