30 Հոկտեմբեր 2013, 14:25
2406 |

Ալբերտո Մուսսա. «Ձախ կողմի վարպետը»

Մի տեսակ կասկած կա, որ բարդույթի է վերածվել. չգիտես ինչու՝ շատերին թվում է, թե ռուսական թարգմանություններն ավելի լավն են, երբ մերոնք շատ հաճախ հակառակն են ապացուցել:

Սովոր ենք ասել, որ մի տեսակ ուշացած ժողովուրդ ենք, աշխարհի ժողովուրդներից անընդհատ հետ ենք ընկնում, ուշ ենք գլխի ընկնում, ուշ ենք յուրացնում, ուշ ենք թարգմանում, ու, ընդհանրապես, միշտ հետևողի կարգավիճակում ենք, ու շատ քիչ՝ կողք կողքի քայլող կամ առավել ևս առաջնորդ: Ու երևի սրա թելադրանքով է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ համաշխարհային գրականության որևէ գործ արդեն հայերեն կա, այնուամենայնիվ, մեր ընթերցողները նախապատվությունը տալիս են ռուսերեն թարգմանություններին:

Մի տեսակ կասկած կա, որ բարդույթի է վերածվել. չգիտես ինչու՝ շատերին թվում է, թե ռուսական թարգմանություններն ավելի լավն են, երբ մերոնք շատ հաճախ հակառակն են ապացուցել: Ու այդ առումով՝ միշտ մտածում էի, որ հարկավոր է համաշխարհային հատկապես՝ ժամանակակից գրականության որևէ լավ ստեղծագործություն ռուսներից առաջ թարգմանել հայերեն, որպեսզի այդ տաբուն վերջապես կոտրվի:

Եվ ահա առիթը ներկայացել է: Պորտուգալերենից Աննա Մարությանի հրաշալի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել բրազիլացի ժամանակակից գրող Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը» վեպը: Ընդամենը երեք տարի առաջ լույս տեսած այս ստեղծագործությունն արդեն հասցրել է արժանանալ Բրազիլիայի Ազգային գրադարանի մրցանակի՝ որպես տարվա լավագույն գեղարվեստական գիրք, նաև՝ Բրազիլական գրական ակադեմիայի մրցանակին: Ավելին՝ Ռիո դե Ժանեյրոյի «O Globo» թերթի ընթերցողները վեպը ճանաչել են որպես 2010-ին հրատարակված լավագույն բրազիլական գիրքը: Այս մրցանակների փաստը շեշտում եմ, որովհետև ռուսական հրատարակչությունների համար դրանք կարևոր գործոն են որևէ գիրք թարգմանելու համար: Բացառված չէ, որ շատ շուտով լինի ռուսերեն հրատարակությունը, բայց հայերենն արդեն կա՛:

Բրազիլական գրականությունն այսօր Պաուլու Կոելյոյով չափանշող աշխարհում ու, մասնավորապես, Հայաստանում, Ալբերտո Մուսսայի այս վեպը հաճելի անակնկալ կարող է լինել: Արտաքուստ հետևելով դետեկտիվ վեպի ժանրային այսպես կոչված՝ «դասական կանոններին»՝ Մուսսան ստեղծել է հոգեբանական հրաշալի մի գործ, որտեղ Ռիո դե Ժանեյրոյում 1913-ին տեղի ունեցած մի սպանության հետաքննության մանրամասները մարդ արարածին բացահայտում են բոլորովին նոր կողմերից՝ սարսափելիորեն նողկալի, բայց և՝ հիանալու չափ զարմանալի: «Հնարքների տուն» անունը կրող բժշկական հաստատությունն իրականում սեռական հաճույքների մի որջ է, որտեղ գիտնականներն ուսումնասիրում են մարդու սեքսուալ երևակայությունների անսահմանությունը: Եվ ահա տեղի ունեցած սպանությունը՝ նրանց ուսումնասիրությունները մղում են բոլորովին այլ հարթություն...

Մյուս կողմից՝ այս վեպով Ալբերտո Մուսսան փորձում է ստեղծել Ռիո դե Ժանեյրոյի՝ իբրև մեծ քաղաքի առասպելը, քանզի ինչպես ինքն է նշում՝ «քաղաքը բնութագրվում է հենց իր հանցանքներով»: Իսկ ընդհանրապես՝ «այս պատմությունը այն մարդու մասին է, ով նախ սպանում է, հետո՝ պարում: Զգույշ: Իսկական որսորդը նա է, ով գայթակղում է որսին»: Մի խոսքով՝ վեպ է, որ չես վերապատմի, որքան էլ ուզես: Կարդալ է պետք: Հայերեն:

Այս թեմայով