18 Հոկտեմբեր 2013, 14:20
1753 |

Ի խորոց սրտի խոսք առ մրսածոյ

Երբ տրամադրությունդ կախված է արևի երևալ-չերևալուց, երբ գիշերը ոչ թե ֆռֆռում, այլ սրթսրթում ես, ուրեմն հաստատ իմացի՝ դռան շեմին ձմեռն է չոքել:

Արևակեզ ամառվանից հետո առաջին իսկ ամպամած օրերը, ժամեր տևող միապաղաղ անձրևները, ականջների մեջ սվսվացող քամին ու խամրող արևը գուժում են դանդաղ, բայց վստահ քայլերով շտապող սառնամանիքի գալուստը: Ցուրտը գալիս է հանդարտ, ցուրտը իր երգն է երգում, ցուրտը թվում է թեթև, ցուրտն իր թևերն է բացում: Բացում ու տարածում այնպես, որ փոխվում է ոչ միայն մեր շնչած օդի ջերմաստիճանը, այլև տրամադրությունը, աշխատելու հավեսն ու նույնիսկ ախորժակը: Կամաց-կամաց սկսում ես դա հասկանալ, երբ…

երբ տնից դուրս գալն ավելի դժվար հաղթահարելի խնդիր է, քան տուն գալը
երբ թեյն ու սուրճը խմում ես տաք-տաք՝ ափերի մեջ պինդ պահած բաժակով
երբ գործած շարֆերի ու գլխարկների կողքով անտարբեր չես անցնում
երբ կորչում ես վերմակի ծալքերի մեջ ու անվերջ գրքեր կարդում
երբ տրամադրությունդ կախված է արևի երևալ-չերևալուց
երբ գիշերը ոչ թե ֆռֆռում, այլ սրթսրթում ես
երբ ալարում ես նույնիսկ ալարել, ու պատրաստ ես չդալարել
երբ դանդաղ ես մտածում, եթե, իհարկե, լրիվ չես սառել ցրտից
երբ ձեռքերդ չեն տաքանում, նույնիսկ երբ տաքացնող կա
երբ երազների գիրկը նետող մութը վախեցնող է դառնում
երբ տանը կինո նայելը գերադասում ես փաբում խմիչքի շշեր դատարկելուց
երբ մենակության նոպաները հաճախանում են, ուժգնանում ու ահաբեկում
երբ մազերդ կտրելու ժամանակը գալիս է, բայց չես կտրում, որպեսզի մեջքդ ծածկես
երբ սվիտրիդ թևերը ձգում ես այնքան, որ մատներդ ծածկի
երբ երակներն ավելի են ընդգծվում ճերմակ ձեռքերի վրա
երբ տնական ապուրը դառնում է ամենասիրելի կերակուրը
երբ շուրթերդ համառորեն ճաքճքում են՝ ի հեճուկս քո բոլոր ջանքերի
երբ հագուստիդ շերտերն ավելանում են սրընթաց արագությամբ
երբ օրեցօր ավելի ու ավելի փոքրանում ես
երբ չկաս…

Այս թեմայով