12 Հոկտեմբեր 2013, 12:18
1856 |

Երևան դարձած Գանգնամ սթայլ

Ամենաաշխույժը քաղցր բամբակի առևտուրն էր։ Հաջորդ տեղում ադիբուդին էր։ Բայց քյաբաբի գործը թեժ տասնյակի առաջին հորիզոնականում էր. բրդուճը` 700-1000 դրամ։

Էրեբունի արգելոց-թանգարան տանող պողոտան Երևանի 2795-ամյակին նվիրված միջոցառումների գլխավոր վայրն էր։  Ըստ տոնակատարությունների ցանկի` այստեղ ժողովրդական արվեստի գործերի, տարազների, խաղերի, խոհանոցի ցուցադրություն պետք է լիներ։ Ոստիկանական մեքենաները ճանապարհն արդեն փակել էին ու թույլ էին տալիս անցնել միայն հետիոտներին։ Հեռվից երևում էին կանաչ ծածկերով տաղավարները։ Պատկերացնում էի, որ մեկում խեցեգործներն իրենց հմտություններն են ցուցադրելու, մյուսում` ձեռքի աշխատանքներ, երրորդում` գեղանկար ու քանդակ։ Մշակութային ժպիտը դեմքիս, արվեստատենչ փայլն աչքերիս` շարժվեցի առաջ։

Սկզբի մի քանի տաղավարներում զովացուցիչ ըմպելիքների տեղադրման ջերմեռանդ արարողություն էր. անցա։ Հաջորդներում փոքրիկ սեղանիկների վրա հապճեպ իրար գլխի էին լցվում  փայլփլուն, պզպզան ու ռեզինից խաղալիքների, ադի-բուդիների, արևածաղկի տոպրակների, շաքարաքլորների, փուչիկների բուրգերը։ Մայր ու մանուկ իրար անցած` ուլունք-զանգուլակների, պսպղուն խաչերի ու թալիսմանների շարանները դասավորում, իսկ տղամարդիկ մանղալները դրած` կրակ էին վառում ու խորոված-քյաբաբի պատրաստություն տեսնում։ Մի պահ թվաց`հանդիսության վայրն եմ շփոթել. տոնակատարությունների ցանկը նայեցի. ամեն ինչ ճիշտ էր։  

Մինչև փողոցի մյուս ծայրը ձգվող տաղավարների շարքում սկսեցի արվեստի որոնումներս։ Խուռներամ բազմությունը, խաղալիքների ականջ ծակող պզպզոցներն ու ղռղռոցները, խորոված-քյաբաբի ծուխն ու հոտը ճեղքելով` առաջ գնացի, և, ո~վ զարանք, տեսնեմ  լուռումունջ իրար կողքի շարված մոլորվածների մի խումբ։ Զարմացան, որ իրենց տաղավարին մոտեցա։ Սեղանին շարված էին խեցեղեն, ձեռքի զարմանահրաշ աշխատանքներ, բատիկայի նրբերանգ նմուշներ։ Շփոթահար պատասխանեցին հարցերիս. «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցն ենք ներկայացնում»։ Խառնափնթոր, քաոսային միջավայրում շշմել-կանգնել էին։ Քիչ այն կողմ` շփոթահարների ևս մի տաղավար։ Այս մեկն էլ Թերլեմեզյանի անվան ուսումնարանինն էր. նկարազարդ կաշվե իրեր, ապարանջաններ, նկարներ ու քանդակներ` նրբաճաշակ, գեղեցիկ դասավորված։  Փուչիկների ամպերը վեր պահած` նապաստակի ականջները ճակատներին տնկած, ծաղրածուի կլոր կարմիր քիթը քթներին`տատիկ-պապիկներն անցնում ու կանչում էին` կլոունի քթերը վերջացա~ն, հատը՝ 500 դրամ։ 

Ամենաաշխույժը քաղցր բամբակի առևտուրն էր։ Հաջորդ տեղում ադիբուդին էր։ Բայց քյաբաբի գործը թեժ տասնյակի առաջին հորիզոնականում էր. բրդուճը` 700-1000 դրամ։ Ի~նչ ազգային տարազների ու նվագարանների, արվեստների ու արհեստների ցուցադրություն, ի~նչ Էրեբունի-Երևան-2795։ Տաղավարներից մեկում անասելի աշխուժություն էր, հենց այդտեղից  մոլեգնում էր «Գանգնամ սթայլ» երգը։  Բոլորը հրճվագին պարում էին տեսահոլովակի կորեացու նման։ Երգը վերջացավ, հանդիսատեսի պահանջով կրկնվեց, ցնծագին ճիչերը շարունակվեցին։

Շարունակեցի էքսկուրսիաս։ Ալոճ ու շաքարաքլոր վաճառող մի տատիկի հարցրի, թե ինչու է հենց այստեղ եկել։ «Բալա ջան, ուրդե կայնըմ եմ, մլիցեքը լարըմ են։ Էսօր ստեղ ձրի ա ու սաղին թողում են բան-ման ծախեն, լարող-մարող չկա, դրա համար էլ էկել եմ։ Գոնե մի-էրկու կապեկ առնեմ, էս ապրանքի պարտքը փակեմ, վերս ա մնացել։ Թե չէ տոն-մոն չեմ իմանըմ։ Ո՞վ հավես ունի»,- տրտնջաց։ Էլի մի քանի մանրավաճառներ ներկայացրին չարչիական առևտրի ներքին խոհանոցը։ Այս առևտրականներին թույլ չեն տալիս իրենց ապրանքը վաճառել, նրանք էլ կամ մարզեր են գնում կամ էլ սպասում այս կամ այն եկեղեցու ուխտի օրերին, որպեսզի գոնե այդ օրն անարգել առուծախ անեն։ Տեղեկանալով, որ Էրեբունի -Երևանի  տարեդարձին նվիրված տաղավարային ցուցահանդես-վաճառք է նախատեսված, տան քունջուպուճախներից հանել-բերել էին ունեցած-չունեցածն ու վաճառում էին։

Չնայած ուռճացված գներին` փուչիկներն էին լավ վաճառվում. սովորականը` 100-200, «իմպրտնին»` 700-800 դրամով։ Մանղալների մեջ փայտի վերջին կտորներն էին ածխանում, քյաբաբացու միսը վերջացել էր։ Թերլեմեզյանակաների ու տերտերյանականների ստեղծագործություններն իրենց տեղում էին։ Կրծմրծած լավաշի, մսի, թթու վարունգի մնացորդներով և օղու դատարկ շշերով ծածկված  սեղանի շուրջը գինովցած տղամարդիկ էին նստած։ Նրանցից մեկը բղավում էր. «Էս վերջին բաժակն ա. արաղը պրծավ. էկեք էս էլ խմենք մեր Երևանի կենացը, էսօր իրա ծնունդն ա, ես իրա ցավը տանեմ»։

Հեռվից-հեռու «Գանգնամ սթայլը» շարունակում էր մոլեգնել։

Այս թեմայով