05 Հոկտեմբեր 2013, 17:08
1226 |

Վարդապետաց օրը

Ուսուցչի օրը մտորելու և ունեցածը վերագնահատելու առիթ է: Ուսուցչի և աշակերտի զրույցին է սպասում մի ամբողջ ազգ:

Աստվածաշնչյան հերոսների հերոսը աստծո որդին է` բոլոր ժամանակների կատարյալ ուսուցիչը: Տողերի տակից դուրս սահող պատկեր՝ պատառոտված հագուստի ծայրերը լիզում են հողոտ արահետների քարերը, թփերին թողնելով մի ծվեն այդ հագուստից: Նա քայլում է բոբիկ՝ վերքոտ ոտքերը դժվարությամբ գետնին դնելով: Հետևից քայլում են նրա տասներկու աշակերտները՝ արևահար, գլխիկոր, երկար ճանապարհից փոշոտված հողագույն մաշկով: Նրա խոսքը դյութող է, ապրեցնող, մաքրագործող: Աշակերտների համար երկրի վրա գոյություն ունեցող ոչինչ ավելի թանկ չէ, քան իրենց ուսուցչի խոսքը:  Կա՞ ավելի երանելի վիճակ ուսուցչի համար, և կա՞ ավելի երջանիկ զգացողություն աշակերտի համար:

Մատենադարանի առջևի Մաշտոցի և Կորյունի արձանը ուսուցչին և աշակերտին խորհրդանշող կատարյալ խորհրդանիշ է, գտնված է սովորողի և սովորեցնողի հոգեբանական և ֆիզիկական կերպը: Ուսուցիչը բարձր դիրքում է, աշակերտը՝ խնդրողի: Ուսուցիչը ձեռքերը վեր են պարզած, նա հաղորդակից է տիեզերքին և աստծուն: Աշակերտը ծունկի է իջած ուսուցչի և նրա իմացության առաջ, խնդրում է  մոտենալ  իմացության դռներին, քանզի մտածելը համարվում էր բարձրագույն շնորհ, իսկ ուսուցիչը` աստված: Ու որքան բացվում են աշակերտի առաջ իմացության դռները, այնքան տեղին է Սոկրատեսի միտքը` «ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Դժգոհությունը իր իմացությունից գրգիռ է դեպի նոր գիտելիքները:   

Շնորհավոր այն ուսուցիչների տոնը, ում համար սովորեցնելու ընթացքը հաճույք է, ում համար լիցքավորվելը սեր բաժանելն է, ում դպրոցում սպասում է իր աշակերտը:

Այս թեմայով