30 Սեպտեմբեր 2013, 14:18
2178 |

Ֆլոյդը՝ Pink Floyd-ի մասին

1967-ին հենց Pink Floyd խումբն էր, որը ստեղծեց ռոքային նոր ուղղություն՝ առանձնանալով լոնդոնյան մեյնսթրիմից: Ֆլոյդային դաստիարակությունը մինչ օրս էլ հստակ զգացվում է տարբեր խմբերի ու երաժիշտների գործերում: Ապրում է նրանց հիշատակը, ուրեմն ապրում են և նրանք:

Երբ ինձ առաջարկեցին նյութ պատրաստել երևանյան փաբերից մեկում Pink Floyd-ի հիսունամյակին նվիրված միջոցառման մասին, իրավունք չունեի մերժել: Ու նույնիսկ այն փաստը, որ Pink Floyd-ը հիսուն տարեկան է դառնալու միայն երկու տարի հետո, ինձ չխանգարեց մասնակցել նրա արտահերթ հիսունամյակին: Գաղտնիքը պարզ է.արդեն երկար տարիներ ինձ դիմում են հենց այդպես «Ֆլոյդ»:

Նորաբաց փաբում առաջին անգամ էի: Պսիխոդելիկ արվեստը, որով նաև ոգեշնչված էին Floyd-ի անդամները, կազմում էր ինտերյերի գերակշիռ մասը: Փաբի երտասարդ սեփականատեր Կառլենը պատմեց, որ դիզայնը հենց ինքն է հեղինակել: Լինելով թե՛ Pink Floyd-ի, թե՛ առհասարակ 60-70-ականների երաժշտության մեծ սիրահար՝ Կառլենն ամեն ինչ արել է, որպեսզի փաբն ունենա հենց այդ շունչը:

Pink Floyd-ի հիսունամյակի միջոցառումը բավականին հետաքրքրիր էր մտածված. անբեկանելի պայման էր դրված անվճար կոկտեյլ ցանկացողների համար: Նրանք պետք է ներկայացնեին որևէ ատրիբուտ՝ կապված Pink Floyd-ի հետ: Անվճար կոկտեյլի սիրահարները հիմնականում ֆլոյդային վերնաշապիկներով էին եկել, սակայն կային նաև ինքնատիպ մտահղացումներ, օրինակ՝ մեկդոլարանոց, որի վրայի բուրգի պատկերը ձևավորված էր «Dark Side of the Moon» ալբոմի ոճով: Անձամբ ես ինձ հետ բերել էի իմ «նիքնեյմը»՝ միանգամայն արդարացի կերպով վաստակելով իմ բաժին անվճար կոկտեյլը:

Սիրելի խմբի ծննդյան երեկույթը բացեց «Pink Floyd – Live at Pompeii» համերգի դիտումը:Կառլենը խոստովանեց, որ իրոք զարմացած է ներկաների թվից' ոչ մի ազատ սեղան չկար, ինչը բավականին հազվադեպ տեսարան է նորաբաց փաբի համար: Գաղտնիքը, իհարկե, երաժշտության մեջ էր: Պարզվեց, որ «ֆլոյդամաններն» այդքան էլ պասիվ փաբիստներ չեն, ավելին՝ առիթը բաց չեն թողնում ներկա գտնվել իրենց սիրելի խմբին վերաբերվող միջոցառումներին: Նույնիսկ այն հանգամանքը, որ ներկաներից գրեթե բոլորը արդեն բազմիցս տեսել էին այդ համերգը, չխոչընդոտեց ևս մեկ անգամ նույն հաճույքով ունկնդրել այն: Անձամբ ես՝ Ֆլոյդս, հիանալի գիտեմ՝ Pink Floyd-ը երբեք շատ չի լինում:

Այս թեմայով